Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԿԻՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ



ՀԻՆ ՀՌՈՄԻ ԿԻՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸՔչերին է հայտնի, որ Հին Հռոմում եղել են նաև կին գլադիատորներ: Հետաքրքիր է, որ այս ուղին նրանք իրենց ցանկությամբ էին ընտրել և ոչ հարկադրաբար, ինչպես ստրուկ մարտիկների պարագայում էր: Եվ կին մարտիկները պակաս արհեստավարժ չէին, քան նրանց տղամարդ գործընկերները:

Հռոմեացիների գերնպատակն էր, որ սեռական գայթակղություն մտցնեն այդ ավանդական արյունոտ ու դաժան հանդիսախաղում:

Նրանցից շատերն ի սկզբանե մենամարտում էին գաճաճների հետ, որպեսզի զվարճացնեն հանդիսատեսին: Իսկ այնուհետև մենամարտում էին կենդանիների հետ, օրինակ՝ վարազների: Ավելի ուշ, կանայք սկսեցին մենամարտել կանանց հետ:

 

Մարտեր մերկապարանոց

Գլադիատոր տղամարդիկ մենամարտում էին մերկիրան: Իսկ երբ մրցասպարեզում հայտնվում էին կանայք, այն էլ՝ մերկ իրանով, հետաքրքրությունն ու լարվածությունը գագաթնակետին էր հասնում: Կին գլադիատորի հագուստը բաղկացած էր ազատ փողփողացող կիսաշրջազգեստից, գլխանոցից ու սաղավարտից: Իսկ զինված էին նրանք վահանով ու սրով: Մարտի վերջում կին գլադիատորները հանում էին սաղավարտը, որպեսզի հանդիսատեսը տեսնի նրանց դեմքը, և սուրն ամուր սեղմող ձեռքերը վեր էին խոյացնում՝ հաղթանակած ողջունելով հանդիսատեսին:

 

Դառնալ գլադիատոր եՎ հարստանալ

Շատ ազատ քաղաքացիներ (ոչ ստրուկներ) որոշում էին դառնալ գլադիատոր, որովհետև ձգտում էին փառքի և հարստության։ Հատկապես մեծ գումար վաստակելու համար սա «ամենադյուրին» ճանապարհն էր: Կանայք ևս բացառություն չէին: Փաստորեն, կանանց մեծ մասը մրցասպարեզ էր գալիս կամավոր: Դա անվանի դառնալու նրանց միակ հնարավորությունն էր: Իսկ եթե կինը հաղթում էր մարտում, նա դառնում էր նյութական առումով անկախ և այլևս կարող էր չենթարկվել որևէ մեկի կամքին՝ լիներ հայրը, ամուսինը կամ խնամակալը:

 

Ամուսնություն

Տղամարդ գլադիատորները, ձեռք բերելով անկախություն, ապրում էին սովորական կյանքով: Եթե նրանք ռազմագերիներ էին, ապա վերադառնում էին տուն: Սակայն, եթե խոսքը կին գլադիատորների մասին էր, ապա նրանք դառնում էին ամոթ և խայտառակություն իրենց ընտանիքների համար, իրավազուրկ անձ, որովհետև լքել էին իրենց համար նախասահմանված՝   «ամուսնական, ընտանեկան ասպարեզը»: Իսկ որովհետև կանայք մենամարտում էին մերկ, ապա իրենց կարգավիճակով հավասարվում էին քրմուհիներին կամ մերկապարուհիներին: Փաստորեն, գլադիատորները, անկախ սեռից, համարվում էին վաճառքի ենթակա անձինք: Կին գլադիատորները այն խավին էին պատկանում, որի ներկայացուցիչները վաճառում էին իրենց մարմինները, ուստի նրանց իրավունքները գրեթե նույնն էին, ինչ մարմնավաճառներինը:

Հին Հռոմում, սովորաբար, ամուսնանում էին երիտասարդ տարիքում: Եթե աղջիկը հարուստ ընտանիքից էր, ապա նրա ամուսնությունը կազմակերպում էր հայրը, և դա արվում էր հաշվարկով: Եթե ինչ-որ կին խաբում էր իր ամուսնուն, ապա զույգը բաժանվում էր, և կինն իրավունք չուներ կրկին ամուսնանալու: Սա նշանակում էր, որ եթե հայրը մերժում էր աղջկա ցանկությունը, ապա նա դատապարտված էր անապահով կյանքի: Բայց, այնուամենայնիվ, չկա որևէ հուշագրություն կամ վավերագիր կին գլադիատորների կյանքից, որը մեզ պատկերացում կտար, թե կինը, որն ընտրել է այդ ճանապարհը, արդյոք հայտնվո՞ւմ էր «սև ցուցակում» իր անցյալի պատճառով:

 

Ամազոնուհի եՎ Աքիլեա

Հնագետները հայտնաբերել են մարմարե սալիկ, որի վրա պատկերված են երկու կին գլադիատորներ՝ Ամազոնուհի և Աքիլեա անուններով (ավելի ճիշտ, սրանք մականուններ են և ոչ անուններ): Քիչ բան է հայտնի Ամազոնուհու և Աքիլեայի մասին, բացառությամբ, որ նրանք մենամարտել են շատ քաջակորով:

Աքիլեա անունն ըստ ամենայնի արական Աքիլլես անվան իգականն է: Հոմերական քերթվածում Աքիլլեսը մենամարտում խոցում է ամազոնուհիների թագուհի Պենտեսիլեային: Եվ միայն սպանելուց հետո է հերոսը տեսնում ամազոնուհու գեղեցկությունը և վշտանում, որ վերջինիս կնության չի առել:

Կանացի մենամարտը գուցե հնավանդ առասպելի արձագանքն է՝ միայն երջանիկ ավարտով: Անհավատալի է, բայց այս կին գլադիատորների պատմությունը փաստորեն այնքան սրտամոտ է եղել կայսրության քաղաքացուն, որ նա իր տանը տեղադրել է նրանց ձոնված մարմարե քանդակ: Սա միակ եզակի նմուշն է, որ պահպանվել է և մեզ փոխանցել կին գլադիատորների կյանքի մի դրվագը:

 

Գլադիատորի գերեզմանը

2000 թվականին Լոնդոնին հարակից հռոմեական ամֆիթատրոնի մոտակայքում հնագետները հայտնաբերել են 25-ից 30 տարեկան մի կնոջ դամբարան: Դատելով մնացորդներից՝ կարելի է ենթադրել, որ այդ կինը եղել է առողջ: Դամբարանը զարդարված է եղել գլադիատորի հանդերձանքով: Պահպանվել են նաև սննդի մնացորդներ, որ մատուցվել են թաղման ծեսի ժամանակ: Գերեզմանում կային նաև կանացի թանկարժեք զարդեր: Դատելով գտածոներից՝ կարելի է ենթադրել, որ սա կին գլադիատորի գերեզման է, և նա բնական մահով չի մահացել:

Հռոմեական օրենքի համաձայն, ստորին խավերի ներկայացուցիչներին չէր կարելի դուրս հանել քաղաքից և հուղարկավորել ընդհանուր գերեզմանոցում: Բայց այն փաստը, որ այս կինը հուղարկավորված էր այսպիսի պատվով, այն էլ ամֆիթատրոնի հարևանությամբ, վկայում է, որ նա եղել է հասարակության համար սիրելի անձ:

 

Կին-ստրուկներ ներկայացումների համար

Յուրաքանչյուր հռոմեացի տիրակալ իր լուման էր ներդնում Կոլիզեյում կատարվող  ներկայացումներում: Տղամարդ ռազմագերիներին դարձնում էին գլադիատոր, որը նրանց հնարավորություն էր ընձեռում ողջ մնալ: Իսկ ինչ վերաբերում էր կին գլադիատորին, ապա նրանց դա քիչ էր հաջողվում: Ներոն կայսեր հրամանով, օրինակ, եթովպացի կանայք ու ստրկուհիներն ստիպված էին մրցասպարեզում մենամարտել վայրի կենդանիների հետ: Ընդ որում, կանանց տալիս էին ընդամենը փոքրիկ դաշույններ՝ ինքնապաշտպանության համար:

 

Արգելանք կանանց համար

Սևերուս կայսրը հրաման է արձակում, ըստ որի՝ չծննդաբերած կանանց արգելվում է մրցասպարեզ դուրս գալ: Կայսրն այս հրամանն արձակում է այն բանից հետո, երբ ներկա է լինում Հունաստանում ընթացող Օլիմպիական խաղերին: Այնտեղ կանանց արգելված էր մասնակցել պաշտոնական խաղերին, բայց նրանց թույլատրվում էր զբաղվել մարմնակրթությամբ և հետևել կառուցվածքին՝ ինչպես մարզիկները:

Քանի որ կին գլադիատորները միակ կին մարզիկներն էին Հին Հռոմում, կայսր Սևերուսը ենթադրում էր, որ վերջնական արդյունքում նրանք կցանկանան մասնակցել Օլիմպիական խաղերին: Իսկ դա նրա սրտով չէր, որովհետև կարծում էր, թե այդ ամենը կխարխլի ամուսնական կապերը Հին Հռոմում: Եվ կանանց մասնակցությունը Օլիմպիական խաղերին թույլատրվեց միայն 1900 թվականին՝ Փարիզում անցկացվող  խաղերի ժամանակ:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Պատմության էջերից


23/08/2017