Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆ



ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆՀՀ զինված ուժերում շարունակվում է ուսումնական փուլը: Զորամասերում անցկացվում են տեսական և գործնական տարաբնույթ պարապմունքներ, որոնց նպատակը մեկն է՝ պատրաստել բանիմաց և մարտունակ զինվորներ, իրենց գործի մասնագետներ: Պարապմունքների ընթացքին հետևելու համար այցելեցինք ուսումնական բրիգադ, որը չափազանց կարևոր դերակատարում ունի զինված ուժերի ուսումնական գործընթացում: Այստեղ ուսուցանում և զորքեր են ուղարկում տարբեր մասնագետներ և ջոկի հրամանատարներ:

Փոխգնդապետ Մ. Մելքումյանի հրամանատարությամբ գործող գումարտակում հմտանում են տանկի ապագա մեխանիկ-վարորդները: Լսարանային պայմաններում տեսական գիտելիքներ ստանալուց հետո նրանք անցնում են վարժասարքով պարապմունքներին, որոնք ուսումնական շղթայում առանձնանում են իրենց արդյունավետությամբ: Գիտելիքները վարժասարքով ամրապնդելուց հետո միայն կուրսանտներին թույլատրվում է մասնակցել գործնական մեքենավարմանը:

Ուսուցման նման մեթոդի առավելություններն ակնհայտ են: Վարժասարքում ամեն ինչ այնպես է, ինչպես իսկական տանկում: Կուրսանտը իր առջև տեսնում է նույն պատկերը, ինչ կտեսներ իրական մեքենավարման ժամանակ: Համակարգչային ծրագիրը նմանակում է տարբեր բարդության ճանապարհներով անցումներ լեռնային և դաշտային տեղանքում: Թերևս, պակասում են միայն շարժիչի հռնդյունը և փոշին:

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆՆերկա եղանք նմանատիպ պարապմունքներից մեկին: Այն վերահսկում էր կապիտան Ա. Թամազյանը, որը հընթացս ուղղորդում էր տղաներին, անհրաժեշտ ցուցումներ տալիս: Վարժասարքի կառավարման կետում անձնակազմի գործողություններին հետևում էին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Ռ. Հունանյանը և վարժասարքի պետ, ավագ Վ. Վարսիլյանը: Նրանց առջևի էկրանին երևում էին յուրաքանչյուր զինծառայողի կատարած գործողությունները, գրանցած արդյունքները: Կուրսանտների գործողություններին հետևելուն զուգահեռ կապիտան Թամազյանը ներկայացրեց նրանց ուսուցանման հաջորդականությունը:

-Կուրսանտների վարժասարքերով ուսուցումը բաժանված է չորս փուլի: Ամեն փուլի ժամանակ նրանց տարբեր առաջադրանքներ ենք տալիս՝ աստիճանաբար բարձրացնելով դրանց բարդության աստիճանը: Այժմ նրանք կատարում են տանկի երկրորդ նախապատրաստական վարժությունը: Վարժասարքով այն հաղթահարելուց մեկ շաբաթ անց կուրսանտները զորավարժարանում նույն թեմայով գործնական մեքենավարում կիրականացնեն:

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆՆախապատրաստական չորս վարժությունները սովորեցնում են ճիշտ շահագործել և վարել հզոր ռազմական տեխնիկան: Կուրսանտը տարբերում է կանգառի նշանները, կարողանում է տեխնիկան ճիշտ տեղում կայանել առանց սահեցնելու և սահմանափակիչներին դիպչելու: Հաղթահարում է տարբեր արգելքներ, սյունաձև, օձագալար անցումներ է կատարում, ապա նաև՝ ճիշտ շրջադարձեր, կանգառ վերելքի և վայրէջքի ժամանակ և այլն: Հինգերորդ փուլում արդեն ստուգարք ենք ընդունում կուրսանտներից: Դա նրանց համար դժվարություն չի ներկայացնում, քանի որ վարժասարքի միջոցով հղկում են իրենց հմտությունները: Բացի այդ, պատրաստության վեց ամսվա ընթացքում նրանք 85 կմ գործնական մեքենավարում են կատարում: Ուսումնական ամբողջ գործընթացը հաջողությամբ հաղթահարելուց հետո կուրսանտները երրորդ կարգի մեխանիկ-վարորդի աստիճան են ստանում և մեկնում զորամասեր՝ շարունակելու իրենց հետագա ծառայությունը:

Հավելենք, որ լսարանում ևս մի վարժասարք կա՝ նախատեսված տանկի հրամանատարի և նշանառու-օպերատորի պատրաստության համար: Ուսուցման որոշակի փուլում երկու վարժասարքերը հնարավոր է միավորել մեկ համակարգում և միաժամանակ հետևել տանկային լիարժեք անձնակազմի համատեղ գործողություններին:

***

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆՆույն օրը զորավարժարանում գործնական մեքենավարում էր կատարում գումարտակի մեկ այլ վաշտի անձնակազմը, որն արդեն ավարտել էր երկրորդ նախապատրաստական վարժության վարժասարքով ուսուցանման փուլը: Ուսումնական կետերում կապիտան Խ. Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվում էին լրացուցիչ պարապմունքներ, կուրսանտներին ևս մեկ անգամ հիշեցնում էին անվտանգության կանոնները: Լսարաններից մեկում պայմանագրային սերժանտ Հ. Իսպիրյանը մեխանիկ-վարորդներին պարզաբանում էր տանկի շարժիչի կառուցվածքը, հավանական խափանումների դեպքում անհրաժեշտ գործողությունների կարգը: Դասն ուղեկցվում էր ուսումնական պաստառների ցուցադրությամբ:

Բոլոր պարապմունքները և գործնական մեքենավարումը վերահսկում էր զորամասի մասնագիտական խումբը՝ մայոր Զարմանյանի գլխավորությամբ: Տեխնիկական և վարման գծով ավագ սպան և՛ վերահսկում, և՛ կազմակերպում էր գործընթացը, նաև համապատասխան օգնություն ցուցաբերում վարման նախապատրաստման և անցկացման ընթացքում: Նա հայտնեց, որ գործնական պարապմունքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, մոտ մեկ ամսից էլ կսկսվեն գիշերային մեքենավարման դասընթացները: Նաև վստահեցրեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ զորամասեր կատարյալ մասնագետներ ճանապարհելու համար: Առայժմ տղաներին միայն մասնագիտական օգնություն է ցուցաբերվում, իսկ նորմատիվներին համապատասխան ստուգարքներ կընդունվեն ուսումնական փուլի ավարտին:

***

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆՀերթական անձնակազմն է դուրս գալիս տանկային երթուղի: Փոշու ամպ, շարժիչի հռնդյուն, արագություն, ադրենալին՝ այստեղ տղաները զգում են այն, ինչ չկա վարժասարքի լսարանում: Այստեղ յուրաքանչյուրն իր վարած հզոր ռազմական տեխնիկայի հետ դառնում է մի մարմին, հաղթահարում բոլոր արգելքները: Տանկի վարման սկզբունքները նոր-նոր ուսումնասիրող կուրսանտներին ուղեկցում են արդեն փորձառու հրահանգիչները՝ զորամասի հիմնական կազմում 1,5 տարի և ավելի ծառայած մեխանիկ-վարորդները: Նրանք օգնում են ավելի արագ և լավ ճանաչելու մարտական տեխնիկայի շարժիչի հնարավորությունները, վարման առանձնահատկությունները: Հրահանգիչներն էլ նույն ճանապարհն են անցել. ամիսներ առաջ նրանց են սովորեցրել տանկ վարել: Եվ այժմ կուրսանտներն իրենց ավելի վստահ են զգում հրահանգիչների ներկայությամբ: Գիտեն՝ անհրաժեշտ պահին մասնագիտական որակյալ օգնություն կստանան: Օրինակ՝ երթերից մեկի ժամանակ տեխնիկական խնդիր առաջացավ, մեխանիկ-վարորդը ստիպված եղավ կանգնեցնել տանկը, սակայն հրահանգչի օգնությամբ կարողացավ րոպեների ընթացքում վերացնել տվյալ խնդիրը, տեխնիկան բերել երթային վիճակի և շարունակել մեքենավարումը: Հաջորդ անգամ նա արդեն ինքնուրույն կկարողանա կարգավորել տվյալ բնույթի խնդիրը:

Քիչ անց բլրակի ետևից փոշու ամպ բարձրացնելով երևաց Տ-72-ը: Երթուղու եզրափակիչ հատվածում տանկը շրջադարձ կատարեց, առանց դիպչելու անցավ սահմանափակիչների արանքով և կայանեց սահմանված տեղում: Շարժիչն աշխատեց ևս մի քանի րոպե:

-Հրահանգիչը շարժիչն անջատելու կարգն է բացատրում կուրսանտին,- պարզաբանեց մայոր Զարմանյանը՝ տեսնելով իմ անհանգստությունը: -Թվում է՝ մանրուք է, սակայն յուրաքանչյուր մանրուք իր կիրառման նրբությունն ունի, և կուրսանտը պետք է կարողանա լիարժեք տիրապետել և գործնականում կիրառել այն:

Տանկից դուրս է գալիս և մեզ է մոտենում ամբողջովին փոշու մեջ կորած կուրսանտը: Զեկուցում է մեքենավարման ղեկավար, կապիտան Հակոբյանին՝ «Պարոն կապիտան, կատարել եմ երկրորդ նախապատրաստական վարժությունը Տ-72 տանկից: Ջրի ջերմաստիճանը 80% է, յուղինը՝ 70%, յուղի ճնշումը շարժիչում՝ 7կգ ուժ սմ2: Հաղթահարել եմ բոլոր արգելքները, տեխնիկան գտնվում է սարքին վիճակում»:

ԵՐԹՈՒՂՈՒՄ ՏԱՆԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆԿուրսանտ Վլադիմիր Թութունջյանն է: Չի կարողանում թաքցնել ոգևորությունը, ամեն ինչ ճիշտ է արել: Հարցնում եմ՝ ի՞նչն է ամենադժվարը ռազմական հզոր տեխնիկան վարելիս: Վստահ պատասխանում է. «Եթե սովորում ես, ուշադիր ես, կատարում ես փորձառու սպաների և հրահանգիչների կարգադրությունները, ոչ մի դժվարություն էլ չկա: Արդեն երկրորդ գործնական մեքենավարումս էր, այս անգամ ավելի վստահ էի գործում: Վարժասարքով, կարելի է ասել, գրեթե ամբողջովին յուրացրել էինք տվյալ վարժության թեման, բայց, այնուամենայնիվ, զորավարժարանում բոլորովին այլ զգացողություններ են, երբ գիտակցում ես, որ ինքնուրույն ես վարում մարտական տեխնիկան, զգում ես շարժիչի ուժը, տանկի ընթացքը, շնչում ես փոշիախառը օդը»:

Հավելենք, որ Վլադիմիրը ցանկություն ունի խորացնել գիտելիքները և հետագայում անցնել պայմանագրային ծառայության:

Զորավարժարանում շոգ է, տանկի ներսում էլ քիչ ավելի շոգ է, քան դրսում: Բայց պարապմունքներն ընթանում են ըստ ժամանակացույցի. մարտական գործողությունների ժամանակ եղանակային պայմաններին ուշադրություն չեն դարձնում: Մեքենավարումն ավարտում է կուրսանտ Մառլեն Հարությունյանը, իրենց հերթին են սպասում Կամո Օհանյանը, Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը և մյուսները: Ուսումնական փուլի ավարտին նրանք քննությունները հաջող հանձնելուց հետո կուղևորվեն տարբեր զորամասեր, կվարեն ոչ թե ուսումնական, այլ մարտական տեխնիկա՝ պատրաստ ցանկացած պահի ցուցադրելու իրենց հմտությունները: Նրանց հետագա վարպետության հիմքը դրվում է այսպիսի գործնական պարապմունքների ժամանակ:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Ազգային բանակ


13/09/2017