ԶԳՈՒՇԱՑԵՔ ՕՁԵՐԻՑ
Շոգերի սաստկանալուն պես առավել հաճախ ենք լսում օձերի մասին։ Այս սողունները տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արեւադարձային երկրներում:
Հայաստանում հանդիպում է 23 տեսակի օձ, որից թունավոր են միայն չորսը՝ իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը (Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում), Դարևսկու իժը (Հայաստանի հյուսիսում), փոքրասիական իժը (տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրի, սրանք շատ թունավոր են և վտանգավոր), անդրկովկասյան գյուրզան (հարավային շրջաններում է տարածված, սա ևս շատ թունավոր է, և հաճախ են մահացության դեպքերը)։
Շատերն են սարսափում այս սողուններից, հենց միայն տեսքից խուճապի են մատնվում՝ չկարողանալով հաճախ ճիշտ գործել, արագ կողմնորոշվել։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ուրեմն՝ անհրաժեշտ է չկորցնել սառնասրտությունը և հիշել՝ նյարդային գրգռվածությունը նպաստում է թույնի արագ տարածմանը։
Նշանները. օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամների հետքը, ըստ որի էլ կարելի է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծածի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Ոչ թունավոր օձի կծածի դեպքում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս այս նշանները՝ կծած տեղում ցավ և այրոց, կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից, տեսողության խանգարումներ, խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառական խանգարումներ։
Թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից.
♦ օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից,
♦ տարվա եղանակից (առավել վտանգավոր են ամռանը),
♦ խայթոցների քանակից, խորությունից և տեղակայումից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող են առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարումներ։ Լուրջ են նաև իրանի և ձեռքի վերին հատվածի կծածները, քանի որ այդ հատվածում թույնը շատ արագ է տարածվում ամբողջ մարմնով։
Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։ 20-30 տոկոսի դեպքում օձերը կարող են կծել, բայց թույն չարտազատել, դրանք համարվում են «չոր» կծածներ, և թունավորման ախտանշաններ ի հայտ չեն գալիս։
Թունավոր օձի կծածի ժամանակ մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը։
1. Տուժածին անհրաժեշտ է պառկեցնել և տալ հանգիստ։ Արգելվում է վնասված վերջույթով քայլելն ու նստելը, քանի որ հաճախ զարգանում են գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն։
2. Շատ կարևոր է կծած վերջույթի անշարժացումը։ Հայտնի է, որ օձի թույնը տարածվում է ավշային ուղիներով։ Անշարժ վերջույթից ավշի արտահոսքն աննշան է, իսկ շարժումների դեպքում այն կտրուկ ուժեղանում է՝ նպաստելով թույնի տարածմանը։
3. Կծած վերջույթից անհրաժեշտ է հանել բոլոր սեղմող կապերն ու պարագաները։
4. Արգելվում է կծած տեղում կատարել որևէ միջամտություն (կտրվածք, սառը թրջոց, այրում)։
5. Չի՛ կարելի դնել սեղմող կապ. դա կարող է ավելի վատթարացնել տուժածի վիճակը։ Նույնիսկ ամենաձիգ սեղմման ժամանակ էլ թույնը շարունակում է ներծծվել արյան մեջ ներոսկրային երակային ցանցով։
6. Չի՛ կարելի տալ ալկոհոլ, սեդատիվ դեղամիջոցներ։ Կարելի է ցավազրկել ոչ սեդատիվ ազդեցություն ունեցող ցավազրկող դեղորայքով։ Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ):
Ահազանգեք կամ տուժածին շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Հիշեք, որ օձերը առաջինը չեն հարձակվում և խայթում են միայն պաշտպանվելու նպատակով։ Ուշադիր եւ զգույշ եղեք, որ չտրորեք օձին: Օձի հանդիպելիս կանգ առեք կամ դանդաղ հետ գնացեք: Կտրուկ շարժումներ չի՛ կարելի անել: Խուսափեք բարձր խոտերից, օձաշատ վայրերից: Գիշերները քայլելիս լուսավորեք ճանապարհը:
Պատրաստեց Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Հոգևոր-մշակութային