ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ
Կրտսեր սերժանտ Սիմոն Գեւորգյանը մեր լավագույն զինվորներից է. կիրթ է, պարտաճանաչ, բարեխիղճ, տոկուն ու քաջ: Նա մարտի դաշտում ցուցաբերեց արիություն եւ խիզախություն: Նրա դիպուկ կրակից թշնամին կրեց զգալի կորուստներ: Շնորհավորում եմ Սիմոնին՝ զինվորական ծառայությունը պատվով ավարտելու կապակցությամբ:
Հակատանկային դասակի հրամանատար, լեյտենանտ Գուրգեն Գալեչյան
Հուլիսի 4-ն էր՝ հատուկենտ կրակոցներով, բայց հանդարտ մի օր, որ ոչինչ չէր «խոստանում»: Միայն թե ինձ` կրտսեր սերժանտ, ՀՀՆ-9 հաշվարկի հրամանատար Սիմոն Գեւորգյանիս համար էր այն ուրիշ. իմ մարտական հերթապահության վերջին օրն էր: Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի զորամաս, զորացրվեի եւ տուն ճանապարհվեի: Երբ առավոտյան նշանառության էի բերում ՀՀՆ-9-ը, անցած-գնացած օրերի վերհուշը սեղմում էր կոկորդս: Նայում էի զենքիս, եւ աչքիս առաջ էր գալիս ուսումնական զորամասը: Ես էի աչքիս առաջ գալիս՝ անվարժ մի երիտասարդ, որ պիտի լեզու գտներ 73 մմ տրամաչափով, 50.5 կիլոգրամանոց հաստոցավոր այդ նռնականետի հետ: Սովորելուց հետո երրորդ կարգի հրետանավորի կրծքանշան ստացա: Անասելի հպարտություն էի զգացել այդ պահին:
Ես նաեւ չէի մոռացել իմ առաջին կրակը հակատանկային այդ զենքից: Ոչ միայն չէի մոռացել, այլեւ ականջներումս դեռ «խշշում էր» հրամանատարիս՝ «պատրաստվել հրաձգության» հրամանը: Մայիսյան այդ զորավարժության ժամանակ էր, որ ես երեք անգամ հրաձգություն վարեցի եւ կրակով հրդեհեցի զրահապատ նշանակետը, պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները: Յուրաքանչյուր հարված ցրիվ տվեց իմ անհամարձակությունն ու անփորձությունը՝ ներսից փոխելով ինձ:
Մաքրում էի զենքս եւ հիշում 2016 թ. հունվարը: Նոր էի տեղափոխվել մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նոր էի դիրք բարձրացել, երբ գիշերը հակառակորդը թիրախավորեց մեր դիտակետերը: Արթուն աչքերով այս ու այն կողմ էի նայում եւ հրամանի սպասում: Միայն թե՝ ինձ վստահեին վճռական կրակոցը: Եվ հրամանատարն ինձ ընտրեց: Դիպուկ զարկեցի՝ այս անգամ վնասներ պատճառելով ոչ թե պայմանական, այլ իսկական հակառակորդին: Նստել էի փոսի մեջ՝ համակված զգացումներով, որ նախկինում երբեք չէի ունեցել:
Եվ ահա հուլիսի 4-ն էր: Կեսօր: Ամեն ինչ թվում էր ավարտված, զինվորի իմ դերը՝ սպառված: Մեկ էլ հանկարծ հակառակորդը 60 մմ ականանետով երեք արկ կրակեց: Ստորաբաժանման հրամանատարը կարգադրեց պատրաստվել գործողության: Ասես վերակենդանացա: Ես եւ նշանառու Էդուարդ Սահակյանը զենքն ուղղեցինք թշնամական TR-107 համալիրի վրա, որի կոորդինատները դասակի հրամանատար, լեյտենանտ Գալեչյանը նախապես էր հաշվարկել: Այլեւս կասկած չկար, որ նաեւ այդ զենքից էին կրակելու: Թիրախավորեցին թե՛ դիրքը, թե՛ հրամանատարական կետը: ՀՀՆ-9-ս «պայթեց»՝ ասես զայրույթից ճաքեց: Ընդամենը մեկ արկ եւ կրակակետը տակնուվրա եղավ: «Էն կողմում խուճապ է»,-ասաց դիտարկում կատարող հրամանատարը: Ես չկարողացա զսպել գոհունակության ժպիտս: Խաղաղություն իջավ: Երկու ժամ անց, սակայն, նորից TR-107 համալիր գործի դրեցին: Երկրորդ կրակոցի հրամանն ստացա: Եվ նորից խոցում: Հավանաբար մեր դիպուկ գործողությունները սաստիկ կատաղեցրին թշնամուն: Քիչ անց ոչ միայն TR-107 համալիրից էին կրակում, այլեւ 82 մմ ու 120 մմ ականանետներից: Մենք նշան արեցինք եւ հարվածեցինք. կարճ պայթյունից մոխրագույն ծուխ բարձրացավ: Երրորդ կրակակետը «փռվեց մեջքի վրա»: Ես փոշոտ էի, հոգնած ու քրտնած, բայց ուժեղ էի, քան երբեւէ:
Վրեժ կար իմ այդ կրակոցներում: Ես կրկին հիշեցի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից Այգեհովիտ բռնագաղթած ծնողներիս պատմությունները: Հիշեցի բերքատու ծառերով մեր երկհարկանի մեծ տունը, որը միայն տեսաձայնագրություններում էի տեսել: Հիշեցի պապիկիս մշակած ազնվամորու լայնատարած դաշտերը, որոնց բերքը երբեք չէի քաղել: Հիշեցի տատիկիս աչքերում լճացած արտասուքը:
Հուլիսի 4-ին ես կրակեցի մեր գերեվարված տան համար: Ես ջարդեցի թշնամուն եւ լուծեցի պատերազմում զոհված պապիկիս վրեժը: Ի դեպ, ես նրա անունն եմ կրում:
Հ. Գ. Երբ Սիմոնն իջավ դիրքերից, դիրքապահ տղաները նրան ժամացույց նվիրեցին՝ շնորհակալություն հայտնելով այդ օրն իրենց կյանքը փրկելու համար:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում