Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈԺՈՌԱԲԵՐԴ. ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ԽՈԺՈՌԱԲԵՐԴ.   ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  «…Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ»

Ստ. Օրբելյան. «Սյունիքի պատմություն»

 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որն այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչի հիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաև Աղահեճը՝ ՔաշաթաղԽոժոռաբերդը: Այստեղով անցավ Լենկ Թեմուրը և իր ճանապարհին ավերեց գավառը, որի Հակ գյուղը ավերիչ զորավարի քանդած ու թալանած հազարերորդ բնակավայրն էր: Այդ պատճառով Հակը կոչվեց Մինքյանդ «մին՝ հազար, քյանդ կամ քենդ՝ գյուղ»: Այստեղով անցան պարսիկներն ու թուրքերը, քրդերը, այլ ավարառուներ, ասպատակողներ: 18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց Աղահեճը, և օտարները տեր դարձան Հայոց հողին: Արցախյան գոյամարտը դարձավ նաև Հայոց պատմական տարածքների ազատագրման ժամանակաշրջան, ու եղավ հնարավորություն՝ շտկելու պատմական անարդարությունը, վերստին հայը դարձավ իր տան տերը: Եղավ հնարավորություն՝ ուսումնասիրելու տարածքը և հնարավորինս ճշտելու՝ ո՞րն է պատմական բնակավայրը: Օրբելյանի հիշատակությամբ՝ Աղահեճի տարածքում հայտնի և անառիկ բերդամրոցներից են Քաշեթաղուցը և Խոժոռաբերդը: Վերջին տարիներին Քաշաթաղի շրջանում իրականացվել են հնագիտական բազում ուսումնասիրություններ, որին մասնակից եմ եղել: Բացի հոգևոր հուշարձաններից, հայտնաբերվել են մի քանի տասնյակ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր, որոնք պատմում են մեր հայրենիքի այս հատվածի մասին: Չնայած այս ամենին՝ մինչ օրս անհայտ են՝ ո՞րն է Քաշաթաղ ամրոցը, որն ամենայն հավանականությամբ տարածքում  եղել է գլխավորը, և նրա անվամբ է կոչվել գավառը Քաշաթաղ: Անհայտ է նաև Խոժոռաբերդի տեղը: Այսօրվա Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը համընկնում է Սյունիքի Աղահեճ և Վայկունիք գավառների բնակավայրերին: Հաքարի գետի Աղավնո վտակի աջ ու ահյակ բարձր սարալանջերն են, որոնց վրա են ժամանակին գոյություն ունեցել բնակավայրամրոցներ, բերդեր ու հզոր, անառիկ ամրոցներ: Վերջին տարիներին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, պատմաբանազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ նման շատ հնավայրեր ուսումնասիրվեցին: Ամրոցների մեծ մասն ավելի վաղ շրջանի է, քան հիշատակած 13-րդ դարը: Գետի աջակողմյան մասում՝ Միրիկ գյուղում, պահպանվել է մի հզոր ամրոցատեղի: Նույնանման մեկ այլ ամրոց գոյություն է ունեցել Եզնագոմեր, այժմ՝ Լեռնահովիտ գյուղի մոտակայքում: Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից մոտ 1կմ հյուսիս՝ ճանապարհին մերձ մի հսկայական ժայռ կա՝ մոտ 100 և ավելի մետր բարձրությամբ ուղղաձիգ պատերով: ժայռն ունի բազում քարայրներ, որոնք ժամանակին եղել են բնակելի: Քարայրներից մեկը փլվել է, սակայն պահպանված պատը հուշում է. միջնադարում այն եկեղեցիմատուռ է եղել: Մեկ այլ քարայրի առաստաղից անընդհատ ջուր է հոսում, որն էլ օգտագործվել է խմելու նպատակով: Այժմ էլ, չնայած շոգ ու չոր եղանակին, ակունքից բխող ջուրը կա: Ժայռի հարավարևմտյան պատին փոսորակներ են՝ ժամանակի ընթացքում սևացած: Կողքով անցնող արահետը մտնում է սնկաձև ժայռերով հարուստ ձորակ: Այստեղ մի շինության ավերակ կա, որը մատուռ կամ եկեղեցի է եղել: Երեք կողմից բնական ամրություններ են, իսկ հյուսիսային կողմում՝ սնկաձև բազում ժայռերով ձորալանջ:

Հուլիսի 29-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, Հենրիկ Դանիելյանի և արձակագիրհրապարակախոսգեղանկարիչ Բակուր Կարապետյանի հետ երկրորդ անգամ բարձրացա ամրոցատեղի: Ամրոցի հիմնական մուտքը հյուսիսարևելյան կողմում է: Մուտքի մոտ կանգուն է եղել մոտ 10 մետր շառավղով բուրգը, որի հիմքերից վերև մոտ 1մ բարձրությամբ պատ է  պահպանվել: Մեծ ու մշակված քարերով են կառուցել բուրգը: Պարիսպն անշաղախ է, հիմնականում մշակված քարերով: Մուտքից մոտ 30մ արևելք պահպանվել են պատերի հետքեր: Դարերի ընթացքում հողը ծածկել է ներսի շինությունները, և միայն պեղումները հնարավորություն կտան ճշտելու ամրոցի հատակագիծը: Ընդհանուր առմամբ՝ որպես կացարան կամ զորանոց օգտագործվել են ամրոցի հարավային կողմի բնական քարայրները: Զգացվում է՝ դրանց մի մասը մշակված է: Պահպանված պարիսպը հուշում է՝ ամրոցը գոյություն է ունեցել միջնադարում: Նկարահանումներ կատարեցինք նաև թռչող սարքով: Ուսումնասիրելով ամրոցի ողջ տարածքը՝ գտանք նաև 2 գաղտնուղիներ, որոնցից մեկը պարսպից հարավ է ընկած և իջնում է արևելյան կողմի ձորակ: Մյուսն արևմտյան կողմում է, իջնում է Աղավնոյի ափ: Գետը հեռու չէ այստեղից, իսկ միջնադարում հնարավոր է՝ հունն ավելի մոտ է եղել, և նշված գաղտնուղիով ջուր են հանել ամրոց: Ժայռի հարավային մասում, որտեղ աղբյուրով քարայրն է,  փոսորակներ կան, որոնք ելարանատեղեր են հուշում: Այս ժայռամրոցի հարևանությամբ՝ հարավարևմտյան կողմում, պահպանվել է մեկ այլ փոքր ամրոցատեղի: Հավանաբար՝ այն դիտակետ է եղել, և երկու ամրոցներ համագործակցել են: Ելնելով ժայռամրոցի խոժոռ ու «նոթերը կիտած» տեսքից՝ կարելի է ենթադրել, որ հենց Խոժոռաբերդն է ժայռակերտ բերդը: Տարածքում միջնադարում գոյություն ունեին տասնյակից ավելի հայաշատ ու շեն բնակավայրեր, որոնք այսօր էլ կան՝ վերստին հայացած: Երևի հենց այստեղ են վտանգի պահին միջնադարում պատսպարվել մեր հայրենակիցները, երբ կար Լենկ Թեմուրի ու այլ ասպատակողների վտանգը: Ամրոցի դիմաց՝ գետի աջ ափից բարձրացող բլրի վրա, միջնադարյան մեկ այլ ամրոցատեղի կա, սակայն այն ավելի փոքր է: Այստեղից մոտ 5կմ հարավում է Ծիծեռնավանքը՝ Քաշաթաղի ՄելիքՀայկազյանների ապարանքով հանդերձ: Հուսանք՝ կգա ժամանակը, տարածքում կիրականացվեն հնագիտական պեղումներ, և գիտնականները կասեն իրենց խոսքը:

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Պատմության էջերից


09/08/2017