ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում նախապատրաստական լայնածավալ աշխատանքներից հետո հանդիսավոր պայմաններում մեկնարկեց նոր ուսումնական փուլը: Օգոստոսի 14-ին, ենթակա զորամասերից մեկի բազայի վրա, նոր փուլի բացման առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Ելույթ ունեցան վարչության պետը, զորամիավորման հրամանատարը, այլ զինծառայողներ, ովքեր պաշտպանության նախարարի «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում շեշտեցին հայոց հզոր և մարտունակ բանակի բացառիկ դերը երկրի խաղաղության, բնակչության անվտանգության ապահովման գործում, որում, անշուշտ, իր ծանրակշիռ դերակատարությունն ունի նաեւ առաջին բանակային զորամիավորումը: Օրերս տանկային բիաթլոնի միջազգային մրցույթում կիսաեզրափակիչ հասած հայկական տանկի անձնակազմերից մեկը հենց այս զորամիավորման ժամկետային զինծառայողներն են: Նոր ուսումնական փուլը նրանց պես գերազանց են դիմավորում մարտական փառավոր ուղի անցած, գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի զրահատանկային գումարտակի զինծառայողները: «Ջոկ», «Վաշտ», «Դասակ» – «Գումարտակ» – «Զորամաս» մակարդակներով անցկացված եռօրյա մարտավարաշարային պարապմունքներում նրանք ցուցադրեցին իրենց յուրացրած զինվորական գիտելիքների խոր և համակողմանի իմացությունը:
1-ին զորամիավորումում նոր ուսումնական փուլի մեկնարկն ու դրան անմիջապես հաջորդած եռօրյա մարտավարաշարային պարապմունքները ցույց տվեցին, որ մեր զորքերի մարտունակությունն ու զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը բարձր են: Նրանք ունակ են կատարելու իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ