ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Առաջին անգամ Չինաստան եմ այցելել 1996 թվականին, երբ աշխատում էի խորհրդարանում: Այնուհետեւ երկու-երեք տարին մեկ եղել եմ այս երկրում: Դեռևս 2001 թ. «Նորինկո» ընկերության դահլիճում ներկա էի այն ժամանակ պաշտպանության նախարար, այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ընկերության նախագահի, երկրի պաշտպանության նախարարի հետ: Ամենագլխավորը՝ յուրաքանչյուր այցի ժամանակ ինձ զարմացնում էր այս երկրի հստակ տեսլականով արագ զարգացումը: Յուրաքանչյուր այցի ժամանակ թվում էր, թե մի նոր երկիր եմ եկել. այնքան մեծ էին փոփոխությունները, այնքան տարբեր էին մարդկանց՝ իրենց առաքելության, խնդիրների ընկալումը: Սա շատ ոգևորիչ օրինակ է. ինչպես պետք է ձևավորել տեսլական ու շարժվել դեպի այդ տեսլականը ուրույն քայլերով:
Չինաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը: Այս տարի մենք մեր անկախության քսանհինգամյակին զուգընթաց նշում ենք նաև հայ-չինական միջպետական դիվանագիտական հարաբերությունների քսանհինգամյակը: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգացել են շատ դինամիկ՝ վերելք են ապրել թե՛ տնտեսական կապերը, թե՛ քաղաքական երկխոսությունը: Վերջին տարիներին բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել: Հատկապես նշանակալից էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Անցյալ տարի մենք մի շարք պատվիրակություններ ենք հյուրընկալել Չինաստանից, այդ թվում՝ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը: Բոլոր հանդիպումներն էլ գործնական ու շատ արդյունավետ էին: Եվ պատահական չէ, որ մեր առևտրաշրջանառությունը, տնտեսական կապերը առաջատարներից են Հայաստանի համար: Այդ առումով ռազմաքաղաքական երկխոսության, փոխգործակցության ոլորտում կարիք կար ևս մեկ անգամ քննարկելու առկա հարցերը, խնդիրները, մտահոգությունները, ներկայացնելու մեր առաջիկա ծրագրերն ու ձեռք բերելու նոր պայմանավորվածություններ: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ հաջողվեց և, իրոք, շնորհակալ եմ չինացի գործընկերներին ջերմ ընդունելության և գործնական երկխոսության համար:
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
***
Չինաստանի զարգացման տեմպերն, անկասկած, տպավորիչ են, և 16 տարին այդ երկրի համար թռիչքային ժամանակահատված է, որի ընթացքում ահռելի փոփոխություններ են արձանագրվել։ Քաղաքներ, որոնք կառուցվում են ընդամենը մի քանի տարում, սեփական ավտոարտադրություն, որն ընդամենը հինգ-վեց տարի առաջ մասնագետների ժպիտը կարող էր առաջացնել, իսկ հիմա իրական մրցակցության չափազանց հավակնոտ հայտ է ներկայացնում՝ վաղուց արդեն առաջատար համարվող համաշխարհային մակնիշների համար։ Նույնը նաև ռազմարդյունաբերության ոլորտում. եթե տարիներ առաջ Չինաստանը զենք ներմուծող երկիր էր, ապա հիմա սրընթաց տեմպերով զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունն ու վերածվում խոշոր արտահանողի։ Չինական զինատեսակները հետզհետե մեծ տարածում են ստանում՝ շնորհիվ կատարելագործվող որակի և տեխնոլոգիական նորարարությունների։
Հայ-չինական հարաբերությունները պաշտպանական ոլորտում նոր չեն հաստատվում։ Համագործակցությունը բավականին լավ մակարդակի վրա է, ընդ որում՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում։ Մեծ թվով հայ սպաներ փայլուն կրթություն են ստանում չինական բարձրագույն ռազմակրթական հաստատություններում՝ վերադառնալով և համալրելով հայկական զինված ուժերի հրամանատարական կազմը։
Այդուհանդերձ, ցանկացած հարաբերություն պարբերաբար թարմացման կարիք է զգում։ Ժամանակները փոխվում են, առաջնահերթությունները, խնդիրները, մարտահրավերները՝ նույնպես, ինչն էլ սրբագրումների անհրաժեշտություն է առաջացնում։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան երկու երկրների փոխգործակցության նոր փուլի ազդարարումն էր։
Չինաստանի բանակը հզորագույններից է մոլորակում։ Բայց նույնիսկ այս պարագային պետությունը զինված ուժերի բարեփոխումների փուլ է մտել, որն ավարտվելու է առաջիկա տարիներին՝ ձևավորելով նոր որակով ու հնարավորություններով բանակ։ Հիմնական շեշտերից մեկը դրվում է ռազմական կրթության վրա՝ գիտակցումով, որ մարտունակ բանակը նախևառաջ փայլուն գիտելիքներով բանակն է։ Եվ դա պատահական չէ. Չինաստանը հազարամյակներ առաջ էլ համարվել է ռազմական գիտության կենտրոններից մեկը, իսկ ռազմական գիտության նախահայրերի մեջ չինացիները առանցքային դիրքեր են զբաղեցնում։
Ժամանակակից Չինաստանում բազմաթիվ ռազմակրթական հաստատություններ են գործում, որոնք մասնագետներ են պատրաստում ոչ միայն չինական բանակի համար։ Հայաստանն ու Չինաստանն այս ոլորտում համագործակցության երկար տարիների փորձ ունեն։ Հայ զինվորականները Չինաստանում, չինացիները Հայաստանում արդյունավետ ուսուցման փուլ են անցնում։ Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիան լավագույններից է աշխարհում։ Այստեղ կրթություն են ստանում կամ վերապատրաստվում նաև հայ սպաները։ Վիգեն Սարգսյանն այցելեց ակադեմիա և հանդես եկավ դասախոսությամբ, որի առանցքում տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրներն էին։ Ակադեմիայի սաները համակ որշադրությամբ ունկնդրեցին պաշտպանության նախարարի դասախոսությունը։
-Չինաստանը վերածնում է մետաքսի ճանապարհը, որի մի մասն անցնելու է մեր մեծ տարածաշրջանով։ Հետևաբար՝ խոշորագույն այդ ծրագրի իրականացման հաջողությունը որոշակիորեն պայմանավորված է նաև մեր տարածաշրջանային զարգացումներով,-ասաց նախարարը և սպառիչ պատասխաններ տվեց ունկնդիրների հարցերին:
Նախարարը՝ ռազմարդյունաբերական ընկերություններում
Վիգեն Սարգսյանի այցի օրակարգային կարևոր կանգառները ռազմարդյունաբերական՝ «Պոլի գրուպ» և «Նորինկո» ընկերություններում էին։ Ասել, թե խոշոր ընկերություններ են՝ նշանակում է ոչինչ չասել։ «Նորինկոն», օրինակ, ապահովում է Չինաստանի ցամաքային զորքերի սպառազինության շուրջ 90 տոկոսը։ «Պոլի գրուպի» ուշադրության կենտրոնում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն է։ Վիգեն Սարգսյանի՝ այս ընկերություններ այցի հիմնական նպատակը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունների հստակեցումն էր։
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի կառավարումն իրականացնում է կենտրոնական ռազմական խորհուրդը, որի ղեկավարը երկրի նախագահն է՝ Սի Ծինփինը։ Փոխնախագահը Սյույ Ցիլյանն է, որի հետ էլ հանդիպեց Հայաստանի պաշտպանության նախարարը։ Չինացի բարձրաստիճան զինվորականը քաջատեղյակ էր Հայաստանից, նաև մեր լեգենդար հայրենակցի՝ Արտեմ Միկոյանի շնորհիվ, որի նախագծած ինքնաթիռներում է անցել նրա կարիերայի պատկառելի հատվածը։ Սյույ Ցիլյանը փայլուն օդաչու է և տասնյակ տարիներ անմիջականորեն շփվել է տաղանդավոր հայորդու նախագծած ՄԻԳ-երի հետ։ Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահը հաճույքով խոսեց այդ մասին՝ հայի ստեղծած ինքնաթիռները դիտարկելով որպես հայ ժողովրդի հանճարի վկայություն։ Իսկ երկու մեծ ժողովուրդները, որոնց կապերը հազարամյակների պատմություն ունեն, կարող են և պետք է արդյունավետորեն համագործակցեն նաև ապագայում։
-Երբ հայացք ենք ձգում անցյալ՝ տեսնում ենք երկու մեծ ժողովուրդների անցած երկար ճանապարհ, երբ նայում ենք ապագային՝ տեսնում ենք փայլուն հնարավորություններ,-ասաց փոխնախագահ Սյույ Ցիլյանը:
Չինաստանի զարգացման քայլերն առավել նկատելի են հատկապես Շանսի նահանգում, որտեղ ընդամենը մի քանի տարում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նահանգ, որը չինական քաղաքակրթության բնօրրանն է։ Այստեղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպեց ռազմական շրջանի ղեկավարությանը։ Քննարկումների առանցքում կրկին հայ-չինական փոխգործակցությունն էր պաշտպանական ոլորտում։ Ի դեպ, ավելի քան 35 միլիոն ազգաբնակչություն և Հայաստանից անգամներ մեծ տարածք ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում է գտնվում աշխարհի ամենաառեղծվածային և իր մասշտաբներով ու իրականացման բարդությամբ ապշեցնող գտածոներից մեկը՝ Տերակոտե բանակը։ Պաշտոնական այցերի համար պարտադիր է նաև մշակութային բաղադրիչը: Հայկական պատվիրակության ընտրությունն առավել քան օրինաչափ էր. Տերակոտե բանակը չինական մշակույթի, գիտության և, իհարկե, ռազմական արվեստի փառահեղ վկայությունն է, ինչպես նաև ապացույցը, որ չինացիները հազարամյակներ առաջ էլ հստակ գիտակցել են՝ ժողովրդի անվտանգության միակ և իրական երաշխավորը բանակն է։ Գաղափար, որը կարմիր թելով է անցնում նաև հայ ժողովրդի պատմության միջով: Հայաստանն ու Չինաստանը հեռու են իրարից, բայց միավորող արժեքները չափազանց շատ են, ինչն էլ թույլ է տալիս ազատ ու անկաշկանդ առաջ շարժվել դեպի հարաբերությունների նոր որակ։
Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում։ Իհարկե, երկրները տարբեր են՝ չափսերով ու բնակչության թվաքանակով, բայց երկու մեծ ու հնագույն ժողովուրդներ են, որոնց կապերը հազարամյակների պատմություն ունեն։ Պաշտպանական ոլորտում հայ-չինական համագործակցության համար ներուժ, իհարկե, կա։ Գործնական քայլեր են պետք դրանք լիարժեք իրականացնելու համար։ Երկու կողմերն էլ պատրաստակամ են այդ հարցում։ Փոխադարձ շփումների ինտենսիվացում, մի շարք միասնական ծրագրերի իրականացում, ռազմակրթական հնարավորությունների ընդլայնում՝ այս և այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարների հանդիպման արդյունքում։ Ավարտին ստորագրվեց համաձայնագիր, որով Չինաստանը հերթական՝ 10 միլիոն յուան անհատույց օգնություն հատկացրեց Հայաստանի պաշտպանական ոլորտին։
ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական