Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՈՒՍՈՆ ՄԵՐ ԱԽՊԵՐՆ Ա»



(1992թ.  հունիս, ԼՂՀ  Մարտակերտի  շրջան,  գյուղ Կուսապատ)

 

«ՍՈՒՍՈՆ ՄԵՐ ԱԽՊԵՐՆ Ա»Հրաչ  Կարապետյանին  հանդիպեցի հոգու  ժայթքումների օրերին, երբ  նա,  Սիսական  գնդի  իր զինակից  եղբայրների  հետ, Արցախ աշխարհի վերքաշատ  հողը  ազատագրում  էր  բիրտ ու անդեմ խուժանից: Նրա  մշտապես  անհանգիստ  հոգում,  հար  ու  հավետ,  բաբախում  էր  կրակոտ  ու  ըմբոստ  հայորդու զարկերակը… Սիրեցի  հայի  այդ  տեսակն ու եղբայրացա  նրան:  Հրաչը, մեր  Փոքրիկը,   անցավ  պատերազմական ճամփաներով,  սգաց  խոնարհված  ընկերների համար,  ապրեց հաղթանակի բերկրանքը  ու  Սիսական գնդի  մարտիկների  հետ 1992 թ. մայիսի  18-ին  մտավ  ազատագրված  Լաչին՝ հաստատելով  որդիական  պարտքի  իր  առաջին հանգրվանը…  Հետպատերազմական  տարիներին նա ծառայեց  ռազմական  ոստիկանությունում,  ապա   ստանձնեց N զորամասի հրամանատարի  պաշտոնը:  …Այն  անմոռաց  օրերից շատ  տարիներ  են  անցել… Հայոց  հաղթանակած  բանակի  հաղթանակած  սպա,  փոխգնդապետ  Հրաչ  Կարապետյանը  իր  թանկագին  հաղթանակներին է  գումարել   իր  երեք զավակների հեռահար  զարկերը:  Նա մեզ հետ է, մեր կողքին,  իր տեսակն  ու  դիմագիծը  պահպանելու  անզիջում կռվաններում:  Հրաչ  Կարապետյանը  գրում  է՝  թղթին  փոխանցելով անցած  փառավոր  օրերի՝  պահի  ու դրվագի  անաղարտ  հմայքը, որը  մեր բազմադեմ  օրերում երբեմն խամրում է,  համբերությամբ սպասելով  վերաարժեւորվելուն:

 

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Ղարաբաղի հողը տնքում էր վերքերից: Ամենուր տագնապ էր և ահագնացող իրավիճակ: Թուրքերը գրավել էին Մարտակերտը և նրա հարակից ստրատեգիական բարձունքները: «Արաբո» ջոկատի տղաներից շատերը զոհվել էին, իսկ մոտ 70 հոգի անհետ կորել: Վիճակն օրհասական էր, և մեզ ուղարկել էին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղ, որտեղ Կոմանդոսի հրամանատարությամբ տարբեր ցաքուցրիվ ջոկատներից մնացել էին մի խումբ կամավորականներ:

Մենք 28 հոգի էինք՝ հրամանատար Մինասյանի գլխավորությամբ: Գյուղում մեզանից, Կոմանդոսի շտաբից, մոտ երկու տասնյակ կամավորականներից և մի տարեց ղարաբաղցի կնոջից, որը հրաժարվել էր հեռանալ գյուղից, ուրիշ ոչ ոք չկար:

-Идите в сельскую школу, распологайтесь, отдохните с дороги, пoобедайте как следует, потом придете получать боевое задание. Вас проводит наш курьер, она покажет дорогу. После обеда с ней придете сюда, – հանձնարարեց Կոմանդոսը հրամանատար Մինասյանին, նրա հետ մոտ կես ժամ զրուցելուց և իրավիճակին ծանոթացնելուց հետո:

– Ну давайте, ребята, давайте, – կարճ եզրափակեց Կոմանդոսը և մռայլորեն դատարկեց սեղանին դրված տնական օղու լիքը բաժակը:

– Տղերքին վերցրեք ու իջեք գյուղի դպրոցի մոտ, տեղավորվեք, մինչև ես գամ, – հանձնարարեց Մինասյանը «Ասկոլկա» Մանվելին:

«ՍՈՒՍՈՆ ՄԵՐ ԱԽՊԵՐՆ Ա»Կուսապատ գյուղի դպրոցի բակում կանգնեցված էր Հովհաննես Թումանյանի կիսանդրին, որը ժամանակի ընթացքում ճաքել էր, և տեղ-տեղ կիսանդրուց պոկվել էին գիպսի առանձին կտորներ: Միհարկանի դպրոցի շենքը ժամանակավորապես ծառայել էր որպես բուժկետ, որտեղ տեղավորել էին վիրավոր զինվորներին: Մեր գալու պահին այն դատարկ էր, այս ու այն կողմ ցրված էին մահճակալներ, արյունոտ պատգարակներ, դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլ պիտանի կամ արդեն անպիտան բաներ: Մենք հանգրվանեցինք դպրոցի բակում, ավտոբուսից դուրս հանեցինք մեր ունեցած-չունեցածը և սկսեցինք պատրաստվել ճաշի:

Շուտով երևաց հրամանատարը: Բայց նա մենակ չէր …

– Здравствуйте,- լսվեց սլավոնական առոգանությամբ համեմված կանացի ձայն:

– Արա՜ա՜ա՜,- այս ու այն կողմից լսվեցին տղաների ցանկասեր ու սրտաճմլիկ ձայները: Ոմանց բիբերը մեծացել էին, ոմանց սրտի տրոփյունները հաճախակիացել՝ տեսնելով այդ հիասքանչ արարածին: Նա, կանացի հեզությամբ, մի փոքր կողք էր թեքել գլուխը և թեթև ժպտում էր, հաճելի փոսիկներ թողնելով իր վարդագույն այտերին: Շիկահեր վարսերը անփույթ ցրիվ էին եկել ուսերին և գլորվել մարմինը կիպ գրկած «տելնյաշկայի» վրա, որի առջևի լայն բացվածքից մեզ «աչքով էին անում», փարթամ բարեմասնությունները: Զինվորական նեղ տաբատը է՛լ ավելի էր ընդգծում նրա շքեղ կոնքերը, որոնք վերջանում էին բարալիկ իրանով: Նա մի ձեռքով բռնել էր ուսին գցած ավտոմատը, մյուս ձեռքի երկար մատների արանքում պահում էր այրվող սիգարետը …

– Տղե՛րք, ծանոթացե՛ք, Սուսաննան ա, մեզ հետ ա լինելու, կօգնի ճաշ պատրաստենք, տեղավորվեք, մինչև հանձնարարություն ստանանք:

– Արմեն, դու «պովուր» ես, կմնաս Սուսաննային օգնական, էլ ով ա ուզում օգնի …

– Ե՛ս, Մինասյան, … ես էլ կարամ, … ինձ էլ կցեք «կամանդիր»,- վրա բերեցին մի քանի «կնամոլներ», հայացքները չկտրելով Սուսաննայից:

-Ребята пожалуйста, не надо беспокоиться я все сделаю,- քնքշանքով հորդորեց Սուսաննան, որը կիսով չափ հայուհի էր և շատ լավ հասկանում էր հայերեն:

– Հերթով, արա՛, ինչ էք առաջ ընգնըմ, պաշյոլներդ քաշեք,- անհանգստացավ «Սև մռութ» Արմենը, ինչպես նրան ջոկատում էին անվանում, – ես մենակ սաղ կանեմ իրա հետ:

– Հլա հանգստացեք բոլորդ, շարվեք շուտ, -հրամայեց հրամանատարը՝ տեսնելով տղաների խլրտոցը և անհարկի քաշքշուկը:

– Ուրեմն, ուշադիր լսեք , – սկսեց Մինասյանը՝ աջից ձախ նայելով շարքին ,- Սուսաննան մեր քուրն ա, ում բերանից հայհոյանք լսեցի, կամ մի ուրիշ բան, կպատժեմ: Մի անգամ եմ զգուշացնում, դուք ինձ գիտեք: Իսկ հիմա բոլորդ անցեք գործի, դպրոցի մահճակալները դասավորեք, որ գիշերը քնենք, մաքրություն ենք անում, «Դոկտոր» դու, մեկ էլ «Փոքրիկը» պիտանի դեղորայքը առանձնացնում եք, հավաքում, «Ասկոլկա» դու վերցնում ես հինգ հոգի, պատրաստվում բարձրանալ ձախ կողմի բարձունքը, «Դուման», դու նույնպես վերցնում ես հինգ հոգի ու դեպի աջ բարձունքը: Ճաշելուց հետո շարժվում ենք դիրքեր: Ճաշարանում մնում են միայն Արմենն ու Սուսաննան:

Հրամանատարի կտրուկ հանձնարարականներից հետո տղաները սուսուփուս անցան գործի՝ հատուկենտ թաքուն հայացքներ նետելով Սուսաննայի ուղղությամբ:

Արևը մոտեցել էր զենիթին, ժամը 1-ի մոտերքն էր: Ճաշը դեռ պատրաստ չէր: Արմենը կարտոֆիլ էր մաքրում և պահպանելով էթիկայի գրված ու չգրված բոլոր կանոնները՝ կես հայերեն, կես ռուսերեն, հնարավորինս գրագետ ձևով զրուցում էր Սուսաննայի հետ, երևի, ո՞վ գիտի, Փարիզում կայացած մոդայի վերջին ցուցահանդեսից, երբ հանկարծ լսվեց տարօրինակ սվվոց, որը գնալով ավելի էր ուժգնանում:

– Воздух, воздух, – լսվեց ամեն կողմից և սկսվեց մի ահավոր իրարանցում: Բոլորը նետվեցին դեպի զենքերը, իրար հրմշտելով, հարմար դիրքեր գրավելով և թաքնվելով:

Ադրբեջանական ՍՈՒ -25 գրոհային ինքնաթիռը, որն ամենայն հավանականությամբ վարում էր ուկրաինական վարձկան օդաչուն, արևելյան կիրճից դուրս գալով, մակերևույթից բառացիորեն 50 մետր բարձրության վրա սկսեց գրոհել գյուղի ուղղությամբ: Հասնելով գյուղի առաջին շինություններին՝ ինքնաթիռն արձակեց գնդացրային ահարկու կրակ: Տների տանիքները ճարճատյունով ցրիվ էին գալիս, ապակիները ջարդուփշուր լինելով թափվում էին շուրջբոլորը:

-Стреляйте, быстро, уходит сука, стреляйте бл …ть, стреляйте, где пулемет, стреляйте, пока не ушел гад« грохните его, быстро бл…ть, уходит сука… ,- աղաղակում էր ինչ-որ մեկը, անընդհատ տեղատարափ կրակահերթ ուղղելով ինքնաթիռի ուղղությամբ:

Բոլորը շրջվեցին դեպի կրակողը: Անհավատալի տեսարան: Սուսաննան էր, ավելի ճիշտ «Սուսոն»: Նա հասակով մեկ կանգնել էր դպրոցի բակում, դեմքը լարվածությունից կաս կարմիր էր կտրել, ոտքերը ուսերի լայնությամբ բացված, մի ոտքը քիչ հետ, ուղիղ նշանառությամբ կրակում էր ու հայհոյում: Կրակում էր տղամարդավարի, հայհոյում էր լրիվ տղավարի ու լիաթոք:

– Վայ, հորս արև, – տեսածից ու լսածից իրեն չզսպեց «Սև մռութ» Արմենը:

Բոլորս սկսեցինք կրակել, ով ինչով կարող էր, ով ինչ ուներ:

Ինքնաթիռը պարպեց գնդացրի մարտապաշարը, հեռանալով՝ սրընթաց ֆարսաժով սկսեց բարձրություն վերցնել և նախապատրաստվեց գրոհել երկրորդ շրջանով:

– Ժորա, պուլեմյոտը բեր, շուտ արա, – ձայնեց Մինասյանը բռնակոթցի Ժորժիկին, որովհետև այդ զրահապատ «թռչունին» ավտոմատով հնարավոր չէր խոցել, իսկ հակաօդային պաշտպանության միջոցներ այն ժամանակ մենք չունեինք:

Ժորժիկը դիրքավորվեց մի հաստաբուն ծառի ետևում: Նրա գնդացրի ժապավենը պահում էին «Մկի» Սաքոն և «Մոխրոտ» Մանվելը: Երբ ինքնաթիռը սկսեց գրոհել երկրորդ անգամ, բոլորս սկսեցինք կրակել: Գնդացրի լուսածիր գնդակները սկզբում սլանում էին ինքնաթիռի ուղղությամբ, հետո շեղվեցին նրանից և սկսեցին սուրալ այլ կողմ:

–  Ты куда стреляешь целься точнее, твою мать… , – բղավում էր Սուսոն և ձեռքով ցույց տալիս ինքնաթիռի ուղղությունը:

Ժորժիկը լավ տեսողություն չուներ, նա նշան էր բռնել մի թռչող մոծակի վրա: Շուտով նրան փոխարինեց «Մկի» Սաքոն, հետո «Մոխրոտ» Մանվելը, հետո նորավանցի Բաբկենը, բայց արդեն ուշ էր: Ինքնաթիռը գյուղի կենտրոնում գցեց կես տոննայանոց մի ավիառումբ և ֆորսաժով հեռացավ: Ահարկու պայթյունից գյուղը ցնցվեց: Ամենուր փոշի էր ու ավերածություն: Բարեբախտաբար, մերոնցից ոչ ոք չէր տուժել: Երբ ամեն ինչ խաղաղվեց, հրամանատարը ոտքի կանգնեց, նայեց շուրջբոլորը, նայեց մեր քրտնած դեմքերին, նայեց Սուսոյին, որը հևիհև շնչառությամբ ափսոսանքով հետևում էր հեռացող ինքնաթիռին և դանդաղ արտաբերեց.

– Տղե՛րք, ես սխալվել եմ, Սուսաննան մեր քուրը չի, Սուսոն մեր ախպերն ա …

ՀՐԱՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

փոխգնդապետ

«Սիսական» ջոկատի հրամանատարի տեղակալ

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Պատմության էջերից


13/09/2017