ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՈՒՄ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Օրերս 4րդ բանակային կորպուսի ենթակա N զորամասի մարտական հենակետերից մեկում, տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Արարողությանը մասնակցում էին բանակային կորպուսի հրամանատար՝ գնդապետ Վալերի Քոչարյանը, բարձրաստիճան սպաներ, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, Խաչիկ, Գլաձոր, Աղավնաձոր համայնքների ղեկավարները:
Հոգեւոր առաջնորդն իր քարոզում կարևորեց մարտական հենակետերում մատուռների առկայությանը: Ըստ նրա՝ «Մատուռը դարձել է զինվորի հոգեհարազատ ու սիրելի վայրը: Հենց այստեղ է, որ նա վերագտնում է հոգու խաղաղությունն ու անդորրը, հաշտվում իր ծառայակիցների հետ, թոթափում ծառայական հոգնությունը, մխիթարվում, լցվում նոր եռանդով ու զորությամբ»:
Ներկաներին շնորհավորեց նաև բանակային կորպուսի հրամանատարը: Նա իր ելույթում հաստատեց այն ճշմարտությունը, որ զինվորը մատուռից դուրս է գալիս հոգեպես ու բարոյապես առավել կայուն և ուժեղ` ապավինած Աստծո զորությանը: Հենց այսպիսին է անպարտելի զինվորը` զենքը ձեռքին, քաջությունը սրտում, աղոթքը՝ շուրթերին:
Արարողության ժամանակ հոգևոր և հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարմամբ հանդես եկան Խաչիկ գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մանկական երգչախմբի սաները՝ գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի ղեկավարությամբ:
Մատուռի կառուցման, ինչպես նաև, զորամասում հոգևոր արժեքների տարածման ու ամրապնդման կապակցությամբ, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Քարտաշյանին և վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միքայել Բադալյանին Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արժանացրեց «Օրհնության գրերի», իսկ հենակետի անձնակազմը արժանացավ զորամասի հրամանատարության պատվոգրերին:
Մարտական հենակետում կառուցված մատուռը անվանակոչվեց «Սուրբ Խաչ»՝ այն հաստատուն հավատքով, որ Քրիստոսի Սուրբ Խաչը զորավիգ է հայոց սահմաններին:
Հավարտ արարողության, զորամասի հրամանատարության կողմից հյուրերին մատուցվեց մատաղ:
4-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ