ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Աղվանը քաղաքացիական կյանք է վերադարձել մեկ ամիս առաջ, բայց չի զգում, որ զինվորական համազգեստն ու զորամասային կյանքն անցյալում են: Ականջներում դեռ զինակից ընկերների կատակներն ու հրամանատարների հրահանգներն են հնչում ու դեռ երկար կհնչեն՝ չի կասկածում։ Ասում է՝ երկու տարում շատ բան է սովորել՝ կյանքի, կարևորի ու ոչ կարևորի, մնայունի ու անցողիկի մասին…Ծառայության երկու տարին փոխել է Աղվանի՝ ոչ միայն կյանքի մասին պատկերացումները, այլև բնավորությունը։ «Բանակը շատ է փոխում մարդուն։ Նախքան ծառայությունս կարող է որևէ քայլ անեի՝ առանց հետևանքների մասին մտածելու, իսկ հիմա ամեն մի քայլից առաջ հաշվի եմ առնում հնարավոր բոլոր հետևանքները: Բնավորությունս շատ է փոխվել, բայց այդ երկու տարվա ընթացքում ամենակարևոր ձեռքբերումս նպատակասլացությունն է»,-վստահեցնում է Աղվանը։
Բանակային կյանքի մասին ունեցած պատկերացումները շատ են տարբերվում իրականությունից. Աղվանը հասկացել է զորացրվելուց կարճ ժամանակ անց: Այն բանակային կյանքը, որ նա տեսել է ֆիլմերում, ձանձրալի էր, այն, ինչ ապրել է, անհամեմատ հետաքրքիր. «Ֆիլմերից այնպիսի տպավորություն էի ստանում, թե բանակում ամբողջ օրը շարային են անում, բայց ամենևին էլ այդպես չէ: Եվ ուրախալի է, որովհետև, եթե երկու տարի անընդհատ միայն շարային պարապմունքներ կատարես, կձանձրանաս: Մինչև բանակ չես գնում, չես պատկերացնում, թե դա ինչ է: Իմ բանակային կյանքը հետաքրքիր է անցել»:
Հարցնում եմ` թե «Ի՞նչն էր հատկապես հետաքրքիր» ծիծաղում է, հետո անմիջապես լրջանում՝ «Դիրք պահելը»:
Աղվան Ադիլխանյանը զինվորական երդում տվել ու երդմանը հավատարիմ է մնացել հայրենիքի՝ պաշտպանության ամենաշատ կարիքն ունեցող հատվածում՝ Արցախում։ 2016թ. ապրիլին Աղվանն ընդամենը ութ ամսվա ծառայող էր: «Ես չէի պատկերացնում, որ 18 տարեկան տղաները կարող են առանց խուճապի մատնվելու ու լարվածության նետվել առաջ։ Զարմանալի միասնականություն կար, բոլորս ոգևորված դիրքեր էինք ուզում բարձրանալ,-կյանքի ամենամեծ փորձության մասին է պատմում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի նախկին զինվորն ու անմիջապես հավելում:-Բայց մեզ մոտ այնքան էլ մեծ չէր լարվածությունը, համեմատաբար հանգիստ էր իրավիճակը:
Աղվանն այդ օրերին նույն բանն անընդհատ ասում էր ծնողներին, որպեսզի չանհանգստանան: Նրանք էլ լսում, բայց չէին հավատում. մտածում էին` այդպես է ասում, որ շատ չմտածեն: Հինգ օր Ադիլխանյանները հեռուստացույցից այն կողմ չէին գնում: Իրենց անհանգստության չափը Աղվանին զորացրվելուց հետո են ներկայացրել. «Ծնողներս շատ էին անհանգստանում, ասում էին՝ այդ հինգ օրն ավելի երկար տևեց, քան ամբողջ երկու տարին»,- ժպտում է։
Ապրիլյան պատերազմը Աղվանի բանակային կյանքի ամենամեծ, բայց միակ փորձությունը չէր: 2017թ. փետրվարի 25-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը որպես թիրախ ընտրել էր այն զորամասը, որտեղ Աղվանն էր ծառայում: Սակայն 18-20 տարեկանները հյուրերին ճիշտ ժամանակին ու ըստ արժանվույն «դիմավորելով»` ետ են շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանցիների ձախողված դիվերսիան Աղվանի բանակային կյանքի «ուրախ» հուշերից մեկն է, քանի որ այդ ժամանակ մեր տղաները հիանալի պատասխան են տվել հակառակորդին:
Աղվանը վստահ է՝ Ադրբեջանի ոչ մի արկածախնդրություն տեղ չի հասնի, քանի դեռ տղաները սթափ ու պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունները. «Եթե դիտարկումներդ ժամանակին անես, չես կարող չնկատել թշնամու շարժը։ Իսկ մենք զգոն էինք, ապրիլից հետո ավելի ենք զգոնացել: Կարծում եմ` նման դեպքեր էլի կլինեն, պետք է ամեն պահի պատրաստ լինել»:
Աղվանի ոչ միայն զգոնությունը, այլև պատասխանատվությունն է բանակում «թրծվել», ինչը հրամանատարների աչքից չի վրիպել. Աղվանը համեստորեն ցույց է տալիս ծառայության ընթացքում ստացած շնորհակալագրերը, պատվոգրերն ու «Քաջարի մարտիկ» կրծքանշանը:
Աղվանի բանակային կյանքն անցյալում է, նրանից ստացածն ու սովորածը` ներկայում: Նախկին զինվորը համոզված է` բանակը կյանքի դպրոց է, որով պետք է անցնի յուրաքանչյուր տղա. «Եթե զորակոչվել ես բանակ, ուրեմն պետք է պատասխանատվությամբ ծառայես հայրենիքիդ, պետք եղած դեպքում` պատրաստ լինես կյանքիդ գնով պաշտպանելու այն»:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Ազգային բանակ