Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎԵՑԻՆ՝ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ



ԵՐԴՎԵՑԻՆ՝ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՕրերս Արցախի հյուսիսային զորամասերից մեկում կայացավ երդման արարողություն: Առավոտյան արդեն մարդաշատ էր զորամասի մոտակայքը. երդման արարողությանը մասնակցելու էին եկել նորակոչիկների հարազատները, եկել էին ընտանիքներով: Զորամասի շարահրապարակում հրամանատարությունն էր, նորոկոչիկներն էին, դրոշակակիր դասակը, նվագախումբը: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նարիմանյանը զեկուցեց հրամանատարին՝ նորակոչիկները պատրաստ են երդման արարողությանը: Նորակոչիկները ուռա՜-ուռա՜ բացականչությամբ պատասխանեցին հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի ողջույնին: Ապա հնչեց Հայաստանի Հանարապետության օրհներգը: Վերջապես եկավ սպասված պահը: Յուրաքանչյուր նորակոչիկ, լսելով իր ազգանունը, ձայնում է՝ «Ես եմ» և ընթերցում երդումը՝ հավաստիացնելով, որ դառնալու է Հայոց երկրի պահապանը, անվերապահորեն կատարելու է հրամանատարների հրամանը, իսկ հարկ եղած դեպքում հայրենիքի համար անգամ չի խնայի կյանքը: Ստանալով գումարտակի հրամանատարի շնորհավորանքը՝ ստորագրում և արդեն որպես իսկական զինվոր՝ կանգնում է շարք:

Եղբորս որդին էլ՝ Գեղամ Ըռքոյանը, նույնպես երդվեց, որ անձնվիրաբար ծառայելու է հայրենիքին և հանուն նրա չի խնայելու կյանքը: Գեղամի մայրը՝ Մարիետան, սրտի թրթիռով լսելով որդու երդումը, բացականչեց. «Աստված զորավիգ լինի ձեզ»:

Մադոյան Յուրիկի թոռը, ում պապ անունով են կոչել, երդվողների շարքում է: Պապը հպարտ է եւ համոզված՝ լավագույն զինվորն է դառնալու անվանակից թոռը: Սևակ Մելքոնյանը թիկնեղ ու բարձրահասակ: Քեռին՝ Լեռնիկ Մնացականյանը, չի կարողանում զսպել հուզմունքը. ուրախ է՝ քրոջ որդին արդեն զինվոր է, ցավում է, որ նրա հայրը չտեսավ այս օրը: Նորակոչիկներին երդման արարողության առթիվ շնորհավորեց զորամասի հարամանատարը և դիմեց ներկաներին.

-Քիչ առաջ մեր տղաները երդվեցին Արցախի հերոս Շահեն Մեղրյանի կիսանդրու մոտ և պարտավորվեցին՝ երկու տարի ամրապնդելու են մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը: Բանակ, որը ստիպեց Ադրբեջանին 1994-ին եւ 2016-ի ապրիլին զինադադար աղերսել: Այսօր ձեզնից է կախված մեր ժողովրդի վաղվա օրը. եթե լինեք կարգապահ, կլինեք մարտունակ, իսկ մարտունակ բանակը երկրի տերն է: Խոսքիս ապացույցն են անցած ապրիլյան իրադարձությունները, որին անմասն չմնաց նաև մեր զորամասը՝ ոչնչացնելով թշնամու դիվերսիոն ուղղաթիռը, և իմ զինվորները թշնամուն ստիպեցին խուճապահար փախչել՝ մարտադաշտում թողնելով դիակներ ու զինամթերք:

Պարտավոր եք այսօրվա երդումով առավել հզոր ու մարտունակ դարձնել մեր բանակը, -ասաց գնդապետ Ջալավյանը:

Զորամասի հոգևոր սպասավոր Արամյանն աղոթքով դիմեց նորակոչիկներին, նրանց հարազատներին. թող Տերն ամրացնի բոլորիս հոգիները: Իր զինակից ընկերներին, ներկաներին ողջունեց շարքային Մադոյանը՝ հավաստելով, որ բոլոր զինվորները տեր են դառնալու Հայրենի տանը… Շնորհավորանքի և ողջույնի խոսք ասած զինվորներից մեկի ծնողը, որն իր 4-րդ որդու երդման արարողությանն էր մասնակցում: Նա դիմելով որդուն ու նրա ընկերներին՝ ասաց.

-Այսօր ականատես եղանք սրբազան արարողության՝ դուք երդվեցիք լինել հայրենիքի տերը: Դուք եք մեր Փրկության Վահագնը: Այժմ մենք՝ ծնողներս, հանգիստ կքնենք, քանի որ դուք եք հայրենի հողի պաշտպանը…

Արցախի Հանրապետության օրհներգով նորակոչիկներն ավարտեցին երդման արարողությունը:

Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ


06/09/2017