Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՏՍ ԹՈՂԵԼ ԵՄ ՍԱՀՄԱՆԻՆ



ՍԻՐՏՍ ԹՈՂԵԼ ԵՄ ՍԱՀՄԱՆԻՆԵվ ո՞վ է քո հերոսը,- հարցնում եմ զինվորին. նրա ձեռքին մի վկայական կա, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ավագ սերժանտ Հայկ Հովհանյանը 1-ին մրցանակ է շահել «Ես գտա իմ հերոսին» վերտառությամբ շարադրության համաբանակային մրցույթում:

Հայրենիքը,- պատասխանում է տղան: Նա նոր է զորացրվել: Բանակից բազմաթիվ պատվոգրեր ու զանազան պարգեւներ է բերել հետը` «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»: Իսկ այս մեկըՍա արդեն լուրջ ձեռքբերում է զինվորի համար` «Մարշալ Բաղրամյան» մեդալ:

Ես շատ եմ սիրում այս մեդալը,- տուփը բացել, հանել եմ մեդալն ու փորձում եմ ամրացնել ամառային շրջազգեստիս կրծքին: Տղան նայում է լայնաշուրթ ժպիտով:

Ես երկու փառահեղ մեդալ ունեմ` «Դրաստամատ Կանայան» եւ «Գարեգին Նժդեհ»,- սիրտս բացում եմ զինվորի առաջ: –Ինձ ներկայացրել էին նաեւ «Մարշալ Բաղրամյան» մեդալի, բայց պարզվեց, որ «Անբասիր ծառայության» մեդալս վերջերս եմ ստացել, ու «Մարշալ Բաղրամյանը» առայժմ երազանք է ինձ համար:

Անպայման կստանաք,- ասում է տղան, ու կապտականաչ աչքերը ավելի են լուսավորվում:

Դուք սխրա՞նք եք գործել սահմանին: –Արդեն մեդալը կախել եմ շրջազգեստիս վրա ու մեդալին վայել դեմքի արտահայտությամբ տղային եմ նայում:

Չէ՛, պարզապես շատ սիրեցի բանակը ու անմնացորդ եմ ծառայել:

Տղան բարձրահասակ է, մուգ խարտյաշ մազեր ունի, մաշկը ցորնագույն է, աչքերի կապտականաչ լույսը տարածվել է դեմքով մեկ: Հայացքի մեջ ինչոր ընդգծված ազնվություն կա, ինչոր ամուր արժանապատվություն, որ բառերով դժվար է նկարագրել:

Հայրենի՞քն է քո հերոսը,- վերադառնում եմ կիսատ մնացած զրույցին: Տղան գլխով է անում:

Հայրենիքն է քեզ ստիպում հերոսանալ: Նա ամենասովորական տղային, ամենաաննշան մարդուն կարող է սխրագործ դարձնել: Հայրենիքը կարող է փոխել կյանքդ:

Հանկարծ ուղեղիս մեջ միտք է ծագում: 

Եթե շարադրության մրցույթում կարողացել ես առաջին մրցանակ շահել, ուրեմն` լավ պատմող ես: Դու կպատմես, իսկ ես կլսեմ: Համարիր, որ մի շարադրություն էլ իմ հանձնարարությամբ ես գրում:

Թեման ասեք,- պատասխանում է Հայկը` մարտահրավերն ընդունողի վճռականությամբ:

Ես եմ»:

♦♦♦ 

Ես ծովի պատկերը հոգուս մեջ եմ ծնվել: Մարդիկ ասում են, որ տարիներ առաջ Սեւանի ջրերը ողողել են մեր գյուղի ափերը: Հետո ջրերը կամացկամաց հետ են քաշվել, բայց կապույտը, անսահման խաղաղությունը չի լքել մեզ, ու լիճքեցիները հանդարտ են, իմաստուն, միշտ իրենց ափերի, իրենց հունի մեջ:

Կարող եք ժամերով քայլել Լիճքի փողոցներով ու ոչ մի տղամարդու չհանդիպել, որովհետեւ տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է: Ընտանիքները թողած գյուղում` գնացել են Ռուսաստան՝ փող աշխատելու: Բայց նրանք չեն հեռանում անվերադարձ, ծովի նման՝ ուր էլ հասնեն, ինչ ափեր էլ ողողեն, նորից վերադառնում են իրենց հունը, խաղաղություն են  գտնում սեփական ափերի ներսում: Ես Լիճքում եմ մեծացել: Մայրս դպրոցում աշակերտներին սովորեցնում էր ալպիական մանուշակի գեղեցկությունը տեսնելուց բացի զգալ նրա ցավը: Հայրս ստուգում էր Լիճքի կովերի կաթի որակը: Ես ֆուտբոլ էի խաղում, դպրոցի բոլոր առարկաները հավասարապես չէի սիրում, փոխարենը հաճախակի սիրահարվում էի դասընկերուհիներիս: Իսկ երբ մի քիչ մեծացա, ու ոտքս ընկավ Երեւան, «սիրուս» աշխարհագրությունը մեծացավ:

Ինձ ոչ ոք չի դաստիարակել, ոչ ոք չի փորձել փոխել կյանքիս հունը, ինչոր երազանքներ, նպատակներ չի ներարկել ինձ, գլխիս քարոզ չեն կարդացել: Նույնիսկ, երբ արդեն բարձր դասարանում էի սովորում, չեն հարցրել, թե ինչ եմ ցանկանում դառնալ, որովհետեւ ես «ինչոր բան դառնալու» առանձնակի ցանկություն չունեի: Իմ ներկան այնքան էր ինձ գոհացնում, որ ապագայի մասին մտածելու ցանկություն չկար: Հետոհայրս հիվանդացավ, կորցրեց տեսողությունը: Իմ կյանքի մեջ նոր բառեր մտան` աշխատանք, հոգս, պարտականություն: Ու այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել բանակի մասին: Հոգսը զարմանալի հատկություն ունի` ստիպում է քեզ նկատել մյուս բոլոր մանր ու մեծ հոգսերը, որոնց մասին մինչ այդ չես էլ հիշել: Չեմ կարծում, թե երկարբարակ բացատրելու կարիք կա, թե ինչ անուղղակի առնչություն ունեն հորս հանկարծակի հիվանդությունն ու ռազմական հոգեբան դառնալու որոշումս: Ես ընդունվեցի ռազմական հոգեբանության ֆակուլտետ: Կես տարի հետո զորակոչվեցի: Ամեն մեկը տղամարդ դառնալու իր ճանապարհն ունի: Ու զարմանալի կլիներ, որ իր խաղաղ ու անհոգ հունը թեքած իմ կյանքում չհայտնվեր ճակատագրական սերը: Աշխարհի ամենալավ աղջիկը` Ալվինա անունով:

Տանել չեմ կարող սրտաճմլիկ տեսարանները: Ալվինային հրաժեշտ տվեցի կեսգիշերին` մի քանի րոպեում, որ չհասցնի լաց լինել: Ծնողներիս չթողեցի նույնիսկ հետս զինկոմիսարիատ գալ: Ես անուղղելի լավատես եմ: Իմ հոգին պատրաստ է ամեն բան վերածելու ուրախության: Զորամաս հասնելու ամբողջ ճանապարհին իմ բանակի քեֆի առաջին կենացն եմ հիշել.

«Հայկը մեծացել է, անփորձանք հասել է զինվորանալու տարիքի, առողջ է ու զինվոր է դառնալու»:

Ես իսկապես երջանիկ էի այն մտքից, որ ոչ մի փորձանքի չեմ եկել մինչեւ բանակ գնալս, ոչ մի հիվանդություն չունեմ, ու ինձ էլ են ընդգրկել ապագա զինվորների շարքում: Այդպես երջանիկ էլ հասա զորամաս: Ու հենց առաջին օրը հասկացա, որ սա իմն է: Սա իմ աշխարհն է, համազգեստը, զենքը, վարժանքները, ռեժիմը, դիրքը, սահմանը, դիրքապահ Զոհրաբ Հակոբյանը: Մի անգամ ասացի, նորից եմ կրկնում` ես անմնացորդ եմ ծառայել: Միայն իմ պարտականությունները չէ, որ կատարել եմ բծախնդիր ջանասիրությամբ, այլ արել եմ, ինչ կարողացել եմ, չեմ ասել` սա իմ գործը չէ: Ես տրվե՛լ եմ ծառայությանը, զինակից ընկերներիս: Ու դա արել եմ ոչ թե որպես զոհողություն` հանուն հայրենիքի, այլ որպես վայելք, սիրով եմ արել: Երբ ես դիրքի ավագ եմ եղել, իմ պահած դիրքը գրեթե միշտ լավագույն դիրք է ճանաչվել: Ինքս մեկ անգամ չէ, որ լավագույն դիրքապահի կոչմանն եմ արժանացել: Բանակն իմ աշխարհն է, դիրքը` իմ ամենասիրելի անկյունը այդ աշխարհում: Բանակ գնալիս մի կաթիլ արցունք չեմ թափել, բայց զորացրվելիս լաց եղա: Ընկերներիս հրաժեշտ տալիս երեխայի պես լաց եղա: Չգիտեմ` պատմեմ, թե չէ: Թե ինչ սրտաճմլիկ հրաժեշտ տվեցի իմ պահած դիրքին, իմ զինվորական մահճակալին, զենքիս, զորամասիս

Ապրիլյան պատերազմի օրերին հաստատ որոշեցի, որ զինվորական եմ դառնալու: Դիրքավորվել սպասում էինք: Վայրկյան առ վայրկյան սպասում էինք, իսկ նրանք չէին գալիս: Հետո խառը կրակեցինք իրար վրա: Երկու կողմից էլ վիրավորներ եղան: Փառք Աստծու, զոհ չունեցանք, եւ բոլորս հասկացանք, որ զորամասի անթերի  կարգապահությունը, եւ այն, որ մեզ ստիպում էին «ճկռել» պարապմունքների ժամանակ, երաշխավորեցին մեր անկորուստ ու հաղթական կռիվը:

Ես չգիտեի, որ զորացրվելուց հետո կարոտելու եմ բանակը: Երբ 6 ամիս ծառայելուց հետո արձակուրդ եկա, 5 օր հետո հորս ասեցի, պա՛պ, ուզում եմ հետ գնամ: Ուզում էի արձակուրդս կիսատ թողած զորամաս վերադառնալ:

Հիմա տանն եմ: Ինձ թվում է՝ ապագայից անցյալ եմ վերադարձել: Տեսողությունը կորցրած հայրս, բնականաբար, պիտի թույլ չտար, որ իր միակ տղան հեռանա տնից ու ապրի զինվորականի կյանքով: Բայց իմ սիրտը թողել եմ սահմանին, դիրքապահ տղերքի մոտ: Օրեր առաջ հանդիպեցի վաշտիս հրամանատարին` Արմեն Սարգսյանին: Թվում էր` կարոտս կառնեմ, բայց ավելի կարոտեցի, բանակային անուշ օրերը եկան, լցվեցին ներսս, տարան ինձ: Հիմա այնպիսի զգացողություն ունեմ, ասես՝ կանգնած եմ մեծ ճամփաբաժանին: Ու պիտի կյանքիս ամենակարեւոր որոշումն ընդունեմ:

♦♦♦

Ես զարմանքով հասկանում եմ, որ ընթացքում ոչ մի բառ չեմ խոսել, ոչ մի հարց չեմ տվել, չեմ ընդհատել: Հետո վախեցած նայում եմ սեղանին դրված բոլորովին սպիտակ թղթերին: Գրիչը սեղանից սահել` ընկել է ցած, ու մոտերքում խաղացող փոքրիկ տղան բազմագույն գնդակները թողած` գրիչս խնամքով ուսումնասիրում է: Ես մոտենում եմ, որ վերցնեմ գրիչս, բայց հետո հասկանում եմ, որ այն ինձ այլեւս պետք չէ: Ու պիտի ապավինեմ սրտիս սղագրությանը:

Ի՞նչ ես դառնալու, որ մեծանաս,- հարցնում եմ` շոյելով փոքրիկի սափրած գլուխը:

Զինվոր եմ դառնալու,- ասում է ու զգուշորեն ձգում ծաղկավոր շրջազգեստիս վրա ամրացված «Մարշալ Բաղրամյան» մեդալը:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ


02/08/2017