Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԱՊԱՇՏ ԵՐԿԻՐ, ԶԻՆՎՈՐԱՊԱՇՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ



ԲԱՆԱԿԱՊԱՇՏ ԵՐԿԻՐ, ԶԻՆՎՈՐԱՊԱՇՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Զրույց գրող ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

 

-Պարոն Սարուխանյան, «Հայը» էսսեում Դերենիկ Դեմիրճյանը ասում է` հայի չափը անչափն է: Մի զրույցի ժամանակ Դուք կրկնեցիք այս միտքը: Անչափ լինելը դրակա՞ն հատկանիշ է, թե՞ բացասական:

-Մենք ծայրահեղությունների ազգ ենք: Մեր լավը անսահման լավ է: Մեր վատը նույնպես բացառիկ է:

-Մեր միջի թուրքը` կասեր արձակագիր Վրեժ Իսրայելյանը:

-Մեր պատմությունը լի է անհավատալի հերոսապատումներով: Չաուշը մեն մենակ ելնում է սուլթանի դեմ ու գոռում` ես պատերազմ եմ հայտարարում մի ամբողջ թուրքական բանակի: Սա անչափելի հայն է: Ղասըմ բեկի կինը պատահաբար իմանում է, որ շուտով Չաուշին խաբեությամբ կանչելու են բեկի մոտ ու սպանելու են: Թրքուհին համակրում էր գեղեցիկ, առնական Չաուշին ու գաղտնի նրան լուր է ուղարկում սպասվող դավադրության մասին: Չաուշը նստում է ձին ու սլանում բեկի մոտ: Տեղ հասնելով` իջնում է ձիուց, զենքը դնում մի կողմ, մոտենում բեկին, կուրծքը բացում ու ասում` եկել եմ, սպանի՛ր: Բեկն սկսում է դողալ: Թուրքը քարանում է ոգու ուժի առաջ: Ոչ ոք չի համարձակվում ձեռքը տանել զենքին: Հետո Չաուշը հանգիստ վերցնում է զենքը, նստում իր ձին ու հեռանում: Լռության մեջ լսվում է Ղասըմ բեկի ձայնը.

-Կոտրվի այն ձեռքը, որը կկրակի այսպիսի քաջի վրա:

Թշնամու հերոսության առաջ խոնարհվում են նույնիսկ ամենագոռոզ սրերը: Ու զարմանալի չէ, որ մեր զինվորի չափն էլ պիտի անչափը լիներ, որովհետեւ մեր զինվորը անցյալից է գալիս, նա մի քանի հազար տարեկան է: Նրա կենսագրությունը ասքերի, փառքի, հերոսապատումների տարեգրություն է:

-Պարոն Սարուխանյան, որքան էլ երկարացնենք մեր անչափ լավի մասին պատմությունները, ես պիտի հարցնեմ նաեւ մեր անչափ վատի մասին:

Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս ազատվենք վատից, ինչպե՞ս ինքնամաքրվենք:

-Ձեր հարցին 5-րդ դարում պատասխանել է մեծն Եղիշեն: Նա ասել է` ամեն վատ բան ծնվում է տգիտությունից: Մենք պիտի կրթվենք` սա է ինքնամաքրվելու ճանապարհը: Նույնը ասում էր աշխարհի ամենամեծ փիլիսոփաներից մեկը` Հովհաննես Թումանյանը «Մերոնք» պատմվածաշարում: Նույն գիտակցությամբ Աբովյանը կրթում էր հայ մանուկներին: Մեզ արվեստի ու գիտության լույսն է պետք: Առատ, պայծառ: Որ մարդկային հոգին ու միտքը կտանի-կբարձրացնի վեհի, գեղեցիկի, բարու, սիրո տիրույթները: Սերն այն հենման կետն է, որից սկսվում է հոգու թռիչքը:

-Պարոն Սարուխանյան, կարդում եմ Ձեր «Տարոնականչ» գիրքը, Ձեր պատմվածքները Էրգրի մասին: Էրգրի մարդիկ՝ Խանե Սարգիսը, Եղսո տատիկը, Փեթարա Իսրոն, Տեր Ստեփանը… Սա, Հեմինգուեյի բառերով ասած, կորուսյալ սերունդ է: Ու Ձեր ջանքը մեր բաց վերքին աղ լցնելու նման է, որ վերքը չփակվի, որ ցավը չբթանա: Մինչեւ ե՞րբ եք ազգին հագցնելու այս կրակե շապիկը, որը ոչ հանել է լինում, ոչ հագնել… Ի՞նչ է Ձեր ուզածը:

-Իմ ուզածն այն է, որ Արցախի սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորը զգա իմ ցավը: Հասկանա, թե ինչ ծանր բան է Հայրենիք կորցնելը: Այդ դեպքում Արցախն ու Հայաստանի սահմաններն ավելի պաշտպանված կլինեն: Իմ կրակե շապիկը սիրո աստառ ունի: Ես իմ ամեն պատմվածքով մեկական փայտ եմ գցում սիրո ու վրեժի խարույկի մեջ: Հրանտ Մաթեւոսյանի հերոսն ասում էր` տղա՛ս, մեջդ վրեժ չկա: Հոգում վրեժ չունեցող մարդը պարտված մարդ է:

Գուցե մի օր, երբ կհասնենք խաղաղ հանգրվանի, ինքներս մեզ թույլ կտանք ցած դնելու պատմության բեռը, որը մեր ուսերին դրվեց ոչ մեր մեղքով: Իսկ առայժմ դու չես կարող ֆրանսուհու նման առավոտյան արթնանալ ու մտածել, թե որ ռեստորանն է առավել պատշաճ հաճելի ընթրիքի համար, կամ թե ինչ նոր պլաստիկ վիրահատություն են առաջարկում 21-րդ դարի բժիշկները: …

-Չեմ կարող, որովհետեւ իմ երկրի արձակագիրը ասում է` ապրիլյան քառօրյա կռվում հերոսաբար ընկած թալինցի զինվոր Ռաֆիկ Զաքարյանը եւ իր ընկերները ամեն առավոտ արեւի առաջին շողերի հետ մտնում են ամեն հայ օջախ ու շշնջում` մեր գործը կիսատ չթողնեք…

-Որովհետեւ, քո ազգի մայրը` բանաստեղծուհի Մարինե Հակոբյանը, որի ավագ որդին պայմանագրային զինծառայող է, կրտսերին բանակ ճանապարհելիս ասում է` արցունքներս գլորվում են, բայց, իմացիր, ես չեմ լացում:

-Այդ անլաց գլորվող արցունքի մասի՞ն եք գրել` առանց մոր արցունքի աշխարհը շատ չոր կլիներ…

-Այո՛, այդ հպարտ, ուժեղ, լուսավոր արցունքի, որը ավելի ուժեղ զենք է սահմանին կանգնած զինվորի սրտում, քան աշխարհի բոլոր զենքերը միասին վերցրած:

-Հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի մորը հանդիպեցի միակ որդու զոհվելուց կարճ ժամանակ անց: Ու հարցրի` կա՞ մի բան, որ կարող է փոքր-ինչ մխիթարել նրան, մեղմել ցավը: Գուցե փառքը, որ տրվում է նրան հետմահու, գուցե միլիոնավոր հայերի երախտիքը: «Միայն մի մխիթարություն կա,- ասաց տիկին Մարինեն,- որ իմ որդին իր կյանքի գնով 8 զինվորի կյանք փրկեց»:

-Ու պիտի չզարմանայիք, չէ՞ որ առյուծածին մոր մեկ ուրիշ զավակ հարցազրույցի ժամանակ Ձեր հարցին, թե ինչո՞ւ է հանել զրահաբաճկոնը թշնամու ուղղաթիռի հետ մենամարտելիս, պատասխանեց` զրահաբաճկոնը կխանգարեր վազել, իսկ խրամատում տասը զինվոր կար, տասը կյանք: Պատերազմի դաշտում իմ ու քո չկա, ընկերոջդ կյանքը հավասար է քո կյանքին…

-Ձեր թոռը ապրիլյան կռվի օրերին ամենաթեժ ու վտանգավոր գոտում էր…

-Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչպես է ժամանակը փոխում իր չափումները, թե ինչպես կարող է վայրկյանը ձգվել ժամի չափ: Իմ Գրիգորը պիտի սահմանին լիներ, առաջնագծում, այլապես ինչ արժեք կունենային իմ պատմվածքները, իմ ամեն մի տողը: Ես միկրովայրկյաններով էի ապրում: Բայց հիմա ավելի հպարտ ու ուժեղ եմ: Մենք պիտի բանակապաշտ երկիր ունենանք, զինվորապաշտ ժողովուրդ: Մենք պիտի հասկանանք, որ սահմաններին կռիվ ունեցող երկրի ներսում ամեն մի վրիպում, թերացում, ամեն մի բացասական երեւույթ ուղղակիորեն ջուր է լցնում թշնամու ջրաղացին ու թուլացնում է սեփական բանակի ուժը:

-Երբ եկեղեցու բացված ճեղքի միջով մտաք դամբարան, ուր ննջում էր հայոց ամենամեծ Սուրբը` Մեսրոպ Մաշտոցը, ի՞նչ խոսքեր ասացիք Մեծ Ուսուցչին ու ինչ պատգամ բերեցիք նրանից:

-Ես ներողություն խնդրեցի հայոց ամենամեծ Սրբից` մեր լեզուն այսպես աղավաղելու, մեր ինքնության առհավատչյա` մայրենի լեզվի հանդեպ այսպիսի անհոգի վերաբերմունքի համար: Մեծ ուսուցչապետը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ հայոց լեզուն հայի հզոր զենքն է եւ ապաշխարելու մի վերջին հնարավորությունը տվեց մեզ:

-Իմ գործընկերը` Անժելա Սահակյանը, Ֆրանսիայի հայկական ռադիոյով խոսում էր Ձեր «Տարոնականչ» գրքի մասին եւ ասաց, որ այն բաց նամակ է` աշխարհին ուղղված: Ո՞րն էր Ձեր գլխավոր հղումը:

-Մենք շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, բայց ապրել ենք, հաղթել ենք ու առաջ ենք շարժվել: Հիմա էլ ենք հաղթելու:

-Պարզապես պիտի Ձեզ նման չինական պարսպի մոտ կարոտենք Աշնակ գյուղի մեր տան ցանկապատը, ու Եղսո տատի նման վերջին շնչում հիշեցնենք, որ մեր տան բլքարը շարժվել է, պետք է տեղը դնել: Ու չմոռանանք, որ հողը հայրենիք է դառնում, երբ քրտինք ես թափում հողի վրա…

-Վերջում ուզում եմ ապրիլյան կռվի օրերին գրված մի բանաստեղծություն նվիրել «Հայ զինվորի» ընթերցողին:

 

Հին Գորշ գայլը ոռնաց կեսգիշերին.

Արյան հոտ է գալիս առավոտից,

Եվ Գորշ գայլի ցկնած ձագ ազերին

Կաղկանձում է հայ զինվորի զարկից:

Իմ հա՛յ զինվոր, Հայոց տունդ` սահման,

Հայոց մեջքին կապած զորաց գոտին,

Դու Մհերի, Դավթի ձեռքի Բազպան,

Հավերժ ամուր պահիր Թուր-Կեծակին…

Ու թե հանկարծ գնդակ քեզ որոնի,

Ես կորսամ, որդի՛ս, քոռ գնդակին,

Թող իմ սրտի միջով միայն անցնի,

Որ դու հզոր մնաս մեր սահմանին…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Բանակ և հասարակություն


13/09/2017