ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը օգոստոսի 25-ին երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին՝ սպայական «Լեյտենանտ» զինվորական կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը և դաշույնները, որոնք նրանց հանձնել են Հանրապետության նախագահը և Ազգային անվտանգության խորհրդի անդամները:
Նախագահ Սերժ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով:
Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին՝ շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ և հանդիսավոր քայլերթով:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ.
Սիրելի՛ շրջանավարտներ,
Հարգելի՛ զինվորականներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:
Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները:
Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ: Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:
Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ:
Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:
Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է:
Հարգելի՛ զինվորականներ,
«Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:
Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:
Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:
Այստեղ, ուր թևածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Հարգելի՛ զինվորականներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն և մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:
Շնորհակալություն:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում