ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՎՐԱ
Երեւան, Հալաբյան փողոց, 44 շենք. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը քսանչորս տարի այս հասցեում է ընդունել իր սաներին: 1400 պատանիներ կրթվել, կոփվել, զինվորական կյանքի առաջին քայլերն են կատարել այս ուսումնական կենտրոնում: Սեպտեմբերի մեկին նորից շարահրապարակում տոնական համազգեստով ու զգաստ կեցվածքով կանգնել էին ռազմամարզական վարժարան ընդունված 210 մոնթեականները, բայց արդեն երեւանյան կրթահամլիրին հրաժեշտ տալու նպատակով: Նրանք տեղափոխվում են Դիլիջան:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը, որ ներկա էր հրաժեշտի արարողությանը, ընդգծեց. «Բացվում է վարժարանի պատմության նոր էջը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում պետությունը ամենամեծ միաժամանակյա ներդրումն է կատարել: Դիլիջանում վարժարանի շենքի շինարարության եւ շահագործման ծախսերը կազմել են շուրջ 16 մլրդ դրամ»:
Վարժարանի արդեն նախկին ղեկավարը՝ գնդապետ Վիտալի Ոսկանյանն էլ իր խոսքում հիշեցրեց, որ հաստատությունը հիմնադրվել է արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին. «Կառավարության 1993թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ ստեղծվեց վարժարան, եւ 1994-ի հուլիսին այն կոչվեց Մոնթե Մելքոնյանի անունով: Այս տարիների ընթացքում վարժարանը կրթել եւ նոր կյանք է ճանապարհել հարյուրավոր շրջանավարտների, որոնք այժմ ծառայում են ՀՀ զինված ուժերում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ, ուսանում են ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում եւ մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց խիզախությունն եւ նվիրվածությունը ռազմական գործին, աչքի են ընկել իրենց կազմակերպվածությամբ: Ուրախալին այն է, որ մեր վարժարանը համալրվում է նոր սաներով, որոնք, վստահ եմ, կյանքի նոր փուլ են մտնում գլուխները բարձր, հպարտ ու հաստատակամ, վարժարանի շրջանավարտին վայել` բարձր պահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի պատիվը»,-հավելեց գնդապետը:
Եվ ահա իջեցվում է դրոշը՝ ազդարարելով երեւանյան կրթահամալիրում ուսումնական գործընթացի ավարտը: Մոնթեականների կանոնավոր շարքերն իրար են խառնվում՝ Դիլիջան ճանապարհվելուց առաջ հարազատների հետ գրկախառնվելու, ծնողների ջերմ խոսքերը լսելու համար տղաները մի քանի րոպե դեռ ունեն: Տարոն Պողոսյանն ասում է՝ հայոց բանակին զինվորագրվելու իր երազանքը կամաց-կամաց իրականություն է դառնում. «Որոշել եմ հետախույզ դառնալ: Ես շատ համառ եմ, կհասնեմ նպատակիս»: Վահե Մելքոնյանն էլ տոնական համազգեստն է ուղղում՝ ծնողների հետ պիտի լուսանկարվի. «Հավանում եմ զինվորական հանդերձանքը: Սազում է, չէ՞,-հարցնում է մոնթեականն ու ավելացնում,-ուզում եմ նմանվել Ավոյին, նրա մասին շատ պատմություններ եմ լսել»: Վահեի հայրը՝ Սայաթն է միջամտում. «Որդիս ինքնուրույն է վարժարան ընդունվելու որոշում կայացրել: Մենք նրան միայն մի խորհուրդ ենք տվել՝ բարձր պահել բոլոր այն հերոս տղաների հիշատակը, որոնք նահատակվեցին հանուն մեր հայրենիքի»:
Մոնթեականները բռնում են նոր տան ճանապարհը: Շենքը սպիտակ է, մեծ ու հարմարավետ՝ ծվարած անտառի ծոցում: Պաշտոնական արարողությունից առաջ տղաները ճաշում են վարժարանի ընդարձակ ճաշարանում: Ուտեստները բազմազան են, սաներն ասում են՝ «համեղ է»: Հրայր Պողոսյանը, որ երկրորդ տարին է վարժարանում, նոր պայմանները համեմատում է նախկինի հետ. «Նմանություններ եմ փնտրում, բայց միայն տարբերություններ եմ նկատում»:
Անձնակազմը շարվում է նոր վարժարանի բակում` պաշտպանության նախարարին են դիմավորում: Վիգեն Սարգսյանը շնորհավորում է Գիտելիքի օրվա և նոր համալիրի բացման առթիվ: Ի պատասխան հնչում է «ուռա»-ն: Ազդարարվում է հանդիսավոր արարողության սկիզբը, բարձրացվում են հանրապետության ու վարժարանի դրոշները, հնչում է օրհներգը:
Նախարար Վիգեն Սարգսյանը իր ելույթում նշում է, որ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի վարչությունները երբեմն երկրորդ պլան են մղել ավելի էական աշխատանքներ, որ Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը ժամանակին տեղափոխվի ամենահարմարավետ ուսումնական համալիր. «Որպես մարդ, որ տեսել է աշխարհի շատ առաջատար ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»:
Նախարարը վերհիշում է, թե ինչպես ծագեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Երևանից Դիլիջան տեղափոխելու գաղափարը. «Անցյալ տարի նոյեմբերի 15-ին այցելեցի ռազմամարզական վարժարան: Տպավորված էի կատարվող աշխատանքով, սակայն՝ նույնչափ մտահոգված վարժարանի շենքային պայմաններով: Այդ օրերին քննարկվում էր, թե ինչ նպատակի պետք է ծառայի պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը, որտեղ շինարարական աշխատանքները դեռ չէին ավարտվել: Մեր հասարակությունը շատ մտահոգ էր, թե արդյոք իմաստ ունի այդ միջոցները ծախսել հենց այդպիսի կենտրոն ունենալու համար: Եվ այդ ժամանակ իմ մտքում գաղափար ծագեց՝ այստեղ պետք է լինի հենց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Այդ առաջարկով դիմեցի Հայաստանի Հանրապետության նախագահին: Նախագահը ոչ միայն համաձայնեց, այլև հանձնարարեց մշակել և կյանքի կոչել ծրագիրը: Քննարկումները միանգամից դադարեցին: Կարծում եմ՝ բոլորը ուրախությամբ ընդունեցին, որ հենց այս վարժարանն է տեղակայվելու նորակառույց շինությունում»: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կրթության և գիտության նախարարությանը, պետական եկամուտների կոմիտեին, պետական գույքի կառավարման վարչությանը, սպաներին և բոլոր նրանց, ովքեր օժանդակել են գաղափարի իրագործմանը:
Մոնթեն, որ բարձունք է նշանակում, սաները պետք է բարձրում պահեն. ահա նախարարի պատգամը. «Այնպես է ստացվել, որ վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որ բարձունքը չլինի վերջնակետ, այլ դառնա ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ»:
«Կարմիր ժապավենը» կտրելու ժամանակն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ու սաներից մեկն են ազդարարում նոր կրթահամալիրի բացումը: Ներսում Բագրատ սրբազան Գալստյանը նորակառույց հաստատության օրհնությունն է կատարում ու օրհնված ջուրը խաչաձեւ ցողում ներկաների վրա:
Հիմա տղաները կարող են տեղավորվել իրենց սենյակներում: Ավարտական դասարանի սան Նարեկ Ազատյանը ցույց է տալիս իր անկյունը, պահարանը, լոգարանը: «Պայմանները դեռ անսովոր են: Նախկինում ամբողջ վաշտը մի սենյակում էր քնում, արթնանում, հարդարվում: Հիմա երեքով ենք, պետք է վարժվել»,-ասում է Նարեկն ու շտապում արիության դասին, որ վարում է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը մի կարևոր պահանջ ունի. «Առաջին բանը, որ դուք այստեղ պետք է երաշխավորեք ու ապահովեք, նաեւ ինքներդ ձեզ խոստանաք՝ ազնվությունն է»:
Շուշան Ստեփանյան
Լուս.՝ Սիփան Գյուլումյանի
Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Նորություններ, Ուշադրության կենտրոնում