ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ. ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայոց եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը:
Ավանդության համաձայն` Քրիստոսի խաչելությունից հետո Մարիամ Աստվածածինն ապրում է շուրջ 12 տարի ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Այս տարիների ընթացքում նրան Երուսաղեմում բազում հալածանքների են ենթարկում Հիսուսին չընդունողները:
Մի օր նրա մոտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը: Տարիներ առաջ Գաբրիելը Մարիամին հայտնել էր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը, իսկ այժմ եկել էր հայտնելու նրան, որ շուտով կավարտվի Մարիամի երկրային կյանքը: «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:
Մարիամ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին ու առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ եւ դրա վրա կերպաձեւում է Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Տիրամորը, որ նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի եւ իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որ նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիք պարգեւի:
Երբ Աստվածածինը վախճանվում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ նրա օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում են երեք օր: Աստվածածնի ննջման եւ թաղման օրերին Բարդուղիմեոս առաքյալը Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս եւ իմանում է կատարվածը, շատ է վշտանում եւ խնդրում–աղաչում է, որ իրեն ցույց տան Աստվածածնի գերեզմանը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում եւ հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը` բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն եւ կամենալով մխիթարել Բարդուղիմեոսին` նրան են տալիս Տիրամոր պատկերը: Նրանք հասկանում են, որ Մարիամը նույնպես երկինք է բարձրացել, Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առաջ:
Հայոց եկեղեցին Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի վախճանը անվանում է վերափոխում, որ նշանակում է վեր փոխադրվել, վեր փոխվել:
Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված սուրբ պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգ, ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին: Խաղողի նշանակությունը մեր ժողովրդի կյանքում այնքան մեծ է, որ նոր հասած խաղողը թույլատրվում է ուտել միայն եկեղեցում օրհնելուց հետո: Երբ Նոյն իջավ Արարատի գագաթից, նրա առջեւ բացվեց մի հիասքանչ դաշտ: Այստեղ նա տնկեց խաղողի առաջին որթը: Աստվածաշունչն այսպես է ներկայացնում խաղողագործության սկիզբը Հայոց աշխարհում: Հայոց եկեղեցին, օրհնելով խաղողը, խաղողի միջոցով օրհնում է տարվա ամբողջ նոր բերքը: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը: Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի` որթատունկի հետ: «Ես եմ ճշմարիտ որթատունկը»: Խաղողից է պատրաստվում նաեւ գինին: Քրիստոսը Խորհրդավոր (Վերջին) ընթրիքի ժամանակ գինին` խաղողի արյունը, իր արյան նյութը դարձրեց եւ վերցնելով` օրհնեց` ասելով. «Սա է նոր ուխտի Իմ Արյունը»: Ահա այս պատճառով է, որ Հայոց եկեղեցին բերքի օրհնությունը կատարում է խաղողով, որով եւ օրհնում է Հայոց աշխարհի ամբողջ բերքը:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Հոգևոր-մշակութային