Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ` ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ



ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ` ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՄարդկային կյանքն անգին է ու յուրահատուկ, որքան էլ որ երբեմն, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այս համոզմունքը մարդու մեջ սասանված լինի…

Սեպտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Այս խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից կատարված վիճակագրական վերլուծության արդյունքում պարզվեց, որ համաշխարհային մասշտաբով տարեցտարի ինքնասպանությունների թվի կայուն աճ է գրանցվում: Շուրջ 800.000 հոգի ամեն տարի ինքնասպանության է դիմում, և 25 անգամ ավելի` ինքնասպանության փորձեր են արվում:  Սա է պատճառը, որ յուրաքանչյուր տարի այս օրը հատուկ անդրադարձ է արվում այս խնդրին, ուղիներ են փնտրվում և հստակ քայլեր արվում այն կանխարգելելու, կասեցնելու ուղղությամբ:

Ցավոք, այս խնդիրը չի շրջանցել նաև մեր հանրապետությունը ու դրա հետ մեկնտեղ նաև՝ զինված ուժերը: 2014 թվականից, ըստ վիճակագրական տվյալների, մեր հանրապետությունում յուրաքանչյուր հաջորդ տարի ինքնասպանության դեպքերի աճ է արձանագրվել: Նույնը չի կարելի ասել, սակայն,  զինված ուժերում ինքնասպանության դեպքերի վերաբերյալ, որոնցում որոշակի նվազում է նկատվում: Ինչպես նկատում է զինվորական ղեկավարությունը՝ սա այն խնդիրն է, որը հարկավոր է ի սպառ վերացնել` հետևողական աշխատանքների ճանապարհով: Այժմ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում հատուկ կարևորություն են ստացել ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հենց այս նպատակին էր նվիրված սեպտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության նախաձեռնած սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ հոգեբաններ, հոգևոր սպասավորներ, իրավագետներ և փրկարարներ, ինչպես նաև ԱՀՏԱ գծով զորամասի հրամանատարների տեղակալներ, այլ զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, որը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, այն է՝ հետևողական աշխատանքների միջոցով, անկախ համաշխարհային միտումներից,  Հայոց բանակում բացառել ինքնասպանության դեպքերը: 

Այնուհետև բանախոսները հերթով ներկայացրին հուզող խնդրի շուրջ իրենց կատարած վերլուծությունների և հետազոտությունների արդյունքները, կատարվող աշխատանքները:  ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղեկալ, գնդապետ Արթուր Ադամյանը ներկայացրեց վիճակագրական-վերլուծական տվյալներ՝ նշելով, որ զինված ուժերում հետևողականորեն տարվող աշխատանքների շնորհիվ  խնդրի լուծման դրական տեղաշարժերը նկատելի են:

Իր ելույթում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ, ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը առարկայականորեն ներկայացրեց  խնդրի հոգեբանական կողմը` փրկարարների ամենօրյա աշխատանքում մատնանշելով որոշակի կարևոր դիտարկումներ: Անմիջականորեն շփվելով սուիցիդալ վարք դրսևորող անձանց հետ, ԱԻՆ-ի աշխատակիցները մի շարք օրինաչափությունների են հանդիպում, որոնք կարևոր է հաշվի առնել ինքնասպանության դեպքերի կանխարգելման գործում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ մինչև ինքնասպանության որոշում կայացնելը մարդը սովորաբար երկար ճանապարհ է անցնում: Այդ իմաստով շատ կարևոր է ճանաչել նախասուիցիդալ վիճակի դրսևորումները. քաշի կտրուկ կորուստը կամ ընդհակառակը՝ գիրանալը, սիմվոլիկ նվերները, ինքնասպանության մասին խոսելը  և մի շարք այլ նախանշաններ: Ինքնասպանություն իրականացնող անձանց 80 տոկոսը, ըստ նրա, այդ քայլին դիմելուց առաջ օգնություն է խնդրում, խոսում է այդ մասին: Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ինքնասպանության փորձից առաջ մարդու մեջ երկակի զգացողություն է լինում. մահվան և միևնույն ժամանակ՝ ապրելու մեծ ցանկության: Ահա այստեղ է, որ շրջապատը կարող է ինքնասպանության հակում ունեցողին ուղղորդել դեպի ապրելու հաստատակամություն: Նա նշեց նաև այն հիմնական գործողությունները, որոնք չի կարելի թույլ տալ ինքնասպանության պատրաստվող մարդու հանդեպ. «Քննադատել նրան կամ համոզել, որ իր խնդիրը փոքր, հեշտ լուծվող է: Մենք պետք է լինենք օգնողի, հասկացողի դերում, ոչ թե՝ քննադատողի»: Որպես գործնական առաջարկ՝ զեկուցողը նշեց, որ կարևոր է շատ ուշադիր լինել քո կողքին ապրող, քեզ հետ շփման մեջ եղած մարդկանց հանդեպ: Հարկավոր է տեսնել նախանշանները և լսել մարդուն, ըմբռնում և կարեկցանք արտահայտել: Այդուհետ հոգեբանների օգնությամբ նրան ստեղծված իրավիճակից դուրս բերելու լուծումներ գտնել:

Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննության բաժնի պետ Անի Վարդանյանի հիմնական մտահոգությունն այն էր, որ ինքնասպանության դեպքերը սովորաբար ավելի շատ են, քան դրանց նախորդող ահազանգերը: Նա ընդգծեց խոցելի խմբում հայտնված անձանց՝ համապատասխան մարմիններին դիմելու կարգի մասին պատշաճ ծանուցման և վստահության մթնոլորտի ստեղծման կարևորությունը: «Հոգեբանական օգնություն ստացողների նկատմամբ վերաբերմունքը ինչպես հասարակության շրջանում, այնպես և զորքերում հարկավոր է վերաիմաստավորել,-ասաց բանախոսը: -Չգրված վարքուբարքի տարրերը իրենց հերթին անմիջականորեն նպաստում և հող են նախապատրաստում անելանելիության համար, ինչը պետք է բացառել: Հարկավոր է բացառել նաև անձի ինքնասիրությունը վիրավորող արտահայտություններն ու գործողությունները, որոնք առաջին հերթին հրամանատարության անմիջական հսկողության խնդիրն են՝ թե՛ վերադաս և թե՛ անմիջական»:   

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Հակոբ Ավետյանն անդրադառնալով զորամասերում ինքնասպանության դեպքերին՝ հատկապես կարևորեց զորամասերում ոչ ֆորմալ հարաբերությունների, կարծրատիպերի մուտքը բացառելը: Նա շեշտեց հրամկազմի և հատկապես կրտսեր հրամկազմի դերը նման անցանկալի իրավիճակների կանխարգելման գործում:  Ըստ պարոն Ավետյանի՝ պակաս կարևոր չեն նաև քողարկված տոտալիտար աղանդների, ինչպես նաև  սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հետ կապված խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելը:

Բանախոսները նշեցին նաև, որ զորամասերում ինքնասպանության դեպքերի զգալի մասի հիմքում, ի թիվս այլ պատճառների` սոցիալական, ներանձնային, ընտանեկան, միջանձնային հարաբերությունների խնդիրն է գերակշռում: Ինքնասպանությունը ինքնին մարդու մեկուսացում, սեփական ներաշխարհի մեջ ներփակում է ենթադրում, ինչից կարելի է խուսափել, եթե կոլեկտիվում ներդաշնակ միջանձային հարաբերություններ լինեն:  Այսպես կոչված «փակ համակարգերում», ինչպիսին է նաև բանակը, սովորաբար մեծ տեղ է գտնում արհեստածին կամ սուբյեկտիվ խնդիրների գերարժևորումը: Այս առումով վերադաս հրամանատարության կողմից բացատրական աշխատանքները խիստ կարևոր են:      Զորքերում կրտսեր հրամանատարական անձնակազմի ներգրավմամբ նմանատիպ սեմինարներ անցկացնելու առաջարկություն եղավ, քանի որ նրանք անմիջականորեն շփվում են ենթակա ստորաբաժանման անդամների հետ:

Սեմինարից հետո կառուցողական քննարկում ծավալվեց:  Հուզող հարցերին առնչվող գործնական մի շարք առաջարկներ եղան: Հաշվի առնելով բացասական տեղեկատվությամբ լրահոսի ազդեցությունը մարդու հոգեկան ներաշխարհի վրա՝ լրատվամիջոցների համար հատուկ դասընթացներ կազմակերպելու առաջարկ հնչեց: Նույն նկատառումով ընդգծվեց ինքնասպանության դեպքերի մասին զորամասերում ծանուցելիս՝ բացատրական և վերլուծական աշխատանք տանելու  անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարի խորհրդական Բաբկեն Վարդանյանն իր խոսքում կարևորեց զինծառայողների գաղափարական դաստիարակության խնդիրները` նկատելով, որ քրիստոնյա հայ ժողովրդին, հատկապես` զինվորականին, ինքնասպանություն երևույթը խորթ է եղել միշտ: «Անգամ մեր պատմության ամենադաժան ժամանակներում հայ մարդը հավատարիմ է մնացել Աստծուն` չդիմելով ինքնակամ կյանքից հեռանալու փորձին, գիտակցելով, որ դա այն մեղքն է, որ ոչ մի ներում չունի: Ցեղասպանության ենթարկված հայերի կամ Արցախում մարտնչած մեր մարտիկների օրինակը դրա վառ վկայությունն է… Ինքնասպանը անմիջապես բոլոր կապերը խզում է Տիրոջ հետ… Մարմինը Աստծո  մեզ տված տաճարն է, որում ի պահ է տվել մեր անմահ հոգին` կատարելագործվելու և իրագործելու համար իր կոչումն այս աշխարհում»,- նշեց պարոն Վարդանյանը: 

Անդրադարձ կատարվեց նաև ՊՆ «Թեժ գծի» կարևորությանը` այն զորամասերում անցանկալի զարգացումների վերաբերյալ իրազեկման և կանխարգելման առավել ապահով և գործուն միջոց դարձնելու առումով:

 Քննարկումների ավարտին ընդգծվեց նման հանդիպումների և համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը: Միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկին բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները դրական արձագանքեցին՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի աջակցել հետագա աշխատանքներին:

Սեմինար-քննարկման ավարտից հետո ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ադամյանը մեզ հետ զրույցում հակիրճ ներկայացրեց քննարկվող խնդրի շուրջ ընթացիկ և նախատեսվող  աշխատանքները:

-Սեպտեմբերի 9-ից 13-ը բոլոր զինվորական կայազորներում, համաձայն ԳՇ պետի համապատասխան հրամանի, անցկացվելու են նմանատիպ սեմինարներ՝ ներգրավելով հասարակության լայն շրջանների: Հասարակական կազմակերպությունների, դպրոցի մանկավարժների,  հոգեբանների մասնակցությամբ քննարկումների,  վերլուծությունների, առաջարկությունների և նկատառումների արդյունքները ներկայացվելու են ԱՀՏԱ վարչություն: Դրանք բոլորը, ներառյալ նաև՝ մեր այսօրվա քննարկումների արդյունքում ձևավորված մոտեցումները, համադրվելու են և վերլուծությունից հետո ուղարկվելու են զորքեր՝ որպես մեթոդական ուղեցույցներ:  

Գնդապետը նշեց, որ մեր ԶՈՒ-երը արդեն իսկ համագործակցության նշանակալի փորձ ունեն մի շարք ՀԿ-ների և պետական կառույցների հետ, մասնավորապես՝ «Ինտրա» հոգեբանական առողջության կենտրոնի, Երևանի պետական բժշկական համալսարանի և ԵՊՀ հոգեբանության ամբիոնների դասախոսական կազմերի հետ. «Համատեղ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, որոնցից հատկապես կուզենայի առանձնացնել ԶՈՒ ԱՀՏԱ գծով սպաների վերապատրաստման դասընթացները ԵՊՀ հոգեբանության ամբիոնում: Համագործակցության դրական արդյունքն արդեն իսկ նկատելի է զորքերում»:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Սոցիալ-իրավական


22/09/2017