ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Օրհասական պահին նրանք մահապարտների գումարտակ կազմավորեցին, Արցախ փութացին՝ ուխտելով զոհվել հայրենիքի ազատագրության համար։ «Արծիվ-մահապարտներն» իրենց նվիրումով, կամքով ու խիզախությամբ ոչ միայն ոսոխին, մահի՛ն հաղթեցին։
Այդ դժվարին, ծանր, պատմական հաղթանակի մասին է այս ժամանակագրությունը։
Այն ամենը, ինչ ուղիղ տասնհինգ տարի առաջ տեղի ունեցավ Գանձասարի մատույցներում, վիպասք, առասպել է թվում։
1992 թվականի հուլիս-հոկտեմբերը թերևս ամենածանրն էր Արցախի ազգային-ազատագրական պայքարում։ Շահումյանը հայաթափ էր եղել, ընկել էր Մարտակերտը։ Հադրութի և Ասկերանի բազմաթիվ գյուղեր ավերվել էին, մարտերն ընթանում էին ընդհուպ Մարտունու մատույցներում։ Չնայած տեղի ինքնապաշտպանական ուժերի անանձնական, անձնազոհ դիմադրությանը, թշնամին լայնածավալ գրոհներով մոտենում էր Գանձասարին և եթե բռնազավթեր Վանք պատմական գյուղը, Ստեփանակերտի անկումը անխուսափելի կլիներ։ Արցախի ամբողջ բնակչությունը՝ տղամարդիկ, կանայք, անգամ դպրոցականները զենք էին վերցրել, սակայն ուժերը անհավասար էին։ Նման ճակատագրական պահին ո՞ւմ օգնությունը կարելի էր ակնկալել, ո՞ւմ վրա հույս դնել՝ իհարկե Հայաստանի։ Վազգեն Սարգսյանի։
Հանրապետական հեռուստատեսությունը սփռում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը, որը մի մարտակոչ էր։ Նման ճակատագրական իրավիճակում նա ոչ միայն ձգտում է արմատական բեկում մտցնել ռազմական գործողություններում, այլև հայ մարտիկներին հավատ ներշնչել սեփական ուժերի, հաղթանակի նկատմամբ։
Սպարապետն առաջարկում է փորձված ազատամարտիկներից մահապարտների հինգ հարյուր հոգանոց գումարտակ ստեղծել, որը պիտի Արցախ փութար, մահն արհամարհելով անհավասար կռվի նետվեր, փոխեր պատերազմի ընթացքն ու ելքը։ Նախարարի ելույթը, որը կրկնվում է մի քանի անգամ, ալեկոծում է հանրապետությունը՝ «Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված», «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու են ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը…», «Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք»։
16-ը օգոստոսի 1992 թ.
Պաշտպանության նախարարությունում գիշերը ոչ ոք տուն չէր գնացել, օրն սկսվում է հեռախոսազանգերի տարափով։ Հարցերը տարաբնույթ են, բայց գոտեպնդող՝ «Թույլ կտա՞ք, որ սահմանամերձ բնակավայրերից էլ գանք», «Հնարավո՞ր է՝ 15-ի փոխարեն 25 հոգով ներկայանալ», «Ուզում ենք…»։
Վաղ առավոտից կենտրոնական շտաբ են հասնում առաջին ազատամարտիկները՝ ժամանում են Շենգավիթի շրջանի, Արամ Մանուկյանի անվան ջոկատները, ապա Նաիրիի, Նոր Հաճնի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Փարպիի, Թումանյանի, Մասիսի կամավորականները, որոնց ընդհանուր թիվը ակնկալվածից անհամեմատ մեծ էր։ Հարկ է լինում կարճընթաց ուսումնառազմական ծրագիր մշակել։ Վազգեն Սարգսյանի աշխատասեղանին տարբեր բանակների լեռնահրաձգային, իջազորային գումարտակների օրինակելի կառուցվածքների տեղեկատվական նյութեր են։ Մասնագետները հաշվի են առնում այլ մարտախմբերի փորձը, ի վերջո նախապատվությունը տրվում է հատուկ նշանակության լեռնահրաձգային գումարտակի կառուցվածքին։
Մայրաքաղաքային զորամասում, որտեղ տեղակայված էր գումարտակը, ստեղծվում է շտաբ հետևյալ կազմով.
Վազգեն Սարգսյան – գլխավոր հրամանատար,
Աստվածատուր Պետրոսյան – ընդհանուր համակարգող,
Հովսեփ Հովսեփյան – գումարտակի հրամանատար։
Փոխհրամանատարներ են նշանակվում Սեյրան Անթանեսյանը, Վոլոդյա Ավետիսյանը, հետագայում, տեղ հասնելուն պես, Արցախի ինքնապաշտպանական ուժերի տարբեր ծառայությունների պետերից շտաբի կազմում ընդգրկվում են Չլդրանի ճակատի հրամանատար Հայկազ Բաղմանյանը, Վաղուհասի ճակատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը, որոնք արցախցի կամավորներով, մեծագույն զոհողություններով անառիկ էին պահել ռազմավարական կարևորագույն դիրքերը։
18-ը օգոստոսի 1992 թ.
Սկսվում են մարտական դասընթացները։ Չափազանց կարճ ժամանակամիջոցում հայաստանցի կամավորականները պիտի վերաորակավորվեին, դառնային լեռնահրաձիգներ, հետախույզներ, տանկիստներ, հակատանկային և ականանետային հաշվարկների մարտիկներ։ Տեսական պարապմունքներն անցկացվում էին պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնում, գործնականները՝ Նուբարաշենի, Արմավիրի զորավարժարանում, որտեղ մահապարտներին ձեռքի գնդացիրներից, Կալաշնիկովի, Դրագունովի դիպուկազարկից կրակել էին սովորեցնում նախկին խորհրդային բանակի փորձված հայ սպաները։
20-ը օգոստոսի 1992 թ.
Շտաբի հայաստանյան վերջին նիստում հինգ հարյուրից ավելի ազատամարտիկներից ընտրվում են երեք հարյուր յոթանասունհինգ լավագույնները, որոնք ընդգրկվում են տասնհինգ դասակում։ Դասակների հրամանատարներ են նշանակվում Գագիկ Մինասյանը, Պետրոս Խոջոյանը, Վանյա Օհանյանը, Ղարիբ Սահակյանը, Գագիկ Յոլչյանը, Ֆելիքս Պողոսյանը, Արմեն Հակոբյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Սերյոժա Ճաղարյանը, Գիրո Միրզոյանը, Ալեքսանդր Թամանյանը, Արկադի Սեմերջյանը, Հրաչ Թադևոսյանը, Սուրեն Սարգսյանը։
30-ը օգոստոսի 1992 թ.
Կեսգիշերին ամբողջ գումարտակը հանդիսավոր երթով բարձրանում է Եռաբլուր։ Մահապարտները ծաղիկներ են դնում զոհված ազատամարտիկների շիրիմներին, ուխտում նրանց վրեժը լուծել։ Վերջին պահին, ուղղաթիռով, սահմանային դիրքերից Եռաբլուր է հասնում Վազգեն Սարգսյանը։ Հնչում է «Զգա՛ստ» հրամանը։ Գարիկ Շառոյանը մոմերի բեկբեկ լույսի ներքո ընթերցում է երդումը.
-Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, հանդիսավոր երդվում եմ…
Ամբողջ գումարտակը միասիրտ ու միակամ կրկնում է.
-Երդվո՛ւմ եմ…երդվո՛ւմ եմ…երդվո՛ւմ եմ…
31-ը օգոստոսի 1992 թ.
Գանձասարում իրավիճակը երբեք այդքան հուսահատական չէր եղել։ Տանկերով, հրետանիով, օդային ռմբակոծիչներով զինված թշնամու գերազանց ուժերի հայտնվելը Մարտակերտի շրջանում խուճապ ու տագնապ էր հարուցել։
Երբ «Արծիվ-մահապարտները» Վանք մտան, գյուղը գրեթե ամբողջովին լքված էր։ Խաղաղ բնակիչներից հազիվ 19-ը ծերունի էր մնացել։
Գանձասարի մատույցները ինքնաձիգները ձեռքներին վանահայրը՝ Տեր Հովհաննեսը, իրիցկինը, իրիցկնոջ ծեր ծնողներն էին հսկում, տխուր հայացքով բարձունքից հովիտ՝ դատարկվող գյուղին նայում։ Թշնամին ընդամենը չորս կիլոմետր էր հեռու։ Անսպասելիորեն գյուղամիջում՝ այնտեղ, որտեղ ատաղձագործարանի մասնաշենքերն էին, իրարանցում է սկսվում։ Մեկը մյուսի հետևից հայաստանյան համարանիշներով բեռնատարներ են հայտնվում, որոնց թափքերից ցած ցատկող ազատամարտիկները արագ-արագ զինամթերք, ինքնաձիգներ ու հրանոթներ, տարբեր զենքեր են իջեցնում։ Երբ «Արծիվ-մահապարտների» զորակայանի՝ ատաղձագործարանի վրա փողփողում է հայոց եռագույնը, օդային տագնապի ազդանշան է հնչում, և ռումբերի, թե հրթիռային «Գրադ» կայանքի արկերի կարկուտ տեղում, որոնց բեկորները ազգային դրոշի ծալքերն են մխրճվում, պատառոտում։ Նարիշտարի բարձունքից հակառակորդը, ահա, այդպես է դիմավորում հայաստանցի կամավորականներին։
Մահապարտները չափազանց հոգնած էին, բայց չքնեցին, պետք էր անհապաղ փակել Կճողուտ, Դրմբոն, Չլդրան հատվածների ճեղքվածքը։ Նրանք երկու վաշտի բաժանվեցին, տեղափոխվեցին մարտադաշտ, ուշ գիշերով խրամատներ փորեցին, տեղավորեցին ֆագոտները, ծանր հրետանին ու դիրքավորվեցին:
Կեսգիշերն անց Վազգեն Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրանում են Գանձասար։ Այն վանախցերից մեկում, որը Եսայի Հասան-Ջալալյան հայրապետը ազգային-ազատագրական շարժման կենտրոնի էր վերածել, որտեղից Իսրայել Օրին համաժողովրդական պայքարի դաշնակիցներ, զինակիցներ գտնելու ակնկալիքով երկրեերկիր էր մեկնել, տեղի է ունենում Մահապարտների գումարտակի, Արցախի պաշտպանական ուժերի տվյալ տարածաշրջանի հրամանատարների առաջին համատեղ նիստը։ Այն մինչև լուսաբաց շարունակվում՝ շատ առումներով վճռորոշ, խորհրդանշական է դառնում։
1-ը սեպտեմբերի 1992 թ.
Գումարտակի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, ինչպես նաև Ալեքսանդր Թամանյանի գլխավորած «Իքս» դասակները, տեղանքին անծանոթ լինելով հանդերձ, գիշերվա ժամը 4-ին տեղափոխվում են Չլդրան։ Չնկատվելու, թշնամուն անակնկալի բերելու համար Պողոսագոմերի մոտ նրանք իջնում են բեռնատարներից, խիտ անտառի միջով, խարխափելով գյուղ մտնում։ Ըստ դասակների՝ մի մասը դիրքավորվում է ճամփաբաժանի ձախ կողմում, մյուսը՝ գերեզմանոցի բարձունքին։ Հայ մարտիկները չհասցրին խրամատներ փորել՝ առավոտ վաղ սկսվեց ռմբակոծությունը։ Հակառակորդը գրոհում էր երկու՝ Դրմբոն-Չլդրան և Մեհմանա-Չլդրան ուղղությամբ։ Ռմբակոծությունը ավարտելուց հետո թշնամու հետևակը սկսեց առաջանալ, հավանաբար կարծում էր, որ հայկական դիրքերում կենդանի զինվոր չի մնացել։ Հայ գնդացրորդները դիպուկ, միասնական համազարկերով նոսրացնում են նրանց շարքերը։
2-ը սեպտեմբերի 1992 թ.
Մինչ մահապարտներն զբաղված էին խրամատ փորելով, դիրքերն ամրապնդելով, Չլդրան գյուղի մատույցներում անսպասելի հայտնվում է հակառակորդի ծանր հրետանին։ Հարձակմանը մասնակցում էր թշնամու երեք տանկ, մի զրահամեքենա։ «Իքս» հատուկ դասակի հրամանատար, ֆիզիկոս Ալեքսանդր Թամանյանի հանձնարարությամբ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Գագիկ Գինոսյանը ճիշտ նշանառությամբ շարքից հանում է ադրբեջանական տանկը։ Առաջ շարժվող հետևակը տեղի է տալիս և մարտադաշտում թողնելով զոհերի դիակները, ծխացող տանկը` անկանոն նախկին դիրքերն է նահանջում։
3-ը սեպտեմբերի 1992 թ.
Օրվա ծանր, անզիջում մարտերից հետո Արցախի ազատագրության վերջին ճակատամարտում զոհված, հետմահու «Արիության համար» մեդալի արժանացած Էրիկ Բաղդասարյանը պատմում էր.
-Լույսը չբացված՝ ամեն թփուտից, քարի, ծառի հետևից, նույնիսկ գետի միջից հակառակորդը սկսեց կրակել։ Տասնհինգ րոպե չանցած` արկերի ծուխը պարուրեց ձորն ու հանդիպակաց բլուրը։ Առջևից գնում էր մեր հետախուզական դասակը։ Ես ու Ռուբիկը կրակը վերցրինք մեզ վրա, սակայն նա նռնականետով երկրորդ կրակահերթը բաց թողնելուց հետո վիրավոր ընկավ։ Մենք դեռևս ծանոթ չէինք տեղանքին, հակառակորդները մեզ տեսնում էին, մենք իրենց՝ ոչ։ Ես մի ձեռքով Ռուբիկին օգնելով, մյուսով կրակելով` դիրքավորվեցի մամռակալած ժայռի հետևում։ Հենց այդ պահին սևանցի Աբոյին խփեցին… Բարեբախտաբար, մերոնք վրա հասան, ինքնաձիգով ու գնդացիրով թուրքերին քշեցին։ Նրանք վիրավորներին, զոհվածների դիակները թողնելով` փախան։ Աբոյի մարմինը զորակայան տեղափոխեցինք, բայց դագա՞ղ որտեղից։ Մահապարտներից մի քանիսը «Գրադ»-ի արկղերից ուղղանկյուն ինչ-որ բան պատրաստեցին, որ մարմինը Երևան տեղափոխեն։ Եղան, սակայն, այնպիսիները, ովքեր առաջին անհաջողությունից խուճապի մատնվեցին, ուզեցին առիթն օգտագործել, դիակն ուղեկցելու պատրվակով ժամանակից շուտ տուն վերադառնալ։ Մինչդեռ, թանկ զոհերի գնով մեզ հաջողվել էր կանխել թշնամու ռազմարշավը, Գանձասարը կործանելու նկրտումները։
3-ը սեպտեմբերի 1992 թ.
«Արծիվ-մահապարտներին» միացան վաղուհասցի երկրապահները։ Ինքնապաշտպանական մարտերի երկու ամսվա ընթացքում ջոկատը 34 զոհ էր տվել՝ մնացած 19-ը վերջին պահին համալրեցին «Արծիվ-մահապարտների» շարքերը։
Նրանք անհամբեր էին, ուզում էին, որքան հնարավոր է, շուտ ազատագրել իրենց գյուղը։
4-ը սեպտեմբերի 1992 թ.
Ընդհանուր համակարգող Աստվածատուր Պետրոսյանն ու գումարտակի հրամանատար Հովսեփ Հովսեփյանը անձամբ Չլդրանի դիրքերը հրազենի փամփուշտ, սնունդ են հասցնում, ռազմական նիստ հրավիրում։ Նույն պահին 5-6 կետից որոտում են հակառակորդի հրանոթները, որոնց կենտրոնացված կրակով հակադարձում են «Արծիվ-մահապարտները»։ Փոխհրաձգությունը շարունակվում է 2-3 ժամ։
Թշնամու հետեւակը չի համարձակվում առաջանալ, բայց արկերի ու հրթիռների կրակահերթերը շարունակվում են։ «Արծիվ-մահապարտները» համախմբվում, հմտորեն պաշտպանվելով, միաժամանակ թևերով առաջ են շարժվում։ Ադրբեջանցիները շրջափակման մեջ ընկնելու վախից մարտադաշտում հինգ տասնյակից ավելի դիակ, 20 միավոր ռազմական տեխնիկա են թողնում եւ դիմում փախուստի։ 7-րդ դասակի հրամանատար Ֆելիքս Պողոսյանը, գնդացրորդ Վարդան Հովհաննիսյանը, փարպեցի փորձված կամավորական Գագիկ Յոլչյանը անակնկալ գրոհով լռեցնում են թշնամու վերջին տանկը եւ որպես ռազմավար դիրքեր փոխադրում։
5-ը սեպտեմբերի 1992 թ.
Ամբողջ գիշեր թշնամին համալրում էր ստանում՝ հեռվից նշմարվում էին մահմեդական տարբեր երկրների դրոշներն ու լսվում կարգախոսները՝ «Մա՛հ հայերին»։
6-ը սեպտեմբերի 1992 թ.
Ժամը 10-ն անց 30 րոպեին հակառակորդը սկսում է հարձակումը։ Թեեւ ուժերը դարձյալ անհավասար էին, բայցեւայնպես, «Արծիվ-մահապարտներն» ընդունում են մարտը։ Այդ օրը նրանք ութ զոհ, տասնմեկ վիրավոր են տալիս, բայց չեն զիջում դիրքերը։
8-ը սեպտեմբերի 1992 թ.
Դնեստրից Արցախ է հասնում, «Արծիվ-մահապարտների» շարքերը համալրում կազակների 70 հոգանոց վաշտը։
9-ը սեպտեմբերի 1992 թ.
Մահապարտ Հրաչը, որը մասնագիտությամբ նկարիչ էր, բայց հետախույզ էր դարձել, հատուկ առաջադրանք ստանալով, գիշերը շրջանցում է Սարսանգի ջրամբարը, գծագրում Դրմբոն-Սարսանգ ուղղության քարտեզն ու ուժերի դասավորությունը՝ մանրամասներ, որոնք պետք է ճշտվեին ընդհանուր հարձակումից առաջ։
10-ը սեպտեմբերի 1992 թ.
Նախքան վճռական գրոհը, կեսգիշերին, անսպասելի վառվում են Գանձասարի վանքի մոմերն ու քահանան՝ Տեր Հովհաննեսը, ուխտատներում հանգրվանած Մահապարտների գումարտակի մարտիկներին առաջնորդում է եկեղեցի։ Ինչպես Վարդանանք Ավարայրից առաջ՝ մահապարտները հաղորդություն են ստանում, նրանք, ովքեր մկրտված չէին, կնքվելու համար ծունր են իջնում տերհոր առաջ։ Կնքահոր պարտականություններն ստանձնում է գումարտակի հրամանատարը՝ Հովսեփ Հովսեփյանը։ Տեր Հովհաննեսը նրան խնդրում է սանիկներին ոտքի կանգնեցնել, ու ինքը կռանալով՝ մեռոն է քսում հայաստանցի կամավորականների սրունքներին, որ թշնամու առջևից չփախչեն, կրծքներին, որ գնդակից չխոցվեն, բազուկներին, որ միշտ կորովի լինեն, վերջապես շուրթերին, որ ուրախ լուրեր տուն տանեն։ Հետո, խորան բարձրանալով, ամենակարճ քարոզն է կարդում, ասում, որ հայ մարտիկների հետևում Գանձասարն է, նրանք նահանջելու տեղ չունեն։
Կեսգիշերային մկրտության արարողությունը հրաշափոխել էր մահապարտներին, նրանք հույսով, հաղթանակի հավատով էին համակվել։ Մասիսցի Սամվելը չհամբերեց, առավ զենքն ու իր հաղթ ձայնով թնդացրեց «Միացե՛ք, հայե՛ր»-ը։ Մյուսները բռունցքները վեր պարզեցին, ձայնակցեցին։ Հետո միակամ, միասիրտ հովիտ իջան։
11-ը սեպտեմբերի 1992 թ.
Վաղուհասի ազատագրության ճակատամարտը գումարտակն սկսում է ըստ հրամանատարության մշակած մանրակրկիտ ծրագրի, սակայն կազակները, արհամարհելով հակառակորդի ուժերը, կենտրոնով գրոհում, ուզում են նրանց դուրս քաշել դիրքերից, մի հակահարձակմամբ ոչնչացնել։ Ոգևորված կազակների վճռականությունից՝ 3-րդ դասակի հետախույզները եւ «Նիկոլ Դուման» ջոկատը միանում են նրանց, հայտնվում են ականապատված դաշտում, ընկնում ծուղակը։ Մեկը մյուսի հետևից պայթում են «Լյագուշկա» ականները։ Մասիսի, Սևանի կամավորականները, պահեստային ուժերը նետվում են փակելու ճեղքվածքը, բայց հակառակորդին հաջողվում է շարքից հանել «Արծիվ-մահապարտների» զրահամեքենան: Կազակների ատամանը հետո պիտի խոստովաներ, որ նույնիսկ հայրենի Դնեստրում նման արյունահեղ մարտի չի մասնակցել։
Այդ ճակատամարտում զոհվում է գրող-հրապարակախոս, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամվել Շահմուրադյանը։ Զոհվում են Գագիկ Յոլչյանը, Վարդան Հովհաննիսյանը, չորս կազակ։
13-ը սեպտեմբերի 1992 թ.
Չնայած ծանր կորուստներին՝ «Արծիվ-մահապարտները» համախմբվում, վերադասավորում են իրենց ուժերը, հետ վերցնում Մանջիլուն, Մեհմանան, Դրմբոնը, կրակի տակ պահում Հարությունագոմեր ու Կճողուտ տանող ուղիները։
14-ը սեպտեմբերի 1992 թ.
Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ «Արծիվ-մահապարտներին» օգնության է հասնում մասիսցիների 2-րդ ջոկատը՝ 38 ազատամարտիկ։
15-ը սեպտեմբերի 1992 թ.
«Արծիվ-մահապարտները» ազատագրում են Չլդրանը։
16-ը սեպտեմբերի 1992 թ.
Սուրիկ Սարգսյանի գլխավորությամբ «Արծիվ-մահապարտներին» օգնության է հասնում Սևանի 2-րդ ջոկատը՝ 15 ազատամարտիկ։
17-ը սեպտեմբերի 1992 թ.
«Արծիվ-մահապարտները» ազատագրում են Կճողուտը։
18-ը սեպտեմբերի 1992 թ.
Նախքան Վաղուհասի վճռական ճակատամարտը, «Արծիվ-մահապարտների» շարքերը համալրում են Ստեփանակերտի ջոկատի՝ տեղանքին լավ ծանոթ 60 երկրապահներ։ Որոշվում են գլխավոր եւ երկրորդական հարվածների ուղղությունները, հաշվարկվում ուժերի հարաբերակցությունը, սպառազինությունը, տվյալները հատուկ՝ կոդավորված թերթիկներով բաժանվում են ուղղությունների հրամանատարներին։
Նախքան ճակատամարտը, գումարտակն ուներ 180 զինվոր, 23 կազակ կամավորական, 2 տանկ, 2 զրահամեքենա, հրետանի եւ 60 մահապարտներից կազմված ականանետային դասակ։
Հենց բոլորը տեղեր են գրավում մեկնարկային դիրքերում, հնչում է «Գրոհ» հրամանը։ «Գրադը» գնդակոծում է Վաղուհասի բարձունքը, Արկադի Սեմերջյանն ականանետն ուղղում է 1-ին, 2-րդ, 3-րդ դիրքերին։ Մեկ ժամ շարունակ հրետակոծությունը չի դադարում։
Մահապարտների ԲՄՊ-ի ոլորանները հաղթահարելուց, մարտադաշտում հայտնվելուց հետո գրոհը նոր թափ է ստանում։ Ոսոխը այլևս չէր հանդգնում հապճեպ գրոհների դիմել եւ բետոնապատ բլինդաժներում խրամատավորված, սպասում է։
Հասել էր վճռական հարձակման պահը։
Մահապարտները շրջապատում են գյուղը, բոլոր բարձունքները հսկողության տակ վերցնում, թիկունքն ապահովում։ Գումարտակի դիպուկ կրակոցներից հակառակորդն ի վերջո տեղի է տալիս, մարտավարական ու ռազմավարական կարևորագույն բնակավայրը զիջում, թողնելով մեկ տանկ ու մեկ ԲՄՊ՝ փախչում է Գետավանի ուղղությամբ։ «Արծիվ-մահապարտները» հաղթանակով են ավարտում իրենց վերջին, վճռական ճակատամարտը, ոչնչացնում Չափառով դեպի Գետավան գիշերային անցում կատարող մեկ շարասյուն։
Մահապարտներն ազատագրված տարածքների պաշտպանությունն ապահովելուց, «Արծիվ-2»-ին տեղանքին ծանոթացնելուց, դիրքերը հանձնելուց հետո վերադառնում են Հայաստան…
«Արծիվ-մահապարտների» գումարտակը կռվել-հաղթել է քսանհինգ տարի առաջ, կռվել-հաղթել է երեկ, կռվում-հաղթում է այսօր։
Եթե հարկ լինի՝ կկռվի, կհաղթի վաղը։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Պատմության էջերից