ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողությունների միջոցով և ներառում է համալիր պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ): Այն օպերատիվ-մարտավարական և հատուկ միջոցառումների համախումբ է, որ իրականացվում են ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի (ուժերի) կորուստները բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու և գործողությունների ժամանակ նրանց առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու, գերճշգրիտ և այլ տիպի զենքերից զորքերի (ուժերի) պաշտպանության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հրամանատարության կողմից առաջադրված մարտական խնդիրների կատարումն ապահովելու և հակառակորդի անսպասելի հարձակմանը արդյունավետ կերպով դիմակայելու ու հրանետային միջոցներով խոցելու նպատակով:
ՌՔԿՊ ստորաբաժանումների գործողությունների բնույթը կախված է իրադրության պայմաններից և լուծման ենթակա խնդիրներից:
ՌՔԿՊ զորքերի հիմնական խնդիրներն են՝
1) հակառակորդի կատարած միջուկային պայթյունի գրանցում,
2) ռադիացիոն, քիմիական և ոչ սպեցիֆիկ կենսաբանական (մանրէաբանական) հետախուզում,
3) զորքերի (ուժերի) պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ), ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտների վթարի կամ ավերման՝ խոցման գործոններից,
4) թիկունքի օբյեկտների և զորքերի քիմիական և դոզաչափական հսկողություն,
5) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատում և բացահայտում,
6) զորամասերի (ստորաբաժանումների) հատուկ քիմիական մշակում,
7) ճանապարհների, տեղանքի հատվածների, համազգեստի, սպառազինության, մարտական և այլ տեխնիկայի, մարտապաշարի և դրանց նյութական միջոցների ապաակտիվացում, գազազերծում, ախտահանում,
8) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում,
9) ՌՔԿՊ զորքերի պաշարների, սպառազինության և պաշտպանական միջոցների սարքին վիճակում պահպանման, ինչպես նաև անսարք միջոցների նորոգում,
10) զորքերի ապահովում ՌՔԿՊ սպառազինության և պաշտպանական միջոցներով,
11) ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովում,
12) մասնագետների պատրաստում (վերապատրաստում):
Վերը ներկայացված խնդիրների համարժեք և արդյունավետ լուծման համար ՌՔԿՊ զորքերում աշխատանքներ են տարվում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմման ուղղությամբ. հստակ արտացոլվում են ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործման, ՌՔԿՊ զորքերի և այլ զորատեսակների համատեղ աշխատանքների համադասման ու կառավարման արդյունավետության մեծացման, ինչպես նաև ՌՔԿՊ զորքերի ռեզերվի, սպառազինության և միջոցների պահեստային պաշարների ստեղծման հստակ առաջարկություններ՝ ներկայիս իրողության հաշվառմամբ:
Կարևորելով ՌՔԿՊ մասնագետների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը՝ յուրաքանչյուր տարի «Բաղրամյան» զորավարժարանում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության կողմից պլանավորվում և անցկացվում են ՌՔԿՊ զորամասերի (ստորաբաժանումների) ճամբարային հավաքներ: Հավաքի շրջանակում անձնակազմը հասու է դառնում արդի ժամանակակից սարքերի գործածման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի գործողությունների բնույթին, ինչպես նաև տարերային աղետների ժամանակ անհետաձգելի աշխատանքների իրականացմանը միտված գործողություններին: Ճամբարային հավաքի վերջում անցկացվում են մարտավարամասնագիտական զորավարժություններ՝ խաղարկելով ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակներին բնորոշ առանձին դրվագներ:
ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զարգացման հիմնական ուղղություններն են. նախ՝ ՌՔԿՊ տեխնիկայի, սպառազինության և սարքերի արդիականացումը, տեղական արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավումը վարակազերծման լուծույթների արտադրության և ռեցեպտուրաների կազմակերպման գործընթացում:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հետախուզման ցանցի ստեղծումը, որը հնարավորության կտա ՀՀ-ում ՌՔԿՊ վտանգավոր օբյեկտներում վթարի կամ ԶԽԶ կիրառման դեպքում արագ ազդարարելու շահագրգիռ կազմակերպություններին, զորամասերին և իրականացնելու հետևանքների վերացման աշխատանքներ: Եվ երրորդ՝ համագործակցությունը ԱՊՀ և արտասահմանյան այլ երկրների, միջազգային կառույցների հետ՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով:
Այսպիսով՝ ՌՔԿՊ զարգացման գործընթացը նպատակաուղղված է միջազգային փորձի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության
բաժանմունքի պետ
Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Ազգային բանակ