Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՐԱՆ ԿՈՐՑՐԻՐ, ԲԱՅՑ ՄԵԶ ՈՒՆԵՍ. ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»



«ՆՐԱՆ ԿՈՐՑՐԻՐ, ԲԱՅՑ ՄԵԶ ՈՒՆԵՍ. ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»

Գյումրի գնալու հազար ու մի պատճառ կա` արվեստի, արհեստի, մշակույթի, չեմպիոնների, հերոսների քաղաք է: Երբեւէ Գյումրիում չեղած մարդու համար  հետաքրքիր է քաղաքի ամեն շենք ու քարը: Բայց… 2016 թվականի ապրիլը շատ բան փոխեց: Հիմա Գյումրիում նախ եւ առաջ պարտավոր ես պանթեոն այցելել: Շիրակ աշխարհը այս պատերազմում տասներկու անմահ հերոս տվեց…. Վերջինը լեյտենանտ Տիգրան Պողոսյանն էր: Թվում էր` այլեւս հրադադար է, բայց… ապրիլի 25-ին թշնամու «Գրադ» կայանքից հրետակոծվում են հյուսիսարեւելյան դիրքերը: Տիգրանը զինվորներին հրամայում է մտնել թաքստոցներ, իսկ ինքն շտապում է դիտակետ` ստուգելու հերթափոխող տղաների դրությունը: Այդ ժամանակ էլ ականն ընկնում է իր ու զինվորի ուղղությամբ: Մարմնով փակում է զինվորին, իսկ մի ձեռքով փորձում  ծածկել դեմքը… ականը վնասում է կրծքավանդակը, իսկ ժամեր անց հոսպիտալում հավերժ կանգնում է հերոսի սիրտը… Տիգրանը ապրիլյան թեժ օրերին  շատ ամուր է պահել իր դիրքը` առանց զոհերի: Ավագ լեյտենանտի կոչումն ստացավ հետմահու: Իսկ այժմ  այդ դիրքը կրում է հերոս հրամանատարի անունը:

Հերոսի մայրիկի` տիկին Սիլվայի հրավերով մի քանի օր հյուրընկալվեցինք Հոռոմ գյուղում` Տիգրանենց տանը: Անմիջապես տան դիմաց իր քառագագաթ կատարներով շողշողում է Արագած լեռը. դժվարանում ես հասկանալ` լեռն է հպարտորեն նայում հերոսի տանը, թե՞ Տիգրանն է իր բարձունքից  նայում Հոռոմ աշխարհին…Այս տանը ցավը խեղդել են Տիգրանի շնչով` հյուրասենյակում փառքի անկյունից  իր բարի ու կապտաթույր աչքերով ժպտում է նա` իր սիրելի թագավոր Տիգրան Մեծի նման հաղթական ու  վսեմ: Տիկին Սիլվան  մեզ պարուրել է իր քաղցր ու կենսախինդ ժպիտով. «Երեխեքս ի՞նչ էնին, ցավը մերն է, իրենք ի՞նչ մեղավոր են, ես պետք է ժպտամ, որ իրենք չկոտրվեն»: «Երեխեքը» մենք ենք` բոլոր այն երիտասարդները, ովքեր այցելում են հերոսի տուն:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտած լեյտենանտը ուսանողական տարիներին աչքի էր ընկնում իր  բարի ու ընկերասեր տեսակով: Բարությունը դեռ փոքր տարիքից է դրսևորվել  նրա քայլերում: Հիշում եմ, որ Տիգրանին նկարներում մի քանի անգամ շան հետ նկարված տեսել եմ ու ակամայից հարցնում եմ. «Շուն չունե՞ք»: Տիկին Սիլվայի հայացքը պատուհանից դուրս է սահում` դեպի բակ: «Փոքր ժամանակ Տիկոս շուն շատ էր սիրում: Մի օր շունը մի քանի  հավ խեղդեց, բարկացած ասացի. «Դե, տա՛ր, վերացրո՛ւ էլի դրան»: Տիկոս շանը տարավ տանից մի փոքր հեռու, աչքերը լցրած փոքր փայտով սկսեց կամաց խփել շանը. «Որ ասում եմ՝ մի՛ կեր, մի՛ կեր, էլի: Հիմա որ ծեծեմ, լավ կլինի՞»:

«Չխկո ջան…» ամեն բառն ասելիս հավելում է մայրը ու ցույց տալիս Տիգրանի նկարները` մանկությունից մինչև ապրիլյան պատերազմի թեժ օրերը: Տիգրանի աչքերը կապույտ-կապույտ են, մազերը` շեկ, իսկական հայորդի: Չխկո ջան…

Տիկին Սիլվայի աչքերում բանտարկված կարոտ ու սպասում կա, իսկ արցունքները պահում է` բոլորիցս գաղտնի ինչ-որ անկյունում նրանց  ազատություն տալու համար: Տիգրանի սիրած աղջկա մասին այնքան սիրով ու հոգատարությամբ է խոսում` «Մարիս»: Առանց ճանաչելու, արդեն սիրում ենք Մարիին ու սպասում. ներս է մտնում, սիրալիր ու զուսպ բարևում: Տիկին Սիլվան շտապում է հյուրերին` մեզ ծանոթացնել Մարիի հետ:

Հոռոմ ժամանած հյուրերի լուրը տարածվել էր Գյումրիում ևս: Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներ Աշոտ Շահբազյանի և Մերուժան Ստեփանյանի մայրերը` տիկին Լիաննան և տիկին Նունեն,  մեզ են միանում: Տանկիստ, հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրը ևս: Երեկոն փռում է իր խաղաղ թևերը, և տունը նոր հյուրերով է լցվում. ապրիլյան պատերազմի մասնակից, երեքական տանկ խոցած գյումրեցի հերոսները` Ռաֆայել Հովհաննիսյանը, Շուլի Հակոբյանը և Տելման Մարկոսյանը իրենց ներկայությամբ հագեցնում են հարազատ ու ջերմ միջավայրը: Մեզանից երկուսի մոտ կիթառներ կան: Տիկին Սիլվայի խնդրանքով աղջիկները սկսում են նվագել հայրենասիրական ու զինվորին նվիրված երգեր…Երգերը հաջորդում են մեկը մյուսին, ու չգիտես ինչու` սիրահարի ինչ-որ երգ  կիթառի լարերից դուրս է թռչում…Անկյունում նստած Մարիի թաց  աչքերը չեն վրիպում  հայացքիցս: Սիրուն Մարի…

Տիգրանի փառքի անկյունում վառված էլեկտրական լույսը փոխարինում է ցերեկվա լույսին: Ժպտում է ու իր ժպիտով  լուսավորում այլևս հավերժ հերոս Տիգրան Պողոսյանի հերոսական տունը:

Տիգրանը միավորել է բոլորիս… կարծրացած ցավ կա, որը կիսում են այստեղ ներկաներից յուրաքանչյուրը: Ու ակամայից հիշում եմ հայտնի երգի այն տողերը, թե «Նրան կորցրիր, բայց մեզ ունես, պատիվ ունեմ…»:

 

ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

***

Մեր բազմադարյան

Արագած լեռան

Հպարտ ու խրոխտ հայացքի ներքո

Հրեղեն ու շեկ Վահագնի նման

Ծնվեց և ապրեց Հերոսն իմ ու քո։

Առաջին ճիչով լցվեց ողջ գյուղը

Բերկրանքից ցնծաց ամբողջ Հոռոմը,

Հետո պիտ ճչար ցավից մայր հողը,

Երբ հանկարծ մարեց գալստյան մոմը։

…Ընդունվեց, սիրեց գործը ռազմական.

Որոշել էր` պիտի ծառայի,

Նպատակն էր վեհ` պիտ դառնար պաշտպան

Սուրբ հայրենիքի։

Ավարտելուն պես ցանկացավ մեկնել

Ու Արցախ աշխարհում ծառայել,

Ուզում էր հասնել հեռու Եղնիկներ,

Բայց բախտն իր համար այլ բան էր պահել։

Մարտակերտն էր, որ հասել էր բաժին

Սկսնակ, բայց անվախ մեր լեյտենանտին,

Ու չվախեցրեց ոչինչ մեր քաջին,

Գնաց ու կանգնեց իսկույն սահմանին։

Յուրաքանչյուրին նա դարձավ հաճո,

Կոչեցին նրան մեր խիզախ Կյաժո,

Բոլորին դարձավ լավ ընկեր, եղբայր

Ու գնաց դեպի երկինքը անծայր։

Ապրիլ ամիսն էր գարնան ծաղկունքի

Վերջին ամիսը մեր քաջ Տիգրանի,

Երբ նենգ էր նորից մտքերը թուրքի,

Սահմանն էր հսկում Հերոսն արժանի։

Արկի պայթյունից ողջ հողն էր դողում,

Ու բեկորներն էին ցիրուցան թռչում,

Բոլորից մեկը դիպավ Տիգրանին,

Երբ իր մարմնով փրկեց զինվորին։

Դադարեց զարկել Տիգրանի սիրտը,

Բայց կապրի հավերժ նրա սխրանքը,

Ու չունի ավարտ Հերոսի կյանքը:

 

ԻՆԳԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Ճակատագրեր


16/08/2017