Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱԺԵՇՏԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ



Հուլիսի 30-ին տոն էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հանդիսավոր արարողությամբ հետագա զինվորական ծառայության էին ճանապարհում այս տարվա չորրորդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտներին։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների պետեր, ինչպես նաեւ ազգային բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ։

Երբ անձնակազմը շարված էր հանդիսավոր տողանի, դրոշակակիր դասակը շարահրապարակ բերեց ինստիտուտի մարտական դրոշը։

Ուղիղ ժամը 9։30-ին ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց հանդիսավոր արարողության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին։

Ընդունելով զեկույցը` նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց անձնակազմին։ Պատասխան ողջույնից հետո, երբ նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմին հերթական ավարտական արարողության կապակցությամբ, ի պատասխան անձնակազմը հնչեցրեց հաղթական «հուռան» եւ կատարեց հանրապետության օրհներգը։

Այնուհետեւ սկսվեց սպայական վկայականների հանձնումը երիտասարդ սպաներին։ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների եւ պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտներին անձամբ սպայական վկայականներ հանձնեց նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նաեւ լուսանկարվեց շրջանավարտների այդ խմբի հետ։ Սպայական վկայականները շրջանավարտներին հանձնեցին նաեւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետերը։

***
Հաջորդ տպավորիչ իրադարձությունը շրջանավարտների հրաժեշտն էր՝ ծնկած հարազատ ինստիտուտի մարտական դրոշին, ինչպես նաեւ հրաժեշտի երգը՝ տեղում կատարված խրոխտ քայլքով։

Շրջանավարտների հրաժեշտի պահը եւ հետագա զինվորական ծառայության անցումը օրհնեց ազգային բանակի հոգեւոր հովիվ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ելույթ ունենալով, միջոցառման մասնակիցներին, երիտասարդ սպաներին վերջին պատգամը հղեց ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը։

-Մեծ հույսերով, սպասումներով ու խանդավառությամբ ենք ձեզ ճանապարհում, եւ դուք պետք է բարձր պահեք ազգային բանակի սպայի, համազգեստի, զինվորական ուսադիրների պատիվը,- իր խոսքում ասաց գեներալ-մայոր Մ. Կարապետյանը։

Շրջանավարտների անունից իրեն կրթելու, կոփելու, դաստիարակելու եւ ռազմարվեստի գաղտնիքներն ուսանելու համար պաշտպանության նախարարությանը եւ ինստիտուտի ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց լեյտենանտ Պողոսյանը։

Նշանակալի իրադարձության առթիվ ներկաներին շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ մեր բանակում լիովին կայացել է ռազմական ուսուցման համակարգը, եւ մեր բուհերի շրջանավարտները լավագույնս են տիրապետում ռազմական գործին, իրենց մասնագիտությանը, եւ կարեւոր ու պատասխանատու հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում։ Նշելով, որ ժամանակակից ռազմարվեստում թեեւ կրճատվել է տարածության ու ժամանակի գործոնը, սակայն դրանց զուգահեռ աճել է մարդու՝ գրագետ, բանիմաց սպայի դերը։ Նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեզանում մշակվում է սպայի առաջխաղացման ճկուն ու թափանցիկ մեխանիզմ։ Կարեւորելով բանակում երիտասարդների եւ փորձառուների համագործակցության խնդիրը, նախարարը նշեց.

-Դուք համալրելով ՀՀ զինված ուժերը նոր ու հաստատուն քայլերով` զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը։ Սպա լինելն աշխարհայացք է, իսկ զինվորական լինելը՝ ապրելակերպ։ Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու։ Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զինվորականների փայլուն համաստեղությունը։

Նախարար Ս. Օհանյանն անդրադարձավ նաեւ սպաների սոցիալական խնդրին եւ նշեց, որ դրանք եղել եւ մնալու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։

Տոնահանդեսն ավարտվեց ռազմական ինստիտուտի անձնակազմի հանդիսավոր երթով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/08/2011