Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՎԱՐԴԱՆԻ ՀԱՌՆՈՒՄԸ

«Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով՝ չմեռնի, ինքը միայն կմնա, բայց եթե մեռնի՝ շատ պտուղ կբերի»։ Ասել է Լույսի Վարդապետը` Հիսուս:

Եվ ահա, Դուշման Վարդանի նահատակվելուց շատ տարիներ անց, հեռուստացույցով հաղորդում էր նրա մասին: Արժանավոր երգիչների ու երգահանների երգերով ուղեկցվող հաղորդում էր:

Եվ ահա, հաղորդումը մերթ ընդ մերթ ընդմիջվում էր մանուկ ու պատանի բազմաթիվ Վարդանների խոսքերով.

-Ես Վարդան Դավիթի Ամալյանն եմ, մականունս` Դուշման:

-Ես Վարդան Լեւոնի Խաչատրյանն եմ, մականունս` Դուշման:

Ներկայացան բազմաթիվ մանուկ ու պատանի Վարդաններ, որ իրենց մականունը Դուշման էին դրել:

Եվ ահա Դուշման Վարդանը Հայրենիի համար զոհվելով` սկսել էր Լույսի Վարդապետի ասածի նման հառնել` բազում պտուղներով, բազում Վարդաններով: Ճիշտ որ, փշաքաղվել կարելի է:

Եվ Դուշման Վարդանին ավելի նման լինելու համար, հարկ է, որ նրա նման գերազա՛նց սովորենք ու մեր հոգեւոր պատմությունը քաջ իմանանք:

Ճշմարիտ եմ ասում, պատանեկան գեղարվեստին այնքան էլ վատ ծանոթ չեմ: Մանավանդ՝ պատանեկան ամսագրում տասներկու տարի հետեւել եմ Հայաստանում  գրական սերնդի աճին: Բայց երբ հաղորդման ժամանակ ընթերցեցին Դուշման Վարդանի 10-րդ դասարանի շարադրությունը, զարմանքով եւ հիացած էի լսում: Նաեւ` ափսոսանքով: Վստահ էի, որ Վարդանը կարող էր նաեւ հայ նշանավոր գրող դառնալ: Այս ինչո՞ւ եմ ասում, որ մեր պատանի Վարդանները ոչ միայն Վարդանի հերոսությամբ լիցքավորվեն, այլ հավելյալ նաեւ նրա բարոյական խոշոր անհատ լինելու կերտվածքն եւս Աստծով ձգտեն ունենալ, մինչեւ որ ընթերցեն արդեն Բանականության Գլուխ, մեզնից մարդ կերտող Քրիստոսի Ավետարանը:

Ավարտեցինք Դուշման Վարդանի վարքը: Աստծո օրհնությունը Վարդանին եւ բոլոր օրերի Վարդանանց: Ձեզ եւ մե՛զ էլ: Ամե՛ն:

 

ՉԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՐՁՈՂԻՆ ՆԵՐՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ

Մշակութաբանության պրոֆեսոր,

բանաստեղծ Ռոմանոս Սահակյանի պատմած վկայությունը

Ռոմանոսին այս վկայությունը պատմել է Արցախի Թալիշ գյուղի Կատերինան (Եկատերինան), որ ապրել է 112 տարի: Կատերինան պատմական մի հուշ էլ ուներ իր մասին, որ նրա դիրքը բարձրացնում էր գյուղի եւ շատ հայ կանանց հանդեպ: Կատերինայի հարսանիքին ներկա է եղել ինքը` հայ նշանավոր գրող Ռաֆֆին եւ համբուրել է հարս Կատերինայի ձեռքը: Այդ այն շրջանն էր, երբ մեծ գրողը շրջագայում էր Արցախ աշխարհում եւ նյութեր էր հավաքում գրելու «Խամսայի մելիքությունները» աշխատությունը:

Իսկ այս վկայությունը Ռոմանոսենց գերդաստանի հարսներից մեկի` Անինկա Սահակյանի մասին է:

1954 թվականին Անինկան, որ Հայրենական պատերազմում կորցրել էր ամուսնուն ու տան տղամարդու գործերն էլ էր  ինքն անում, իր ունեցած ցորենը տանում է իրենց գյուղի ջրաղացներում աղալու: Բայց ահա բոլոր ջրաղացներն զբաղված են, իսկ տանը կտոր հաց չկա: Անինկան ստիպված ցորենը հասցնում է հարեւան Մատաղիս գյուղ եւ այնտեղ աղում: Բնական է, բեռը` ծանր, չարչարվելով է ետ բերում: Իր այս չարչարանքի համար դժգոհ խոսքեր ասելով` տուն է դառնում Անինկան: Գյուղի եկեղեցու կողքով անցնելիս էլ չի դիմանում եւ սկսում է անեծքի վատ խոսքեր ասել Աստծուն էլ: Եվ դեռ իր անեծքի  խոսքը կիսատ` հանկարծ մեր Անինկայի դեմքը ծռվում է: Անցնում է մի քանի ամիս, սակայն Անինկայի դեմքը չի ուղղվում:  Եղելությունից անհանգստացած ընկերուհիները, հարեւանները եւ Կատերինան, որ հստակատես, խելացի ու իմաստուն կին էր, գալիս են տեսության:

-Անինկա քույր,-խրատում է Կատերինան: -Աստծուն վատ խոսքեր ասացիր, պատժվեցիր, բայց Աստված ներող է: Վե՛ր կաց, գնանք Հոռեկա վանք, այնտեղ ապաշխարիր, Տերը կների եւ դեմքդ կուղղվի:

Եվ ամենքն էլ Կատերինայի ասածն են հաստատում.

-Այո՛, Անինկա քույր, միակ դեղդ այն կլինի, որ ապաշխարես Աստծո առաջ:

Կատերինան Աստծո խոսքով մեծացած, պատվարժան կին էր, եւ գյուղի կանայք ամենքն էլ նրան հարգում ու հաճախ էին նրա խորհրդով ու իմաստությամբ շարժվում: Եվ Կատերինան Անինկային տանում է Հոռեկա վանք, որ Թալիշի հին գյուղատեղին էր: Այս վանքը կառուցվել էր 4-րդ դարում, ունենալով Գլխո վանք անունը, եւ այստեղ եւս, բացի Ամարասից, Մեսրոպ Մաշտոցը  դպրոց էր բացել ժամանակին: Հետագայում վանքի ավերակների վրա 1276 թվականին նոր վանք է կառուցվել, արդեն իր նոր անվամբ` Հոռեկա, որ գյուղի անունից է: Հոռեկ գյուղ, այսինքն՝ Ուռենու գյուղ կամ  Ուռենիների  գյուղ: Հոռեկա վանք, այսինքն` ՈՒռենու կամ ՈՒռենիների գյուղի վանք:

Կատերինան ու Անինկան մի քանի գիշեր մնում են Հոռեկա վանքում: Անինկան ներում է խնդրում Աստծուց, ապաշխարում իր չար խոսքերի համար, եւ վերջին օրը  դեմքն ուղղվում է: Աստված ներում է Անինկային:

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Պատմության էջերից


16/08/2017