Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԵԿ ԽԱՉՔԱՐԱՎԱՅՐ



ԵՎՍ ՄԵԿ ԽԱՉՔԱՐԱՎԱՅՐ25 տարի առաջ՝ հուլիսի 28-ին, Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարևմտյան բլրակի մոտ, հայ ազատամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, և շատերը (մոտ 20 հոգի) զոհվեցին, այդ թվում՝ մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, որի անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը: Զուր չէր հերոսների պայքարն ու մարտիրոսվելը Քաշաթաղի ազատագրման համար. նրանց շնորհիվ վերստին հայացավ Հայոց ոստանը:

Պատմական անցյալ ունի Հոչանց գյուղը, որի շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի քարայրներ և այլն: Հոչանց սարի հարավարևմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով եւ այլ շինությունների հետքերով: Հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, Հենրիկ Դանիելյանի, գրողհրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ եղանք տեղում՝ Հոչանցի գյուղական համայնքի ղեկավար Հունան Զեյնալյանի ուղեկցությամբ: Բնակատեղիի հարավային կողմում պահպանվել է մոտ 60մ երկարությամբ պատպարիսպ, որը ձգվում է վեր՝ հասնելով բլրի գագաթ: Արևմտյան կողմում ժայռեր են, որոնք բնական ամրություն են դարձել: Դեպի հյուսիս մի քանի շինությունների հիմքեր են: Ուղղանկյուն մի շինություն, որն ունեցել է  նաև նախամուտք, կառուցվել է մոտ 2,5մ հաստության պատերով: Բլրի հյուսիսային կողմում մեկ այլ պարսպի հետքեր են: Այն ձգվում է արևելքից արևմուտք և իջնում դեպի ձորը: Այս մասում մեծմեծ քարերով պարսպաշար կա, պահպանվել է նաև մուտքը: Ներքևում մոտ 10մ շառավղով դամբարան է՝ ծածկված թփերով: Բլրից ողջ տարածքը  տեսադաշտում է: Եվ պատահական չէ, որ Ազատամարտի տարիներին այս դիրքը պահելու համար թշնամին մեծ ուժեր էր բերել: Պահպանվել են հրետանու, զրահամեքենաների դիրքերը, որտեղից թուրքը ռմբակոծում էր Սյունիքի տարածքը, Լաչինի միջանցքկյանքի ճանապարհը: Մոտակայքում դեռ մնում են պայթած արկերի բեկորները: Հոչանցի գյուղական համայնքի ղեկավար Հ. Զեյնալյանը տեղեկացրեց, որ  գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք կա հինավուրց գերեզմանատեղի՝ խաչքարերով ու տապանաքարերով: Նրա և Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանի հետ անտառապատ սարալանջով բարձրացանք վեր՝ դեպի հնավայր: Դարավոր անտառն ամբողջությամբ «կուլ է տվել» հազարամյա գերեզմանոցը, սակայն պահպանվել են մի քանի շիրմաքարեր: Ծովի մակերևույթից 1050 մ վրա է հնավայրը, որից ներքև է եղել բնակատեղին: Մինչ հանգստարան հասնելը՝ սարալանջին հանդիպեցին պատերի հետքեր: Գերեզմանները հիմնականում քանդված են, շիրմաքարերը՝ փոսերում: Երեք սպիտակավուն խաչքարեր ընկած էին մի փոսում: Մուշեղն ու Հունանը դժվարությամբ հանեցին երկուսը: Քարերից մեկի կենտրոնում զարդանախշ խաչ է քանդակված: Մոտակայքում առավել գեղաքանդակ խաչքարի բեկորներ կան: Դրանցից մեկի միայն ներքևի մասն է պահպանվել՝ շատ գեղեցիկ խաչաքանդակով: Ըստ քանդակների՝ շիրմաքարերը 10-14-րդ դարերի են: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի ԱղահեճքՔաշաթաղ գավառը հիշատակվում է դեռևս «Աշխարհացույց»-ում և այլ մատենագրական աղբյուրներում: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է առաջինը հիշատակում Հոչանցի մասին՝ «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ ՀոչանցՀունչանքՀոչես գավառի հայտնի ու հայաշատ գյուղերից է եղել: Հավանաբար՝ մեծ գյուղի հարևանությամբ եղել են փոքր գյուղակներ, որոնց մասին չի հիշատակվել կամ մինչև օրս տեղորոշված չեն: Առհասարակ՝ Քաշաթաղի շրջանի հատկապես հյուսիսային մասում շատ են հուշարձանները՝ հիմնականում անտառներում, որ վկան են հազարամյակներ շարունակ այս վայրերում հայոց ներկայության եւ ստեղծած փառավոր մշակույթի: 

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Հոգևոր-մշակութային


09/08/2017