«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»
Հրետանային դիվիզիոնը ձորի մեջ է` պաշտպանված կտրտված կանաչ լեռներով: Ձորի երկայնքով դասավորված են ուսումնական կետերը: Ծածկի տակ կողք-կողքի մարտական մեքենաներն են: Զինվորները լվանում, մաքրում, ստուգում են սարքինությունը: Ավելի հեռվում շտաբն է: Մեծ սենյակում, գրասեղանի մոտ նստած է դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Վահե Շեկոյանը: Նա ինչ-որ թվեր է ճշգրտում, ուղղում, լրացնում: Թողնում է գործն ու բացատրում. հունիսի 5-9-ը լեռնահրաձգարաններից մեկում դիվիզիոնը մասնակցել է բրիգադի մարտավարական զորավարժությանը:
-Ինչպե՞ս եք կրակել,-հետաքրքրվում եմ:
-Լավ էր,-մայորը գոհ ժպիտով է պատասխանում:-Ինը նշանակետերն էլ խոցել ենք: Թիրախների հաշվարկները վաղուց էինք կատարել, բայց հրետանու վարչության պետը անսպասելի որոշում կայացրեց: Նոր կրակային խնդիր առաջադրեց՝ ընտրելով պատահական նշանակետեր: Մեր արձակած արկերը ճիշտ կետում պայթեցին: Ոչ պլանային թիրախները խոցեցինք ժամանակին ու դիպուկ: Զորամիավորման հրետանու պետը՝ գնդապետ Գասպարյանը, միանգամից իջավ կրակային դիրք: «Ապրե՛ք»,-ասաց:
– Դո՞ւք էիք ղեկավարում դիվիզիոնի կրակը:
-Այո: Անակնկալի չեկա: Հաճախ մարտավարական պարապմունքների վերջին րոպեին ինքս եմ փոփոխում խնդիրը: Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պատրաստ ենք ցանկացած անսպասելիության,-վստահ ասում է մայոր Շեկոյանը:
Հրետանային այս դիվիզիոնը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանում է: Թե արձանագրած ցուցանիշներով, թե մարտական պատրաստությամբ, թե ռազմամասնագիտական ուսուցման կազմակերպմամբ առաջամարտիկ է բանակային զորամիավորումում. երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույնը: Առաջատար է նաեւ 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով:
-Երեւի տեղանքի բարդությունից է, որ ոչ մի րոպե չենք թուլանում,-ասում է շտաբի պետը՝ կարծես խորհրդավոր գաղտնիք բացահայտելով:-Մեր դիրքերը հակառակորդի առաջնագծից մի քանի կիլոմետր են հեռու: Դիվիզիոնը մասնակցել է ապրիլյան ռազմագործողություններին: Եվ չնայած մեր ուղղությունում թեժ մարտեր այդպես էլ չեն ծավալվել, բայց սպասում էինք: Մեզ մնում էր միայն քաշել հրանոթի թելը:
Ապրիլյան պատերազմի դասերն այստեղ էլ են «սերտել»: Մարտագործողություններից հետո երեք ամիս դիվիզիոնի անձնակազմը դիրքերն էր կահավորում-ամրացնում. տեսահսկման սարքերն էին գործարկում, խորացնում էին կրակակետերը, փոփոխում պատնեշների տեխնիկական պարամետրերը, ավելացնում զինամթերքի հորերի ու խրամաճեղքերի քանակը:
-Մարտական դիրքերում հուսալի քողարկել ենք տեխնիկան: Հիմա ավելի ամուր ենք,-մարտական տոնով ասում է մայոր Շեկոյանը:
Դիվիզիոնի առաջնային խնդիրը մոտոհրաձգային ստորաբաժանումներին կրակով աջակցելն է: Դրա համար համալրված են անհրաժեշտ հեռահարության զինատեսակներով, օրինակ՝ M-33 հաուբիցներով: Այն նախատեսված է հակառակորդի ամրաշինական ու ինժեներական կառույցները, կենդանի ուժը, կրակային դիրքերը, ուղղաթիռները վայրէջքների հարթակներում խոցելու համար:
-Տեղաշարժելը հեշտ է: Ռելիեֆային բարդ պայմաններում ավելի մեծ տրամաչափի հրանոթներն այնքան էլ արդյունավետ չեն. չենք կարող արագ հավաքվել ու հարձակվել,- բացատրում է մայորն ու առաջարկում,- Եկեք դուրս գանք: Դրսում ցույց տալու շատ բան կա:
Դաշտային լսարանում
Ես նրա ետեւից արագ քայլում եմ ծառուղով: Մտնում ենք շվաքարան: Ներկի թարմ հոտ է տարածվել չորս կողմը: Ուղիղ գծով շարված են նոր ձուլված միջոցները. դիվիզիոնի զինծառայողների ինքնատիպ նորամուծություններն են: Մայոր Շեկոյանը ոգեւորված պատմում է, թե ինչպես են դետալ առ դետալ հավաքել դրանք: Բայց եւ խնդրում է՝ չլուսանկարահանել, մանրամասներ չհրապարակել:
Մայոր Շեկոյանը լայն-լայն, կտրուկ քայլերն ուղղում է դեպի ծավալված ուսումնական կետը: Զինվորականը երկու տարի է, ինչ մեկ այլ սահմանային զորամասից տեղափոխվել է այստեղ: Ինքնակամ է եկել, որովհետեւ իր համոզումն է. «Ասֆալտի վրա հող պահել չի լինի, պիտի էդ հողին կանգնես»: Հարցնում եմ՝ ընտանիքո՞վ է առաջնագծում: Կատակում է. «Որտեղ ջոկի հրամանատարը, այնտեղ էլ ջոկը»: Հետո «պարզեցնում է»՝ հրետանավորի ընտանիքում հրանոթի հրամանատարը ամուսինն է, նշանառուն՝ կինը, հաշվարկի համարն էլ երեխաներն են: Հասկանում եմ՝ մեկն առանց մյուսի չի լինի:
-Առանց հրետանու էլ պատերազմում հարց չես լուծի: Մինչեւ հրետանավորներն իրենց մատը չխառնեն, գործը գլուխ չի գա: Չէ՞, տղերք,-մայորը հարցնում է գործնական վարժանքի նախապատրաստվող զինվորներին: Իհարկե, համաձայնում են:
«Դաշտային լսարաններում» բացազատված որոշ կրակային միջոցներ միշտ մարտական վիճակում են՝ փողերը դեպի թշնամու նշանակետերը: Եթե հակառակորդին հաջողվի առաջախաղացում կատարել, ապա առաջնագծում ծավալված դիտակետից կսպասարկեն հրանոթների կրակը, մինչեւ հիմնական ուժերը հասնեն կրակային դիրքեր:
Հրետանային կայանքները սպասարկող անձնակազմերի հետ անցկացվում են տարաբնույթ տեսական եւ գործնական մասնագիտական պարապմունքներ, որոնց արդյունավետությունը դիվիզիոնի շտաբի պետն անձամբ է ստուգում: Հիմա էլ ցուցումներ է տալիս, ապա հրաման՝ տեխնիկան բերել մարտական դրության: Հիշեցնում է՝ գերազանցը 45 վայրկյանն է: Կարճ խորհրդակցությունից հետո հաշվարկը գործի է անցնում: Շարժվում են այնպիսի արագությամբ, որ չես հասցնում աչք թարթել: Վայրկյաններ անց զեկուցում են մարտին պատրաստ լինելու մասին: Չեմ սխալվում՝ հաշվարկը նախատեսվածից շատ ավելի արագ է կատարել առաջադրանքը:
-Երեւի ձեր ամենապատրաստված անձնակազմն է,-ասում եմ գրեթե համոզված:
-Մենք անվարժ զինվոր չունենք,-հակադարձում է մայոր Շեկոյանը:
Հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Տիգրան Արմենյանն է, որ տեխնիկան շահագործում է ընդամենը կես տարի եւ համոզված է՝ եթե խելացի լինես, բայց ոչ ինքնավստահ, հաջողության չես հասնի: Նշանառուն Շարքային Արտեմ Գրիգորյանն է, որ դիպուկ կրակելու համար կարեւորում է հրանոթի դիրքը. այն պետք է ուղղահայաց լինի: Փականորդը Գարեգին Սուլթանյանն է, որ զորավարժության ժամանակ տեսավ, թե ինչն են կատարելության հասցնում: Վարորդն էլ Արթուրն է. հարկ եղած դեպքում զենքը կկցի կցորդիչին ու կրակային դիրք կհասցնի: Լիցքայինը Գոռ Գրիգորյանն է, որ իր զենքի կրակը ստորգետնյա ուժեղ ցնցման է նմանեցնում: Վահագն Աղաջանյանը տեղակայողն է: Ասում է` ոչինչ չեմ պատմելու, մարտական գաղտնիք է:
Մեծ խնդիր լուծող փոքր զենքը
Գործնական վարժանքների համար նախատեսված մյուս կետում ենք: Այստեղ ակտիվ պարապմունքներ է անցկացնում 120 մմ ականանետային հաշվարկը: Մարտկոցի հրամանատար, կապիտան Ֆրունզե Աղաջանյանն է հետեւում զինվորների գործողություններին: Քանի դեռ տղաներն ականանետը բերում են կրակային դիրք՝ զբաղեցման, հրամանատարը զինատեսակի մարտավարական-տեխնիկական բնութագիրն է ներկայացնում: Ասում է՝ բավականին շարժունակ է, եթե անգամ քարշակը վնասվի, անձնակազմի ուժերով էլ կարելի է մի կետից մյուսը փոխադրել: Հրաձգության հեռահարությունը 6 կմ է: Լեռնային տեղանքում արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս կախովի կրակ վարել: Իսկ գործարկման սկզբունքը նույնն է, ինչ մյուս հրետանային միջոցների դեպքում. որոշիչը ճիշտ հաշվարկն է:
Իր մասին պատմելիս է սակավախոս: Կարճ է կապում. «Պապս հրանոթներով կարկուտ էր ցրում, ես էլ որոշեցի հակառակորդին ցրել»: Եվ անկեղծ ու բարձրաձայն ծիծաղում է: Դիվիզիոնի շտաբի պետ Շեկոյանն է միջամտում, թե մարտկոցը ապրիլյան կռիվների օրերին մշտական մարտական հերթապահությունում էր: Իսկ ուսումնական փուլի ամփոփիչ ստուգարքների ընթացքում բարձր ցուցանիշներ է արձանագրել, հետո զորավարժության ժամանակ մարտական հրաձգություն վարել եւ «լավ» գնահատականը վաստակել:
Շարքային Ռաֆայել Նիկողոսյանը երկու անգամ արդեն կրակել է. «Մեկ տարի առաջ զորավարժության ժամանակ շեղ կրակեցի, հաջորդ մի քանի օրը նույնիսկ հաց չէի ուտում: Ծանր էր, բայց հրամանատարներիս օգնությամբ կարողացա թերությունները շտկել: Հունիսյան զորավարժության ընթացքում ամեն ինչ իմ ուզածով ստացվեց»:
Շարքային Գոռ Միրզոյանը պատմում է, որ մինչեւ բանակ գալը չէր էլ պատկերացնում, թե ինչ է ականանետը. «Միայն հաղորդագրություններում էի կարդում, որ հակառակորդը 120 մմ ականանետով խախտել է հրադադարը: Այդքանը: Հիմա լավ գիտեմ՝ ում եւ ինչպես կարելի է ջարդել այս զենքով»:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Դարբինյանն էլ ասում է՝ եթե մոտ տարածությունից կրակես, ոչ միայն թեթեւ դաշտաշեն կառույցները կավիրես, այլեւ՝ թշնամուն կխոցես. «Ճկուն ու հզոր զենք է: Փոքր տարածությունում մեծ խնդիր է լուծում. նույնիսկ կարող է փոխել մարտական գործողությունների ընթացքը»:
-Իսկ հիմա նորից անցնենք գործի,-միջամտում է կապիտան Աղաջանյանը:
Չենք խանգարում: Հեռվից ենք հետեւում հրամանները հմուտ կատարող ականանետային մարտկոցի զինվորների վարպետությանը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում