ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ. ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին Գորիսի թվով վեց՝ միջնակարգ և ավագ դպրոցներում դպրոցական հաստատություններում կազմակերպված և բարձր մակարդակով անցկացվեցին առաջին զանգի տոնական միջոցառումներ, որին մասնակցում էին մարզի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր, քաղաքացիներ:
Գիտելիքի, գրի և դպրության օրվա, 2017-2018 թթ նոր ուսումնական տարվա բացման առթիվ կազմակերպված տոնախմբություններին ընթերցվեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի բարեմաղթանքի և շնորհավորական ուղերձը՝ ուղղված Սյունիքի մարզի դպրոցականներին և ուսուցչական կոլեկտիվներին:
Շնորհավորելով և բարեմաղթելով դպրոցականներին, մատաղ սերդի կրթության և դաստիարակության պատվավոր գործին կոչված մանկավարժներին, ուղերձում մասնավորապես շեշտվեց, որ հայ ժողովրդի գոյապաշտպանության դժվարին ճանապարհին գրապաշտ ազգի համար կրթությունը միշտ էլ կարևոր նշանակություն է ունեցել, եղել է պաշտանմունքի, լուսավոր և հաղթական ապագայի հիմնական գործոն, որով առաջնորդվել ենք մեր հազարամյա պատմության քառուղիներում, գիրն ու դպրությունը մեզ համար դարձրել փրկության ճանապարհ:
Եվ այսօր էլ մեր ժողովրդի ապագան կերտվում է կրթական հաստատություններում՝ իբրև հայրենասիրության և հայրենագիտության վառ տաճարներ,-ասված էր ուղերձում:
Առաջին դասարանցիները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ մուտք գործեցին դասասենյակներ, որտեղ նրանց ուրախ անակնկալ էր սպասվում. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից տրամադրվեցին գրենական պիտույքներ:
Բարձր դասարանացիների հետ զորամիավորման սպաներն անցկացրին <<Արիության դասեր>> , որոնց ընթացքում կարևորեցին աշակերտության ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ որպես վաղվա քաղաքացու և հայրենասեր հայի ձևավորման բաղկացուցիչ մաս, ռազմահայրենասիրական ոգին, համառոտ ներկայացվեցին հայ ժողովրդի անցած հերոսական ուղին, Արցախյան գոյամարտն ու քառօրյան, նրա հերոս զինվորների և սպաների սխրանքների մասին:
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ Նորություններ