Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ



ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄՊարզաբանում է ՊՆ իրավաբանական վարչության պետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

-Պարոն Սիմոնյան, Կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ի՞նչ հիմնական խնդիրներ են լուծում նոր նախագծերը:

-Նախագծերը միտված են պաշտպանության ոլորտի օրենսդրության մեջ ապահովելու 2015 թ. սահմանադրական փոփոխությունների իրացումը, իրականացնելու գործող օրենքների կոնսոլիդացում, ինչպես նաև ամրագրելու նոր քաղաքականությունները: Մասնավորապես` «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ներառելու է «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքներով սահմանված հարաբերությունները: Բացի այդ, վերոնշյալ նախագծում ներառվել են նաեւ «Զինապարտության մասին» օրենքով կարգավորվող քաղաքացիների զինապարտության եւ զինվորական հաշվառման հետ կապված հարցերը: Այսինքն` միավորվել են երեք օրենքներ և մեկ այլ օրենքի առաջին ու երկրորդ գլուխները: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ևս ընդգրկվել են գործող երեք` «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները: Այսպիսով` ոլորտի վեց օրենքներ միավորվել և կարգավորվելու են երկու առանձին օրենքներով:

-Ինչո՞ւ են համակցվել օրենքները. արդյոք նպատակը օրենսդրական ակտերի կրճատո՞ւմը չէ:

-Միավորումը տեխնիկական չէ, այլ՝ բովանդակային: Նախագծերում ընդգրկված օրենքները կարգավորում են համասեռ իրավահարաբերություններ: Դրանք միավորվել և սահմանվել են նորովի:

-Զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող փոփոխությունը, թերեւս, տնից առնվազն 150 կմ հեռավորությամբ ծառայելու արտոնության վերանայումն է:

-«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շրջանակներում նշված արտոնությունն ստացել է բովանդակային լուծում: Նախկինում որոշ հիմքերի առկայության դեպքում զորակոչիկին հնարավորություն էր տրվում ծառայության նշանակվել բնակության վայրից մինչեւ 150 կմ հեռավորությամբ տեղակայված զորամասում: Ընդ որում` 150 կմ շառավիղը չէր բացառում, որ նա կարող է հայտնվել առաջնագծի որեւէ ստորաբաժանումում: Այժմ զորակոչիկն այդ նույն հիմքերով ստանում է մարտական հերթապահությունում չընդգրկվելու արտոնություն, եթե, իհարկե, անձամբ ներգրավվելու ցանկություն չի հայտնում:

-Կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, թե հնարավոր է հրամանատարությունը պարտադրի, կամ կոլեկտիվում հոգեբանական որոշակի վիճակ ստեղծվի, և զինծառայողը ստիպված ցանկություն հայտնի ներգրավվելու մարտական հերթապահությունում: Ինչո՞ւ է հաշվի առնվում զորակոչիկի ցանկությունը:

-Այդպիսի պնդումները հիմնավոր չեն: Այսօր օրենսդրությունը որոշակի արտոնություններ է սահմանում մարտական հերթապահությունում ընդգրկված ժամկետային զինծառայողների համար: Մասնավորապես` զորացրված զինծառայողը բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում սովորելիս օգտվում է վարձավճարի 30 տոկոս զեղչի իրավունքից: Այսինքն, եթե զինծառայողը, ելնելով նշված նկատառումից, ուզում է ներգրավվել մարտական հերթապահությունում, ապա նրա այդ ցանկությունը բավարարվում է:

-Ինչպե՞ս է վերահսկվելու՝ արտոնություն ունեցող զինծառայողը ներգրավվե՞լ է մարտական հերթապահությունում, թե ոչ:

-Արտոնություն ունեցող զորակոչիկը վիճակահանության սկզբունքով ընտրելու է ծառայության վայրը: Նրա փաստաթղթերում նշվելու է, թե ինչ հիմքով է օգտվում մարտական հերթապահությունում չներգրավվելու իրավունքից: Վերահսկողությունը իրականացնելու է զորամասի հրամանատարությունը: Զորակոչիկի կամքին հակառակ նրան մարտական հերթապահությունում ընդգրկելը կորակվի որպես ոչ իրավաչափ գործողություն` համապատասխան հետևանքներով:

-Իսկ եթե զորամասը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ:

-Մարտական հերթապահությունում չընդգրկվելու արտոնությունը չի ենթադրում, որ զինծառայողը չի ներգրավվելու զորամասի կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման մեջ:

-Եվս մեկ վերանայում կլինի. հարազատ եղբայրներն իրենց ցանկությամբ կկարողանան ծառայել նույն զորամասում:

-Գործող օրենքը նույն զորամասում ծառայելու իրավունք էր տալիս նույն զորակոչի ժամանակ զորակոչվող եղբայրներին` իրենց ցանկությամբ: Օրենքի նախագծով նման իրավունք ունի նաև այն զորակոչիկը, որի եղբայրն արդեն իսկ ներգրավված է պարտադիր զինվորական ծառայությունում: Զորակոչիկի դիմումը մերժվում է, եթե եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը: Սա միակ բացառությունն է: Նշված ժամանակային սահմանափակումը զորամասում որոշակի միջանձնային խնդիրներից, ծառայության կազմակերպման խոչընդոտներից զերծ մնալու համար է: Այս վերանայումը ունի նաև սոցիալական բաղկացուցիչ` դյուրին է դարձնում ծնողների այցելությունները:

-Իսկ եթե եղբայրը ծառայում է թիկունքային զորամասում:

-Օրենքի նախագիծն այդ առումով որևէ սահմանափակում չի նախատեսում:

-«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՌՈՒՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կնքել 10 տարով: Խնդրում եմ պարզաբանեք այս փոփոխությունը:

-Գործող օրենքով նախատեսվում էր ՌՈՒՀ ընդունված քաղաքացիների հետ պայմանագրի կնքում 20 տարի ժամկետով, որը ներառում էր ուսումնառության ժամանակահատվածն ու հետուսումնական զինվորական ծառայությունը: Մշակված նախագծով ենթադրվում է զինծառայողների հետ կնքել պայմանագիր ուսումնառության և հետուսումնական տասը տարի ժամկետով: Այսինքն` օրինակ, եթե ուսումնառության ժամկետը չորս տարի է, ապա` չորս գումարած տասը ձեւաչափով: Հաշվի ենք առել այն, որ տուժանքի կիրառումը` որպես իրավական հետևանք, տարածվում է միայն հետուսումնական տասը տարիների ընթացքում օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելիս: Երկրորդ` քաղաքացու համար բավականին բարդ է 18 տարեկանում կողմնորոշվել՝ ինքը պատրա՞ստ է քսան տարով նվիրվել ծառայությանը: Զինծառայողը կարող է տասը տարին լրանալուց հետո շարունակել ծառայությունը` կնքելով հերթական պայմանագիրը:

– Ի՞նչ տույժեր են նախատեսվում, եթե զինծառայողը հրաժարվում է ծառայությունից տասը տարին չլրացած:

-Որպես պայմանագրային պարտավորության ոչ պատշաճ կատարման իրավական հետևանք` տուժանքի կիրառման ինստիտուտը ներդրվել է 2017 թ. հունվարին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններով: Մշակված նախագծում նախատեսվել է նույն իրավական հետևանքը: Զինծառայողը յուրաքանչյուր չծառայած տարվա դիմաց վճարելու է մեկ միլիոն դրամ: Իրավական հետևանքներ են նախատեսվել նաեւ ՊՆ պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիների ու պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև ռազմաբժշկական հաստատություններում ուսումնառող քաղաքացիների և զինծառայողների համար: Ուսումնառությունից հրաժարվելու դեպքում վերոնշյալ անձինք ուղարկվում են պարտադիր զինծառայության՝ տվյալ հաստատությանը վճարելով նախատեսված տարեկան վարձավճարների կրկնապատիկը: Նույնը վերաբերում է նաեւ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքած անձանց:

-Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող անձանց կնքել համաձայնագիր՝ գործող պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարելու համար: Զինծառայողն իրավունք ունի՞ հրաժարվելու իր պայմանագրում փոփոխություն կատարելուց:

-Վերոնշյալ իրավական հետևանքների կիրառումը և ծագումը պետք է նշվի գործող պայմանագրերում: Թե՛ աշխատանքային օրենսգիրքը, թե՛ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում են, որ պայմանագրի նորմերը կիրառվում են և պետք է սահմանվեն տվյալ պահին գործող օրենսդրության պահանջների համաձայն: Համաձայնագիրը կնքվում է երկու կողմերի՝ ՊՆ-ի և զինծառայողի լիակատար համաձայնության դեպքում: Որեւէ պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող: Նշեմ, որ արդեն կան բազում օրինակներ, երբ զինծառայողները կնքել են համաձայնագիրը: Ունենք նաեւ դեպքեր, երբ զինծառայողը կնքել է համաձայնագիրը, այնուհետեւ վճարել օրենքով սահմանված տուժանքը և արձակվել զինվորական ծառայությունից:

-Օրենքի նախագծով նախատեսվում է չեղարկել ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Այնուամենայնիվ, բացառություններ նախատեսվո՞ւմ են:

-Հասարակությունում անհանգստություն կար, որ արական սեռի ներկայացուցիչներն այս իրավունքն օգտագործում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նաեւ՝ անհավասար պայմաններ էին ստեղծվում տարկետման իրավունքից օգտվողի և վճարովի համակարգում սովորողի համար: Առանձին հոդվածով սահմանվում էր ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը` նախատեսելով տարկետումների մի շարք տեսակներ: Մշակված նախագծով իրավունքի այդ տեսակը վերացվել է: Նախատեսվում է միայն նպատակային ուսումնառության համար տարկետում, որից կարող են օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ուսանող անձինք, ինչպես նաեւ հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող 18 տարին լրացած անձինք: Նպատակն այն է, որ վերջիններս ավարտեն ուսումնառությունը դպրոցում կամ արհեստագործական ուսումնարանում:

-Օրենքի նախագծերում ամրագրվել են նաեւ «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի իրականացման ընթացակարգերը: Քանի որ ծրագրերի պայմանների մասին շատ է խոսվել, անդրադառնանք դիրքապահներին հետաքրքրող հարցին՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն մարտական հերթապահություն իրականացնող զինվորը կարո՞ղ է ծառայությունը շարունակել «Ես եմ» ծրագրով:

-Այո՛: «Ես եմ» ծրագիրը կիրառելի է ոչ միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զորակոչվածների, այլև արդեն իսկ ծառայության մեջ ներգրավված ժամկետայինների դեպքում: Զինծառայողը ՊՆ-ի հետ կնքելու է պայմանագիր և երեք տարի ժամկետով ծառայության է անցնելու նշված վայրում: Տրվելու է ամսական դրամական բավարարում, իսկ ծառայության ավարտից հետո՝ միանվագ պատվովճար, որը կարող է օգտագործվել երեք նպատակային ծրագրերում` գյուղատնտեսական գործունեություն, ուսման ծախսերի հատուցում, բնակարանի ձեռքբերում (նաև հիփոթեքային ծրագրով):

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


13/09/2017