ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ
Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա շրջում է հավաքակայանում, հետաքրքրվում զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, խորհուրդներ տալիս՝ լինել պատասխանատու, ամեն քայլ կատարելուց առաջ կշռադատել .«Վստահ եմ, որ շատ լավ կծառայեք, եւ ձեր կյանքի լավագույն հիշողությունները կապված են լինելու հենց բանակի հետ»:
Փոխնախարարը հանդիպում է նաեւ զինվորների ծնողների հետ, լսում նրանց մտահոգող, հուզող հարցերը եւ վստահեցնում՝ ոչ մի խնդիր անարձագանք չի մնա:
♦♦♦
Հանրապետական հավաքակայանի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանին խնդրում եմ ներկայացնել՝ ինչպես ընթացավ ամառային զորակոչը:
–Ամեն ինչ հստակորեն կազմակերպվել է՝ նորակոչիկների դիմավորում–ընդունումից մինչեւ ծառայավայրի մեկնում: Նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են, պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները աշխատել են անթերի, պլանային առաջադրանքը կատարվել է,-նշում է գնդապետն ու շարունակում: –Մեր զինվորները հոգեբանորեն պատրաստ են մեկնում բանակ: Չեմ կարող չշեշտել՝ Ապրիլյան քառօրյայից հետո ոգին ավելի բարձր է:
♦♦♦
Այցելում եմ բուժկետ: Եղեգնաձորից ժամանած զորակոչիկները բուժզննում են անցնում:
–Այստեղ կատարվում է վերջնական բուժզննություն, մեր նպատակն է հայտնաբերել պաթոլոգիաներ, որ կարող են զարգանալ կարճատեւ ժամանակահատվածում, ուսումնասիրում ենք զորակոչիկների բժշկական թղթերը,- ասում է հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության մայոր Վադիմ Էլիզբարյանը: –Զորակոչից զորակոչ մշտապես նորամուծություններ են կատարվում: Եվ ակնառու է դրական տեղաշարժը: Արդեն մի քանի տարի է, որ պատվաստումներն արվում են ոչ թե բանակ զորակոչվելուց անմիջապես առաջ, այլ նախապես՝ տարածքային պոլիկլինիկաներում, ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդացումներից: Զորակոչիկներն այս զորակոչից սկսած՝ սնվում են հավաքակայանում, ինչն արդեն իսկ բացառում է սննդային թունավորման աճը: Ամռան շոգին հատկապես մսեղենը, կրեմով թխվածքները նախկինում թունավորումների լուրջ պատճառ էին դառնում:
♦♦♦
Հավաքակայան սնունդ չի բերվում, դրա կարիքն այլեւս չկա, եւ չի թույլատրվում:
Հավաքակայանի ճաշարանում կերակուրների բազմազանություն է:
–Ամեն օր երկու տեսակի աղցան, 2 տեսակի մսեղեն…,- «զինվորական մենյուն» է թվարկում սննդապահովման հարցերով զբաղվող «ԼԱՐՍ» ՍՊԸ–ի ղեկավար Արթուր Պռազյանը,- հայկական ճաշատեսակների վրա ենք հիմնական շեշտը դնում:
Իսկ հավաքակայանի ճաշարանում խորոված էլ են տալիս, քյուֆթա…
Տղերքից մեկը սրամտում է ՝ էսքան բան կա, մնում է մի օղի էլ տաք, կլինի ռեստորան…
♦♦♦
Վիճակահանության սենյակում ռազմական ոստիկանության պահպանության եւ սպասարկման վաշտի առաջին դասակի հրամանատար Հայկ Հովհաննիսյանը զորակոչիկներին հանձնում է համապատասխան տառերը, երիտասարդները իրենց տառին համապատասխան թմբուկներից հանում են զորամասի տեղակայման վայրը:
Զրուցում եմ տղաների հետ. Սամվելը Վոլգոգրադից է եկել. «Մեկ տարեկան եմ եղել, երբ գնացել ենք Հայաստանից, եւ այսքան տարի բացակայելուց հետո վերադարձել եմ: Ուրախ եմ, որ հայրենիքիս պետք է ծառայեմ»: Րաֆֆի Վարդանյանը Կրասնոդարից է եկել՝ միայն ու միայն ծառայելու նպատակով. «Քեռիս զինվորական է, փոխգնդապետ, եղբայրներս բոլորն էլ ծառայել են, հիմա իմ հերթն է»: Էդգար Խաչատրյանը եւս Ռուսաստանից է եկել պարտքը կատարելու:
Մովսես Գրիգորյանը երաժիշտ է. «Սովորում եմ Գավառի երաժշտական քոլեջում: Զորամասում էլ տղերքի համար կերգեմ, երգն էլ է ուժ տալիս, ոգեւորում, զենքին հավասար ուժ ունի»,- նկատում է Մովսեսը: Գարեգին Զախարյանը Ղափանից է. «Բարձր տրամադրությամբ գնում ենք ծառայության»:
♦♦♦
Համազգեստն ստացան, զինվորական առաջին կերակուրը համտեսեցին, ծառայավայրն էլ ընտրեցին: Ծառայության մեկնելուց առաջ Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի եւ կենտրոնական հավաքակայանի հոգեւոր սպասավոր Տեր Սամուել քահանա Սարգսյանը օրհնանքի խոսքերով, Տիրոջ խրատներով ու պատվիրաններով «զինելով»՝ տղաներին ճանապարհում է զինված ուժեր` «Բարձրյալ Աստծու հովանու ներքո մեր երկրում խաղաղություն լինի, թող Աստված զորակցի, օրհնի եւ պահպանի մեր զինվորներին, մեր հայրենիքը, ամբողջ աշխարհը…»:
♦♦♦
Շուտով զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները կշարժվեն մեր հայրենիքի տարբեր անկյուններ: Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ասրյանը վստահեցնում է՝ «Ճանապարհներն ապահով են: Ռազմական ոստիկանները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ զորակոչիկներին ուղեկցում են զորամասեր: Մեր հերոսներին ենք ճանապարհում: Ամեն զինվոր մի հերոս է»,- հավելում է փոխգնդապետը:
♦♦♦
Շարժվում են ավտոբուսները, ծնողները ջանում են մի վերջին անգամ տեսնել զինվոր որդու դեմքը, որսալ հայացքը: Դժվարանում են:
Շարժվող ավտոբուսի հետեւից մի տարեց կին խաչակնքում է.
–Բոլորն էլ մեր զավակներն են, Աստված ձեզ պահապան, զինվորնե՛ր ջան…
Աստված պահապան, հերոսնե՛ր ջան…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում