ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրել են ոչ ադրբեջանցիները և առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Քեյսի Միշել անունով մի ամերիկացի քաջություն է ունեցել բացահայտելու այս կեղծիքը՝ «Ադրբեջանի կողմից ամերիկյան լրատվամիջոցների չարաշահումը» խորագիրը կրող ծավալուն հոդվածում: Նա ընդարձակ հետազոտություն է իրականացրել՝ ադրբեջանամետ հեղինակներից մի քանիսին կապելով Ադրբեջանի լավ ֆինանսավորվող լոբբիստական գործունեությանը:
Փորձելով «մաքրազերծել իր բռնապետական կերպարը… Իլհամ Ալիևի բռնակալական կառավարությունն ասպարեզ է հանել իրականությունը չարափոխող մասնագետների, խաբված թղթակիցների` փորձելով խախտել ամերիկյան լոբբիստական օրենքները, ավելի, քան որևէ մեկ այլ կառավարություն»,- գրել է Միշելը:
Այդ վարձու գրողներից մի քանիսը փառաբանում են Ադրբեջանը և մոլորեցնում հանրությանը` հանդես գալով իբր երրորդ անաչառ կողմ, որ օբյեկտիվորեն են գնահատում Ադրբեջանում տիրող իրավիճակը: Մինչդեռ, իրականում, այս «գրողները» ադրբեջանական վարչակարգի կամ դրա պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի վճարացուցակում են: Ահա որոշակի օրինակներ.
Նախկին կոնգրեսական Դեն Բերտոնը, որը վարձատրվում էր Ադրբեջանի` ամերիկյան դաշինքը ղեկավարելու համար, առնվազն երեք սյունակ է գրել «Վաշինգտոն փոստ», «Վաշինգտոն թայմզ» և «Դեյլի քոլըր» թերթերում, այն մասին, թե ինչ հրաշալի երկիր է Ադրբեջանը՝ առանց բացահայտելու, որ ինքը Բաքվի վճարացուցակում է… Բարեբախտաբար, կոնգրեսական Բերտոնը հրաժարվել է իր աշխատանքից, երբ Ադրբեջանը դադարեցրել է վճարել նրան…
Այնուհետև Միշելը հիշատակում է ադրբեջանամետ քարոզչության առավել բեղմնավոր քարոզիչ Ջեյսոն Կացին՝ Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության՝ Tool Shed խմբի հիմնադրին: Կացը հոդվածների մի ամբողջ շարք է գրել Huffington Post-ում՝ փառաբանելով Ադրբեջանի «ժողովրդավարությունը», պնդելով, որ այդ երկիրը «առաջադեմ, կոսմոպոլիտ, բաց, աշխարհիկ և արևմտյան կողմնորոշում ունեցող հասարակություն է»:
«Ի պատիվ» իրեն, Կացը սկզբում այդ հոդվածներում բացահայտորեն ներկայանում էր որպես «Ադրբեջանի Հանրապետության ավագ խորհրդատու»: Սակայն, կարճ ժամանակ անց, նա սկսեց թաքցնել իր հարաբերությունները Ադրբեջանի կառավարության հետ: 2013-ի վերջերին, Կացը գրեց առնվազն ինը հոդված՝ փառաբանելով Ալիևի վարչակարգը, որոնցից չորսը՝ Roll Call-ի, իսկ երեքը՝ The Hill-ի համար, դրանցից մեկում հիմարաբար պնդելով, թե «ԱՄՆ–ը կարող է շատ բան սովորել Ադրբեջանի նման պետությունից»,- հաղորդում է Միշելը: 2014թ. սկզբին Կացը նաև մի վիրավորական հոդված գրեց National Review-ում՝ «Հայաստանի կառավարությանը հավասարեցնելով «Թալիբանին»»… Բոլոր ինը հոդվածներում Կացը չի հիշատակել, որ իր ընկերությանը՝ Tool Shed խմբին վարձատրում է Ադրբեջանը…
Միշելը շատ բան է արել Կացին բացահայտելու համար՝ կապվելով տարբեր հրատարակությունների հետ և տեղեկացնելով նրանց Կացի՝ Ադրբեջանի օգտին իրականացվող լոբբիստական աշխատանքների մասին: Այս հրատարակություններից շատերը հետագայում ուղղումներ մտցրին Կացի տպագրած հոդվածներում՝ ընդգծելով, որ նա սերտորեն կապված է Ադրբեջանի հետ:
Օրինակ՝ National Review-ն, Միշելին լսելուց հետո, մի նոր նշում է կատարել Կացի անվան տակ՝ բացահայտելով, որ Կացը օտարերկրյա պետությունների, «ներառյալ Ադրբեջանի կառավարության» խորհրդատուն է: Hill-ը ևս ավելացրել է խմբագրի նշումը Կացի անունից հետո՝ բացահայտելով, որ «Կացին վճարում են Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար: Այս նշումը ավելացվել է այն բանից հետո, երբ Hill-ի ուշադրությանն է ներկայացվել Կացի` որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու փաստը»:
Այս հոդվածները ոչ միայն մոլորության մեջ են գցում ամերիկյան ընթերցողներին Ադրբեջանի վերաբերյալ, այլև լրացուցիչ վնաս են պատճառում ադրբեջանական մամուլում վերատպվելուց հետո` որպես ամերիկացիների` Ադրբեջանին բարձր գնահատականի արժանացնելու վկայություն…
Փոխելով մարտավարությունը, Կացի կինը՝ Մելորի Մոսը, 2014թ. կեսերին սկսեց գրել նմանատիպ հակահայկական հոդվածներ Արցախյան հակամարտության մասին: Հոդվածներից մեկը նա գրեց Capitol Weekly-ի և երկուսը՝ Hill-ի համար՝ բուժքրոջ անվան տակ… Միշելը բացահայտեց, որ Մելորի Մոսը իր անունով գրանցել էր BakuWoman.com կայքը, որը վերագrանցվել է Ջեյսոն Կացի անունով: «Մոսի անունով գրանցված կազմակերպությունը եղել է Tool Shed խումբը»,- հաղորդում է Միշելը: Մելորի Մոսի սյունակները պետք է ներկայացվեին ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների ակտի ներքո… Երբ Միշելը հայտնել է Hill-ին, որ Մելորի Մոսը կապված է Ջեյսոն Կացի և Tool Shed խմբի հետ, Hill-ը հոդվածի տակ ավելացրել է խմբագրի նշումը. «Այս սյունակը ներկայացրել է մի ընկերություն, որը Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար վարձատրվում է: Նշումն ավելացվել է տեղեկատվությունը Hill-ի ուշադրությանը ներկայացվելուց հետո»:
Միշելը նշում է պրոֆեսոր Բրենդա Շաֆերի գործի մասին, որը ադրբեջանամետ հոդվածներ է գրել «Նյու Յորք թայմզ» և «Վաշինգտոն փոստ» թերթերում: Երկու դեպքում էլ նա չի նշել, որ ինքը եղել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության խորհրդականը: Հետագայում, երկու թերթերն էլ հրապարակել են խմբագրի նշումը՝ բացահայտելով նրա ֆինանսական հարաբերությունները SOCAR-ի հետ…
Կան նաև այլ շատ «գրողներ», որոնց Ադրբեջանը վարձել է արևմտյան լրատվամիջոցներում քարոզչական նյութեր հրապարակելու նպատակով՝ «Կասպյան ավազակապետության» օգտին. ինչպես Միշելն է ներկայացնում այդ երկիրը: Ցավոք, մենք չենք կարող թվարկել այդ քարոզիչներին՝ առանց Ադրբեջանի կողմից նրանց վարձատրման հիմնավոր ապացույցների…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Տարածաշրջան