Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ



ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄՓոխգնդապետ Պողոսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր մոտոհրաձգային զորամասում հերթական զինվորական երդման հանդիսավոր արարողությունն է: Որպես օրինաչափություն, ինչպես զորամիավորման ենթակա մյուս զորամասերում, այստեղ ևս այն անցկացվում է «բանակհասարակություն» կապերի խորացման շրջանակներում, պատմամշակութային հուշարձանի մոտ կամ մեծանուն հայի անունը կրող հրապարակում: Եթե Գորիսում երդման արարողությունների կազմակերպման համար նախընտրելի վայրերն են Գարեգին Նժդեհի անվան հրապարակը՝ հերոսի յուրօրինակ քանդակի հարևանությամբ, Գրիգոր Տաթևացու անվան կենտրոնական հրապարակը, Արցախյան ազատամարտի հերոսների կամ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրները, ապա Կապանում Արցախյան ազատամարտի և ապրիլյան մարտական գործողությունների զոհերի եղբայրական գերեզմանոցն է կամ վեհանիստ Խուստուփի տեսադաշտում՝ անմահ զորավար Նժդեհի գերեզմանհուշարձանը:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄԵվ ահա այստեղ, այս բազմախորհուրդ սրբավայրում Հայրենիքին արժանիորեն ծառայելու երդումով Հայոց բանակի շարքերը համալրեցին բազմաթիվ զինվորներ: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու խոսքը զորավոր է, որը նրանք կհիշեն ամբողջ կյանքի ընթացքում: Այո՛, իբրև հայրենյաց պաշտպան, հենց այսպես է դրվում նրանց՝ իսկական տղամարդ դառնալու սկիզբը:

Նորակոչիկների՝ զինվորական կյանքին շուտափույթ հարմարվելու պատրաստակամությունը, ծնողների ու հարազատների` իրենց զավակների երդման արարողությանն ականատես լինելը, զինվորի նկատմամբ հրամանատարի հոգատար ու հարգալից վերաբերմունքը, տիրող բարձր տրամադրությունը լավագույնս վկայում են, որ հայ երիտասարդները ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցորեն են վերաբերվում նվիրական առաքելությանը և իրենց արտասանած ոչ մի խոսք քամուն չեն տա՝ «…Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Երդվո՛ւմ եմ»:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման

թղթակցական կետ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ


09/08/2017