ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎ Է ՍՏԱՑԵԼ
ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսվածից 8 ամիս շուտ ստացել են «Վիրջինիա» դասի «Կալիֆորնիա» նորագույն ատոմային սուզանավը: Պաշտոնապես այն սպառազինության կվերցվի հոկտեմբերի 29-ին:
«Վիրջինիա» դասի սուզանավերը նախատեսված են սուզանավերի, վերջրյա նավերի դեմ ինքնուրույն պայքարելու, ցամաքային օբյեկտներին հարվածներ հասցնելու, տարբեր ծովային գաղտնի օպերացիաներ իրականացնելու համար:
Նոր սուզանավը կատարելագործված պողպատից է, ջրասուզման խորությունը մինչև 500 մետր է: Կիրառված են աղմուկի նվազեցման նոր տեխնոլոգիաներ:
Հատուկ օպերացիաներին մասնակցելու դեպքում սուզանավը կարող է համալրվել ինքնագնաց ստորջրյա ապարատով կամ գերփոքր սուզանավով: Ունի 9 ջրասուզակների համապատասխան անցախուց, իսկ տորպեդային խցիկում կարող է տեղափոխել մինչև 40 հատուկ ջոկատային:
Սուզանավի վրա տեղադրված է մարտական ղեկավարման ավտոմատացված նորագույն համակարգ: