Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ. ՍՈՒՆ ԾԸԱ



ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸՍկիզբը՝ նախորդ համարներում 

 Զորավարը պետության ղեկավարի ներկայացուցիչն է, եւ եթե նա ծառայում է բարեխղճորեն, ապա դա ամրացնում է երկրի դիրքը, իսկ եթե նա չի կարողանում կատարել իր պարտականությունները` երկրի դիրքը սասանվում է: 

Երկրի ղեկավարը կարող է վնասել իր բանակին երեք դեպքում.

♦ Երբ չի հասկանում, որ բանակը չպետք է հարձակվի եւ տալիս է հարձակման հրաման, կամ երբ չի հասկանում, որ չի՛ կարելի զիջել դիրքերը եւ նահանջելու հրաման է տալիս: Այս ամենը կանխում է ռազմական գործողությունների ընթացքը: 

♦ Երբ նա, ռազմական գործում ոչինչ չհասկանալով, ստանձնում է ռազմական գործողությունների ղեկավարումը. սա շփոթություն է առաջացնում հրամանատարական կազմում: 

♦ Երբ չունենալով համապատասխան ռազմական պատրաստվածություն եւ չպատկերացնելով բանակի կառավարման բնույթը` փորձում է առաջնորդել բանակը ճակատամարտում: Սա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` անվստահություն ներշնչելով մարտիկներին եւ հրամանատարական կազմին: 

Եթե քո բանակում տիրում է շփոթությունն եւ կասկածը` հարեւան երկրների կառավարողները անպայման կօգտվեն դրանից եւ կփորձեն ջախջախել քեզ:

Ահա թե ինչու եմ ասում`

«Շփոթված բանակը հաղթանակը նվիրում է թշնամուն»:

Ճակատամարտում հաղթանակի հասնելու հինգ պայմաններն են.

♦ Կհաղթի նա, ով գիտի` երբ կարող է կռվել, երբ` ոչ: 

♦ Հաղթանակը սպասում է նրան, ով ճիշտ է գնահատում հակառակորդի ուժերը եւ գործում է համապատասխանաբար: 

♦ Մեկ նպատակով միավորված բանակի համար հաղթանակը ապահովված է: 

♦ Կհաղթի նա, ով լավագույնս պատրաստված է մարտին եւ սպասում է հարմար պահի, երբ թշնամին ամենից քիչ է պատրաստ կռվի: 

♦ Հաղթանակը նրանն է, ում բանակում առավել տաղանդավոր հրամանատարներ կան, որոնց գործողություններին չի միջամտում երկրի ղեկավարը: 

Եվ վերջում կասեմ այսպես.

«Հետազոտիր բանակդ ու ինքդ քեզ եւ կլինես անհաղթ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, բայց չգիտես թշնամուդ` հաղթելու եւ պարտվելու հնարավորությունները հավասար են:

Եթե չես հետեւում ինքդ քեզ եւ թշնամուդ` կպարտվես յուրաքանչյուր ճակատամարտում»:

Շարունակելի

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Հոգևոր-մշակութային


22/09/2017