ԶԻՆՎՈՐԻ ՆՄԱՆ
Արձակագիր Պերճ Զեյթունցյանի հետ այս զրույցը յոթ տարվա վաղեմություն ունի, սակայն մեծ մտավորականի խոսքը, նրա մտահոգություններն ու պատգամները արդիական են նաեւ այսօր: Ավարտվեց Պերճ Զեյթունցյանի կյանքի երկրային ուղին, բայց նրա գրական ժառանգությունը հավերժ կմնա մեր մշակույթի ոսկե էջերում:
-Պարոն Զեյթունցյան, այս զրույցի շրջանակում խոսելու ենք Ձեր արմատների, անցած ճանապարհի, գրական ժառանգության մասին, ինչպես նաեւ անդրադառնալու ենք հայ արձակի ներկայիս վիճակին, հրատապ խնդիրներին ու զարգացումներին։ Ինչի՞ց սկսենք…
– Թերեւս իմ Զեյթունցյան ազգանունից։ Նախնիներս Տեր-Սարգսյան ազգանունն են կրել, սակայն հետագայում պապիս պատվին, որը հայտնի էր Զեյթունցի Սարգիս անվամբ, մեր տոհմը կոչվել է Զեյթունցյան։ Բարեբախտաբար, մերոնք կարողացել են փրկվել կոտորածից եւ հաստատվել են Եգիպտոսում։ Ես Եգիպտոսում եմ ծնվել։ Եգիպտահայ համայնքը շատ ամուր էր, կազմակերպված, եռանդուն։ Հայապահպանությունը համայնքի ավուր հոգսն էր։ Պատահական չէ, որ եգիպտահայ համայնքը բազում նշանավոր անուններ է տվել՝ Միհրան Երկաթ, Զավեն Դոլաբջյան, Հակոբ Հակոբյան, Աննա Նշանյան… Տեղի հայկական դպրոցները շեշտված ազգային նկարագիր ունեին, երեխան առաջին հերթին դաստիարակվում էր ազգային արժեքներով։
– Ո՞րն է Ձեր մանկության ամենատպավորիչ, ամենաջերմ հուշը։
– Ես շատ զգայուն երեխա էի, գլուխս լիքն էր երազանքներով, երեւակայական պատմություններով, պատկերներով, գույներով։ Չգիտեմ՝ որը հիշեմ։ Օրինակ՝ որոշել էի նվագախումբ ունենալ, թեեւ ես ոչ մի գործիք չէի նվագում։ Մի օր էլ հայրս, երաժշտական գործիքներով բեռնված, եկավ տուն։
…Հիշում եմ՝ ինչպես էր «Պոբեդա» նավը մեզ բերում Հայաստան։ Սկզբից մեզ շատ լավ էին կերակրում, հետո ¥երբ մտանք Սեւ ծով¤ սեւ թխվածք հիշեցնող ինչ-որ բան տվին, մայրս ասաց՝ կեքս է, պարզվեց՝ հաց էր։ Հայաստանում մեզ ծանր օրեր էին սպասում։ Երբ նպարավաճառ հորեղբորս աքսորեցին, հասկացանք, որ փրկության ոչ մի հույս չունենք, որովհետեւ հայրս ժամանակին ակտիվ կուսակցական գործունեությամբ էր զբաղվել (ռամկավա՞ր էր, թե՞ համակիր)։ Այդ տարիների ամենատիրական զգացումը տագնապն էր։ Տարբեր աշխարհներից եկած, տարբեր քաղաքակրթություններ հանգրվանեցին մի կտուրի տակ, խորթության զգացումը երբեմն այնքան ուժեղ էր ու ընկճող… Ամեն ինչ փոխվեց, երբ տպագրվեց առաջին պատմվածքս։ Այն առաջին մրցանակի եւ ոսկե մեդալի արժանացավ Հայաստանում եւ 2-րդ մրցանակի ու արծաթե մեդալի՝ միութենական մրցույթում։ Դեռ դպրոցական էի, երբ լույս տեսավ առաջին գիրքս։ Գրող Սաղաթել Հարությունյանը եկավ դպրոց, որ անձամբ ծանոթանա հետս, խրախուսեց, թեւ տվեց։ Իմ առաջին գիրքը գրախոսել է Նաիրի Զարյանը։ Այո՛, այն ժամանակ կային այդպիսի մարդիկ՝ գրողներ, որոնք գրականությամբ էին ապրում։ Չգիտեմ՝ այսօր ես կգնա՞մ դպրոց կամ բուհ՝ տեսնվելու սկսնակ գրողի հետ, որեւէ հետաքրքիր գործ կարդալիս կփնտրե՞մ հեղինակին…Ինչեւէ, դրանից հետո իմ կյանքում մի նոր, հրաշալի շրջան սկսվեց, ես դարձա դպրոցի կենտրոնական դեմքը… Առաջին գրքիս հոնորարը 6 հազար ռուբլի էր, որը ինձ հնարավորություն տվեց իրականացնելու վաղեմի երազանքս։ Մայրս կարուհի էր, երգչուհիների, դերասանուհիների զգեստներն էր կարում, երբեմն առավոտից իրիկուն, նույնիսկ ամբողջ գիշեր։ Երբ ստացա առաջին գրքիս հոնորարը, խնդրեցի, որ մայրս դուրս գա աշխատանքից, այդ օրվանից ես ընտանիք եմ պահել։
Իմ մտածելակերպի, գեղագիտական ընկալումների եւ հայացքների վրա ահռելի հետք թողեցին Մոսկվայի բարձրագույն սցենարական կուրսերում սովորելու տարիները։ Ես դիտեցի աշխարհի 400-500 լավագույն ֆիլմերը։ Իսկ երբ ՄԽԱՏ-ում դիտեցի Չեխովի «Երեք քույրերը», բառացիորեն վարակվեցի թատրոնով։ Ես բախտ եմ ունեցել խմբագրելու այնպիսի բարձրարվեստ ֆիլմեր, ինչպիսիք են «Բարեւ, ես եմ», «Եռանկյունի», «Նռան գույնը»….
– Պարոն Զեյթունցյան, Ձեր գործերը թարգմանվել են 12 լեզվով` աշխարհի ժողովուրդներին պատմելով մեր ցավի եւ ուրախության, մեր կորուստների եւ երազանքների, մեր ճակատագրի, հայի մեր տեսակի մասին: Ձեր «Մեծ արեւագալը» տպագրվել է 80 հազար տպաքանակով, «Մեծ լռությունը» դրամատիկ թատրոնի բեմում է 27 տարի: Պիտի ցավով փաստենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող նման ստեղծագործությունները քիչ են մեր արվեստում: Գործեր, որոնք մեր ազգային խնդիրները կբարձրացնեին համաշխարհային չափումների ոլորտ, կհամատեղեին օրախնդիր եւ մշտնջենական հարցադրումները:
– Ես այն կարծիքին եմ, որ ազգային խնդիրները (ազգային թեման) չեն կարող չունենալ համամարդկային մտահոգությունների ակունք, չեն կարող չհուզել մարդկանց, չառնչվել մշտնջենական հարցադրումներին, մենք հաճախ շփոթում ենք ազգայինը նեղ, մասնավոր, պատեհապաշտ հարցերի հետ: Խնդիրը ազգային հարցադրումների փիլիսոփայությունն է, դրանք համամարդկային հնչեղության տեսանկյունից կարեւորելու ունակությունը, գլոբալ շեշտադրումները, աշխարհի հոգսերին «ազգայինի» պատուհանից առնչվելու մղումը: Ազգայինը դրսեւորվում է աշխարհընկալման, մտածողության, գեղագիտության եւ բարոյախոսության համատեքստում: Բոլոր համամարդկային արժեքների հենքը խորապես ազգային է:
– Ցանկացած ազգի ներկայացուցիչ, անկախ իր անցած ճանապարհից, պատմությունից, մշակույթից, չի կարող անտարբեր մնալ հայրենազրկված մարդու ողբերգության հանդեպ։ «Մեծ լռությունը»՝ Վարուժանը, Սեւակը, Կոմիտասը հուզել են եւ հուզելու են։
– Լինքոլնը մի հանճարեղ ձեւակերպում է արել. «Եթե ասենք ճշմարտությունը՝ հանրապետությունը փրկված է»: Արվեստագետի առաքելությունը ճշմարտությունն ասելն է։ Արվեստագետը պիտի ազնիվ լինի ժողովրդի հետ, չճկվի, չհարմարվի։ Եթե թեկուզ մեկ անգամ կեսճշմարտություն ես ասել, եթե կակազել ես, ժողովուրդը երես կշրջի քեզնից, չի հավատա քեզ։
– Ի՞նչ խմորումներ են այսօր հայ արձակում։ Ի՞նչ ժառանգություն է թողնում մեր ապրած ժամանակաշրջանը հայ գրականության մեջ, մասնավորապես` մեր նորագույն պատմությունը` իր մաքառումներով, հաղթանակով։
– Կարող եմ մի քանի անուններ նշել՝ Գուրգեն Խանջյան, Վահագն Գրիգորյան, Նորայր Ադալյան, Ռուբեն Հովսեփյան, Վահագն Մուղնեցյան…. Վերջերս մի հրաշալի երիտասարդ արձակագիր է ասպարեզ իջել՝ Արեգ Ազատյան, որը պետական մրցանակի արժանացավ….մեր ապրած ժամանակաշրջանը` մեր վերելքներն ու վայրէջքները, մեր ոգին, հայ մարդը, անկասկած, մարմնավորվում է հայ արձակում։ Լավ գործեր ստեղծվում են։ Խնդիրն այն է, որ այդ գործերը չեն հասնում ընթերցողին։ Գրականությունը երկխոսություն է գրողի եւ ընթերցողի միջեւ։ Այդ երկխոսությունը չի կայանում, այսինքն՝ գրականությունը չի կատարում իր առաքելությունը՝ արվեստագետն ու ընթերցողը չեն հանդիպում։
– Զրույցի սկզբում ասացիք, որ Եգիպտոսի հայկական դպրոցում երեխան դաստիարակվում էր ազգային արժեքներով, մինչդեռ այսօր սեփական հայրենիքում, ինքնիշխան, անկախ պետության մեջ ազգային դպրոց, ազգային կրթադաստիարակչական համակարգ ստեղծելու մեր ջանքերը առայժմ էական արդյունք չեն տալիս…
– Ազգային ինքնագիտակցությունը արթնանում է ինքնաճանաչողության, սիրո եւ նվիրումի համատեքստում։ Եգիպտոսի հայկական դպրոցներում ազգային մշակույթի ուսումնասիրությունը, մայրենիի, հայոց պատմության ուսուցանումը կրթության հիմքն էին, էությունը, բարոյախոսությունը, հաջողությամբ ուսուցանվում էին նաեւ մյուս առարկաները եւ օտար լեզուները։ Ազգային դպրոց ստեղծելու առաջին երաշխիքը պետական-ազգային գաղափարախոսության եւ ազգային պետության առկայությունն է։ Այսօր կրքեր են բորբոքվել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խնդրի շուրջ, ոմանք մեծ ջանասիրությամբ պաշտպանում են օտար լեզուների «իրավունքը»… Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես: Մայրենի լեզուն փրկելու մասին մտածեք։ Այսօր մայրենին աղճատվում է՝ սկսած փողոցի առօրյա խոսակցություններից, վերջացրած հեռուստատեսությամբ, մամուլով եւ ամենաբարձր պետական ամբիոններով։ Եթե օտար լեզուների ուսուցումը այդքան հրատապ է, ապա դասավանդեք այն հայկական դպրոցներում՝ երեխայի հոգում նախեւառաջ մայրենի լեզվի եւ ազգային արժեքների հանդեպ սեր, հարգանք արթնացնելուց հետո միայն։ Մայրենիի իմացությունը սովորական նյութի յուրացում չէ, մտածողություն է, բարոյականություն, նկարագիր, կրթվածություն, հոգեւոր դաստիարակություն… մայրենիի հանդեպ սերը, մայրենի լեզվի իմացությունն է երեխային տանում դեպի գիրքը, գրականությունը՝ դեպի գիտելիքը։ Չե՞ք մտածել` ինչո՞ւ, ինչպե՞ս նվազեց ¥որ չասեմ՝ վերացավ¤ կրթության, կրթվածության հանդեպ մեր հարգանքը։ Հարգանքը գրքի հանդեպ։
– ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ շուտով Հայաստանը կհռչակվի գրքի մայրաքաղաք, օտարազգիները կգան 5000-ամյա մշակույթ ունեցող մեր երկիր, կգնան Մատենադարան…
– Հետո դուրս կգան փողոց, կփնտրեն, շատ կփնտրեն ու ոչ մի գրախանութ չեն գտնի։ Հետո կհասկանան, որ մեզ գրախանութ պետք չէ, մենք գիրքը վաճառում ենք գետնանցումներում, բառացիորեն գետնին թափած… Այդուհանդերձ, ցավալին այն չէ, թե ինչ կտեսնեն օտարները, ամենաողբալին այն է, թե ինչ են տեսնում այսօր մեր երեխաները, դպրոցականները… Մանկության ու պատանեկության տարիները անփոխարինելի են հոգին կրթելու, գեղեցիկ հույզեր արթնացնելու, զգայուն-զգացմունքային, մտածող-պրպտող անհատ ձեւավորելու համար: Այդ տարիների բացը երբեք չի վերականգնվում: Դա այն տարիքն է, երբ ընկալունակ հոգին սպունգի պես ներծծում է ամեն ինչ: Առանց գրքի, գրականության մենք չենք կարող սերունդ կրթել: Առանց գեղեցիկ խոսքի, բառ ու բանի մեծացած սերունդը` վաղվա հասարակությունը, ի՞նչ արժեքներով է ապրելու, դեպի ո՞ւր է տանելու երկիրը:
– Պատմությունը վկայում է, եղեռնի ժամանակ գաղթի ճամփան բռնած հայերը իրենց ինչքը, հարստությունը փրկելու փոխարեն հայատառ գրքեր են վերցրել իրենց հետ… գուցե հենց այդ գրքերից մեկն է այսօր հանգրվանել գետնանցումներում, մայթերին…
– Հայրենիքը սահմանով գծված, կիլոմետրերով չափվող տարածք լինելուց զատ (գուցեեւ առաջին հերթին) ազգի անցյալն է, մշակութային ժառանգությունը, բարոյական արժեքների համակարգը, կերպը, տեսակը, գույնը: Հայրենիքը մեր լեզուն է, մեր գրականությունը, մեր արվեստը, մեր հոգեկերտվածքն ու ազգային նկարագիրը: Այդ ամենը պաշտպանել է պետք նույնքան անձնվիրաբար ու նախանձախնդիր, որքան զինվորն է պաշտպանում հայրենիքի նյութական սահմանները: Հայրենիքը կարելի է կորցնել նրա տարածքային սահմանները կորցնելուց առաջ: Այդ դեպքում ո՛չ մի զենք, ո՛չ մի զինուժ չի կարողանա հրաշք գործել:
Ուրեմն զինվորի նման տեր կանգնենք մեր հոգեւոր հայրենիքին, զինվորի նման ծառայենք նրան, զինվորի նման պաշտպանենք մեր ազգայինի սահմանները, զինվորի նման սիրենք մեր հայրենիքը:
-Պարոն Զեյթունցյան, Արցախի անկախության հերթական տարեդարձն է, ինչ խորհուրդ ունի հոբելյանը Ձեզ համար:
-Արցախյան պատերազմի հաղթանակը յուրաքանչյուր հայի հաղթանակն է: 20-րդ դարի վերջին հարյուրամյակների ընդմիջումից հետո մենք իրական հաղթանակ տարանք: Զենքի հաղթանակ, ոգու հաղթանակ, որը ուժ ու հզորություն, հավատ ու հաստատակամություն լինելուց զատ նաեւ շոշափելի նյութական ձեռքբերում է` ազատագրված հայրենիք է, հայրենի հող: Մենք կարողացանք մոտ 20 տարի անխախտ պահել պատերազմական նվաճումները: Սա նույնպես մեծ հաղթանակ է, որը մեկ անգամ եւս հավաստում է, որ անկախությունը անշրջելի իրողություն է: Արցախի ժողովրդին եւ համայն աշխարհի հայությանը մաղթում եմ նոր հաղթանակներ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Բանակ և հասարակություն