«ՄԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ ՈՒՆԵՆՔ ՈՒԺԵՂ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ԶԻՆՎՈՐ»
Զորամասը բանակային տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույնը զորամիավորման կազմում: Զորամասի ձեռքբերումների, առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքների, զորքի տեխնիկական հագեցվածության եւ այլ հարցերի շուրջ է ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆԻ հետ:
–Զորամիավորման կազմում լավագույնի կոչմանն արժանանալն ինքնին պարտավորեցնող է: Ի դեպ, կարգապահության, մարտական պատրաստության ու մարտական հերթապահության գծով նույնպես մեր վաշտ–օղակ, գումարտակ–օղակ կազմն է զորամիավորումում ճանաչվել լավագույնը: Այս ամենը ստորաբաժանումներին մղում է նաեւ առողջ մրցակցության: Փորձում ենք անել առավելագույնը ոչ թե լավագույնը ճանաչվելու համար, այլ մարտական պատրաստության բարձր վիճակով պատրաստ լինելու մարտական կարեւորագույն խնդրի կատարմանը: Լավագույնի կոչումն իհարկե պարտավորեցնող է եւ մղում է նորանոր ձեռքբերումների, նվաճումների:
–Պարո՛ն հրամանատար, զորամասը կատարում է հույժ կարեւոր մարտական առաջադրանք, ինչը ողջ անձնակազմից պահանջում է ուժերի գերլարում, նվիրվածություն: Սեփական աչքերով տեսա նաեւ, թե ինչ տիտանական աշխատանքներ են կատարվում առաջնագծում:
–Մենք մեր առօրյա ծառայությունն ենք կատարում: Իսկ ինչ վերաբերում է առաջնագծում իրականացվող աշխատանքներին, ասեմ, որ հսկայածավալ ինժեներական, ամրաշինական, լրակահավորման աշխատանքներ ենք իրականացնում մեզ վստահված սահմանի ամբողջ երկայնքով: Պայմանավորված եղանակային պայմաններով` այս երեք–չորս ամիսն է, որ այստեղ հնարավոր է լիարժեք աշխատանքներ կատարել: Այդ իսկ պատճառով աշխատանքներն ընթանում են անդադար: Կառուցել ենք նոր խրամատներ ու խրամուղիներ, տարբեր զինատեսակների համար նոր կրակակետեր, նորոգում եւ ուժեղացնում ենք հենակետերի կրակակետերը: Բոլորովին նոր ճանապարհային ցանց ենք ստեղծել, միջհենակետային նոր ճանապարհներ կառուցել` հընթացս նորոգելով եւ ամրացնելով հները:
–Զորքի տեխնիկական հագեցվածության մասին ի՞նչ կասեք:
–Զորամասը համալրվել է գիշերային դիտարկման գերժամանակակից օպտիկական սարքերով, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում դիտարկելու հակառակորդի ցանկացած տեսակի շարժ թե՛ առաջնագծում եւ թե՛ նրա թիկունքում: Դասակ–վաշտ–օղակ կազմը համալրված է գիշերային դիտարկման եւ ջերմատեսիլ սարքերով: Իսկ ջոկերը համալրված են կապի արդիական միջոցներով, ինչը նույնպես բոլոր առումներով հեշտացնում է մարտական հերթապահության իրականացումը, անհրաժեշտության դեպքում նաեւ մարտական գործողությունների կատարումը: Ամեն ինչ արվում է, որ առաջնագծում մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվորի ու սպայի համար ծառայությունն ավելի հեշտ լինի, ապահով եւ անվտանգ:
–Հակառակորդը սահմանի ողջ երկայնքով պարբերաբար ակտիվանում է` խտրականություն չդնելով կիրառվող զինատեսակների մեջ: Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված սահմանի հատվածում ինչպե՞ս է իրադրությունը:
–Թշնամու ձեռագրին ծանոթ ենք, նենգ տակտիկային՝ նույնպես: Ներթափանցման փորձեր էլ են արվում, ամեն օր էլ կրակում են, շատ դեպքերում՝ անկանոն: Անհրաժեշտության դեպքում՝ մեր պատասխանը չի ուշանա, եւ թշնամին մեկ անգամ չէ, որ իր կաշվի վրա զգացել է մեր դիրքապահների կրակի ուժգնությունն ու դիպուկությունը:
–Պայմանները կոփում են մարդուն: Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ն է այստեղ ծառայող զինվորը:
–Եթե ոչ մի ֆիզիկական աշխատանք էլ չկատարի, միայն մարտական հերթափոխության ընթացքը բավական է, որ նա կոփվի, դառնա տոկուն, կորովի, կամքով ուժեղ ու քաջ: Դժվարին ծառայությունն է նրան այդպիսին դարձնում: Մենք սահմանին ունենք ուժեղ ու վճռական զինվոր:
–Պարո՛ն գնդապետ, ուզենք թե չուզենք, միշտ էլ հետաքրքրվում ենք զինվորի կեցության հարցերով, նրան տրվող սննդի չափաբաժնով ու որակով…
–Զինվորի կեցության, նրան տրվող սննդի թե՛ որակի եւ թե՛ չափաբաժնի հարցը բանակում մեկընդմիշտ փակված է: Փակված եմ ասում, քանզի մեր զինվորը այսօր հանգստանում է մաքուր ու կոկիկ զորանոցներում, նրան տրվող սնունդը թե՛ իր կալորիականությամբ եւ թե՛ որակով, թարմությամբ ու չափաբաժնով ոչ միայն մրցունակ է, այլեւ կարող է շատ ու շատ երկրների բանակների նախանձն անգամ շարժել:
–Ամառային զորակոչն ավարտվեց, զորքերը համալրվեցին: Ինչպե՞ս է ընթանում համալրման գործընթացը:
–Շատ բարձր մակարդակով: Ավանդույթի համաձայն՝ նորակոչիկների առաջին խմբին դիմավորեցինք երգ ու պարով: Ընդունեցինք, տեղավորեցինք զորանոցում: Անձամբ ես բոլորի հետ զրույց եմ ունեցել: Արդեն կայացել է նրանց ծանոթությունը զորամասի տարածքին, առօրյային: Ծնողներին թույլ ենք տվել կիրակի օրերին տեսակցել իրենց երեխաներին, մոտիկից ծանոթանալ նրանց կեցության պայմաններին, անգամ մտնել ճաշարան` տեսնելու, թե իրենց որդիներն ի՞նչ պայմաններում եւ ինչպե՞ս են սնվում:
Զրույցի վերջում հրամանատարը հավելեց.
«Ուրախալի է, որ սերունդը ավելի ձիգ է ու անկաշկանդ: Երբ նորակոչիկների առաջին խումբը զինվորական հանդերձանքով մտավ զորամաս, առաջին հայացքից այնպիսի տպավորություն ստացա, կարծես մի այլ զորամասից էին եկողները: Նրանց մուտքը շատ տպավորիչ էր…»:
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ