ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Այնուհետև դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան զինվորականներ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, խոսելով իր ծառայողական ուղու մասին, անձնական օրինակով ներկայացրեց հաջողության հասնելու իր բանաձևը, խորհուրդներ տվեց ծառայական ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, սպայի կերպարի, դերակատարման, ծառայությունը լավ սկսելու վերաբերյալ: Փաստեց, որ զորքն առաջնորդելու ամենալավ տարբերակը անձնական օրինակն է: Նա գովելի համարեց այն փաստը, որ շրջանավարտների զգալի մասը ցանկություն է հայտնել ծառայել սահմանամերձ զորամասերում: Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, իսկ զինվորականի մասնագիտությունը պատերազմ վարելն է, պատրաստվելը, ուժեղ բանակ ունենալը և դրանով իսկ պատերազմի վերսկսումը կանխելը:
-Ավելի մեծ բավարարվածություն, քան հակառակորդի նկատմամբ հաղթանակ տոնելն է, չեմ ունեցել: Ցանկանում եմ, որ բոլորդ էլ ձեր ծառայության ընթացքում վայելեք հաղթանակի բերկրանքը,-նշեց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա իր խոսքում նշեց, որ սպաները ապագայի նկատմամբ մեծ հույս ու հավատ ներշնչող առաքելություն են ստանձնում:
-Հավատացեք՝ ձեր ամեն մի հաջողություն մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն է լինելու: Դուք գիտեք, թե ինչ վերաբերմունք կա սպայի և զինվորի նկատմամբ մեր հասարակությունում: Մենք ձեզ հետ միասին ժառանգել ենք հաղթանակ, ձեզ հետ միասին ժառանգում ենք զինված ուժեր, որի զարգացման առաջընթացի համար յուրաքանչյուրս իր պատասխանատվությունն է կրելու: Ձեր ծառայության ողջ ընթացքում դուք հնարավորություն եք ունենալու զարգացնելու ձեր գիտելիքները, կատարելագործելու կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով մարտական պատրաստականության բարձրացմանը և ենթակա անձնակազմի ճիշտ կառավարմանը:
Փոխնախարարը անդրադարձավ նաև պաշտպանական համակարգի բարեփոխումներին:
Միջոցառումների անցկացման առաջին օրը շրջանավարտներն ունկնդրեցին դասախոսություններ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, սահմանի տեխնիկական հագեցվածության, առաջնագծում ծառայության հիմնական առանձնահատկությունների մասին, ծանոթացան զինծառայողների սոցիալական երաշխիքներին և բժշկական ապահովության համակարգին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում