ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԵՐ
Ավագ որդիս` Մովսեսը, 2015թ. հուլիսից իր զինվորական ժամկետային ծառայությունն է կատարում Ասկերանի փառապանծ զորամասում:
Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից է, «Քաջարի մարտիկ» կրծքանշանի արժանացած զինվոր, որը կամավորների եւ զինակից ընկերների հետ շուրջ երեք ամիս մնաց հերթապահ դիրքերում: Որդուս քաջալերելու եւ տեսնելու համար մեկնեցինք Արցախ…
Ապրիլյան օրերը շատ բան էին փոխել որդուս խոսելու, մտածելու, դեմքի, հայացքի մեջ:
Զորամասում ծանոթացա շատ զինծառայողների հետ, Արարատից` Կարենը, Լյուդվիգը եւ Վաչիկը, Ավշարից՝ եղբայրներ Հովելը եւ Հովնանը, Օշականից` Արմենը, Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքից հայրենիքի պաշտպանության համար եկած իրավաբան Նվերը… Երիտասարդ զինվորների շուրթերից լսում էիր հայրենիքի պաշտպանին, հասուն տղամարդուն ու զինվորին վայել խոսքեր …
Հուլիսի 31-ին այցելեցինք «Անհայտ կորած ազատամարտիկների» հուշաթանգարան, որտեղ մուտքի մոտ մեզ դիմավորեց «Անհայտ կորած ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ, թանգարանի տնօրեն Վերա Գրիգորյանը: Ծաղիկներ խոնարհեցինք մուտքի առջեւ տեղադրված հուշաղբյուրի պատվանդանին, որի վրա փորագրված է. «Սպասեք` մենք կգանք…»:
Մտնել հուշաթանգարան ու չհուզվել` հնարավոր չէ, քանզի այստեղ են ամբարված մեր լավ տղաներից մնացած հուշերն ու պատմությունները: Սա թանգարան չէ լոկ, այլ սերունդներին հայրենասիրության դասեր տվող ռազմադպրոց:
Կուզենայի ընթերցողին ներկայացնել տնօրեն Վերա Գրիգորյանին: Երկու երեխաների մայր է: Միակ որդին` Սպարտակ Գրիգորյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: 1994թ. հունվարի 16-ին Ֆիզուլիի շրջանի ազատագրման համար մղված մարտերում անհայտ կորել է…
Հուշաթանգարանը դարձել է սրբատեղի, որտեղ մշտապես անցկացվում են «Արիության» եւ «Հայրենյաց դասեր» ՊԲ զինվորների, ուսանողների եւ աշակերտների համար:
Վերա Գրիգորյանը 19 գրքերի եւ 12 վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Առանց րոպե «կանգառի» ժամերով լսում ես մեծ գիտելիքների եւ աշխարհայացքի տեր կնոջը, եւ քեզ թվում է, թե դու հուշաթանգարանում ես մի քանի րոպե…
Հուշամատյանում գրառումներ անելուց հետո տնօրենը մեզ նվիրեց իր հեղինակած «Երկու ճակատի զինվոր», «Քուղը ետ քաշած գրառումներ» եւ «Վշտի եւ հույսի խաչմերուկում» նոր լույս տեսած թվով 19-րդ գիրքը:
Ի դեպ, նշենք, որ «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների միություն» ՀԿ–ն 2007թ.-ից լույս է ընծայում «Հույսի ճանապարհ» պաշտոնաթերթը: Լույսի, հույսի ճանապարհ… Գրչիս ծայրին դողում են բառերը, թվում է` ուր որ է՝ նրանք ներս պիտի մտնեն: Կա Ոգի, որ երբեք չի մեռնում:
Հաջորդ ծանոթության «կանգառը» մեզ բերեց Զոհված ազատամարտիկների հուշաթանգարան: Զորակոչիկներին մինչեւ զորամաս տանելն այստեղ են բերում: Թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը` մի համեստ անձնավորություն, պատմում էր իր մոր` Գալյա Առստամյանի հիմնադրած թանգարանի ստեղծման մասին. թե ինչպես է որդեկորույս մայրը` տիկին Գալյան, գյուղեգյուղ, տնետուն շրջել ու բոլորի լուսանկարները, անձնական իրերը հավաքել ու ստեղծել զոհված ազատամարտիկների թանգարանը: Սրահներում փակցված 3350 լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, եւ կարծես՝ տղաներն էլ հոգու հայացքով ուղեկցում են թանգարանի այցելուին:
Երկու խոսքով ներկայացնեմ նաեւ թանգարանի տնօրեն` Արթուր Առստամյանին, որը 31 տարի ծառայել է ԼՂՀ իրավապահ համակարգում եւ եղել է Արցախյան շարժման ակունքներում: Ի դեպ, նշեմ, որ 1991-1994թթ. ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակցի կարգավիճակ ստացած ԼՂՀ ՆԳՆ եւ ստորաբաժանումների աշխատակիցների 716 հոգու մասին է պատմում Վերա Գրիգորյանի հեղինակած «Երկու ճակատի զինվոր» գիրքը:
Եվ այս գրքում ներկայացված հերոս պաշտպաններից մեկը` Արթուր Առստամյանն է, պարգեւատրված «Շուշիի ազատագրության համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, խրախուսանքներով…
Երբ զրուցում էի Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանի հետ, նա մեծ սիրով խոսեց Գալյա Առստամյանի մասին. «Երբ հարցրել են տիկին Գալյային՝ 3350 լուսանկարներում ո՞րն է Ձեր 21-ամյա որդին (զոհված՝ 1992թ. նոյեմբերի 19-ին), նա ցույց չի տվել կրտսեր որդու` Գրիգորի Առստամյանի նկարը, պատասխանել է` բոլորն էլ իմ որդիներն են»,- ասաց Կառլենը: Հիմա էլ Արթուր Առստամյանը` «Բոլորն էլ իմ եղբայրներն են»:
Թանգարանում միայն արցախցի ազատամարտիկների լուսանկարներն են, ի սկզբանե նպատակը դա է եղել` մեկտեղել միայն արցախցիների անձնական պատմություններն ու կենսագրությունները: «Ոչ ոք ստույգ չգիտե, թե քանի ազատամարտիկ է զոհվել այդ տարիներին, մոտավոր թիվը 6000-ն է: Գիտեմ, որ արցախցիները 3350-ն են, իսկ Հայաստանից` մոտ 2700-ը: Եթե բոլորի թանգարանն ստեղծեինք, երկու անգամ ավելի տարածք կպահանջվեր: Հիմա մտադիր ենք ապրիլյան քառօրյայում զոհվածների համար առանձին անկյուն ստեղծել: Նրանք իրենց հերոսական սխրանքներով փառահեղ էջ գրեցին Արցախի տարեգրության մեջ: Արցախի ամենաերիտասարդ հերոս 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը իր սխրանքով ապացուցեց, որ հերոսանալու համար տարիք գոյություն չունի…»,- ասաց Արթուր Առստամյանը:
Հրաժեշտից առաջ տնօրենը նվիրեց «ԼՂՀ զոհված ազատամարտիկների փառքի հուշամատյան» գիրքը (1988-2009թթ.), որը հավաքել եւ կազմել է հիմնադիր տնօրեն Գալյա Առստամյանը: Գիրքը կարծես մեկ հարկի տակ է հավաքել իրենց լուսանկարներով ու կենսագրությամբ Արցախին ազատություն պարգեւած տղաներին:
…Զոհվածներից շուրջ 1500-ը ամուսնացած չի եղել: Նրանցից մեկն էլ տնօրենի եղբայր Գրիգորին է: Թանգարանում Գրիգորիի նշանադրության մատանին է ու նշանադրության կոստյումը: Արցախում լինել եւ չայցելել վերոնշյալ թանգարանները, նշանակում է պատկերացում չունենալ հերոսների արյունով կերտված ազատ Արցախի տարեգրության մասին:
Օգոստոսի 2-ին այցելեցինք Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որը կարծես լեռների մեջ ծվարած թանգարան է բաց երկնքի տակ:
Գյուղից ոտքով կնոջս եւ ապրիլյան պատերազմի մասնակից զինվոր որդուս հետ որոշեցինք ուխտագնացություն կատարել դեպի Գանձասարի վանք: Շուրջ 55 րոպե տեւեց Վանք գյուղից մինչեւ Գանձասար:
Այնքան թեթեւ էինք բարձրանում, կարծես՝ մեր զոհված տղաների հոգիներն էին մեզ ուղեկցում:
Գանձասարի տեղանքին նոր շունչ հաղորդելու համար վերջին տարիներին կատարվել էր հսկայածավալ շինարարական աշխատանք, բացվել է Երեւանի Մատենադարանի մասնաճյուղը, եւ մեր այցի պահին սրահներում էին օտարերկրյա զբոսաշրջիկներ եւ զինվորներ…
…Վանք գյուղի դպրոցի բակում է Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին, որի անունն է կրում միջնակարգ դպրոցը: Գուրգեն Հայրապետյանը տնօրենն է եղել 1943-1946թթ.: Նա, ի դեպ, ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի հայրն է: Հենց գործարար–բարերարի ֆինանսական օգնության շնորհիվ վերակառուցված դպրոցը եւ հարեւանությամբ մանկապարտեզը իրենց եզակիությամբ գրավեցին մեզ:
Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանը` 1920թ. Վանք գյուղում բացվել է տարրական դպրոց, 1930թ.` 7-ամյա, 1938թ.` միջնակարգ:
Միջնակարգ դպրոցն այժմ ունի շուրջ 250 աշակերտ:
Վ. Ավանեսյանը մեզ մեկ առ մեկ ներկայացնում էր դասարանները եւ առարկայական դասասենյակները` դիտազննական պարագաներով եւ կահավորվածությամբ: Դպրոցի նիստերի դահլիճը կարծես միջազգային կոնֆերանսների սրահ լիներ:
…Օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել էր համերգ:
Մայրաքաղաքը «արթուն էր» նաեւ գիշերները, եւ մենք վայելեցինք լուսավոր Ստեփանակերտի գիշերային գեղեցկությունը: Հենց այդ օրերին էլ զինվոր որդուս հետ հանդիպեցի Արցախի հերոս, գեներալ–մայոր Վիտալի Բալասանյանին, եւ նա առաջարկեց լուսանկարվել հայ զինվորի հետ…
…Օգոստոսի 6-ին Վաղարշապատում ներկա եղանք կրտսեր որդուս` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, ծանրամարտիկ Զավենի զինվորական երդման արարողությանը:
Հանդիսավոր արարողությունից առաջ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Լ. Բաղդասարովը մոտեցավ ինձ եւ առաջարկեց ամբիոնից ծնողների անունից շնորհավորանքի խոսք ասել…
Եվ այսպես, ամեն րոպե, ժամ եւ օր ապրում ենք մտովի մեր զինվոր որդիների հետ եւ աղոթում առ Աստված: Եվ թող արշալույսները Արցախում, Վայոց ձորում, Հայոց աշխարհի սահմաններում խաղաղությամբ բացվեն, եւ մեր զինվորներն էլ պատվով վերադառնան իրենց հայրական օջախները…
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Բանակ և հասարակություն