ՊԱՊ ՈՒ ԹՈՌ. ՀԵՐՈՍԱԿԱՆ ԵՍԱՅԱՆՆԵՐԸ
Այս ընտանիքի պատմությանը հաղորդակից դարձա պատահաբար, երբ իմացա, որ հայրենիքում է լեգենդար օդաչու, ՌԴ հերոս Ռուբեն Եսայանը: Նրա հետ հանդիպելու ու զրուցելու առիթը չէի կարող բաց թողնել: Երբ մինչ մեր հանդիպումը տվյալներ էի որոնում նրա մասին, հետաքրքիր տեղեկություններ իմացա ոչ միայն հերոսի, այլև նրա ընտանիքի, նրա հերոսական նախնու՝ ռազմական բժիշկ Նիկոլայ Եսայանի մասին: Շտապում եմ ձեզ հետ կիսել տպավորություններս:
Պապը՝
ՆԻԿՈԼԱՅ ԵՍԱՅԱՆԸ
Նիկոլայ Պետրոսի Եսայանը ծնվել է Արցախի Մարտակերտ գյուղում: Բուժակների դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է ռազմաճակատ. սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը: Սրանից հետո անցել է քաղաքացիական պատերազմի բովով, այդուհետ ընդունվել է Ռոստովի բժշկական ինստիտուտ: 1941 թվականին Նիկոլայ Եսայանը՝ որպես գլխավոր բժիշկ, աշխատում էր Ադրբեջանի Նուխի քաղաքում: Մեծ Հայրենականը բժիշկ Եսայանի երրորդ պատերազմն էր: Փառապանծ 62-րդ բանակի հրամանատար, գեներալ Չույկովի օրոք նա գլխավորում էր այդ բանակի հոսպիտալը: 62-րդ բանակը Ստալինգրադի պաշտպանության ընթացքում առաջինը մտավ Բեռլին:
Պատերազմի ավարտից հետո Նիկոլայ Եսայանը դեռ երեք ամիս Բեռլինում էր: Ժուկովը, որ Բեռլինը վերցնելիս ղեկավարում էր 2-րդ բելառուսական ճակատը, նրան հրաշալի ճանաչում էր. Չույկովի ղեկավարած 62-րդ բանակը նրա ղեկավարած ճակատի կազմի մեջ էր մտնում: Նա Նիկոլայ Եսայանին առաջարկել էր մնալ և դառնալ Բեռլինի կենտրոնական հոսպիտալի պետը: Այդ պահին բժիշկն արդեն գնդապետ էր. Ժուկովը նրան միաժամանակ գեներալական ուսադիրներ ստանալու և ընտանիքը գնացքի առանձին վագոնով Երևանից Բեռլին տեղափոխելու առաջարկ էր արել: Եսայանը պատասխանել էր. «Ընտանիքս ո՞ւր բերեմ. երեխաներս արդեն հասուն մարդիկ են, ուսանողներ, հայրենիքում պիտի շարունակեն ուսումը»: Այսպես Նիկոլայ Եսայանը հրաժարվեց գայթակղիչ առաջարկությունից. նա շատ էր ուզում հնարավորինս շուտ վերադառնալ տուն՝ հայրենիք, ընտանիքի գիրկը: Ժուկովին այլևս ոչինչ չէր մնում. գնդապետին գնացքում առանձին խցիկ տրամադրելով՝ ճանապարհեց Երևան:
Ուղևորության ընթացքում՝ Գերմանիայի կայարաններից մեկում, գնդապետ Եսայանը դուրս է գալիս գնացքից, որ ջուր վերցնի: Երբ վերադառնում է վագոն, նրան է մոտենում պատառոտված շինելով մի երիտասարդ ու հայերեն հարցնում. «Ընկեր գնդապետ, դուք հա՞յ եք»: «Այո՛, իսկ ի՞նչ կա»: Երիտասարդը խնդրեց. «Ինձ Ձեզ հետ տուն չե՞ք տանի…»: Դա Թադևոս Գերուլդյանն էր: 1941 թվականին երիտասարդը կամավոր մեկնել էր ռազմաճակատ և առաջին իսկ մարտերից մեկի ընթացքում վիրավորվել ու գերի էր ընկել:
Գերմանացիները նրան ուղարկել էին համակենտրոնացման ճամբար՝ Արևմտյան Գերմանիա: Թադևոսին անխուսափելի մահվանից փրկել էր միայն այն, որ տեղացի ֆերմերներին թույլատրել էին ընտրել մի քանի երիտասարդների՝ բանվորական աշխատանքների համար:
Փախչելն անհնար էր: Նրա ունեցած միակ հագուստը համակենտրոնացման ճամբարի ռոբան էր: Այդ կերպարանքով նրան անմիջապես կբռներ Գեստապոն: Երբ պատերազմն ավարտվեց, նա անցավ Արևելյան Գերմանիա: Փորձում էր տարբեր փոխադրամիջոցներով տուն հասնել: Քաջ գիտակցում էր, որ գերությունից հետո հայրենիքում նրան գրկաբաց չէին ընդունելու, բայց ամեն դեպքում ձգտում էր Հայաստան՝ հուսալով, որ հրաշք կկատարվի: Եվ հրաշքը կատարվեց. գնդապետ Եսայանի հետ այս պատահական հանդիպումը ճակատագրական եղավ: Վերջինս, հավանելով երիտասարդին և հասկանալով նրա ցավը, հայրենիք վերադարձրեց նրան: Հետագայում արդեն գնդապետ Եսայանը Թադևոսին աշխատանքի տեղավորեց հոսպիտալում: Թադևոսն ամուսնացավ Եսայանի աղջկա հետ, և նրանց ընտանիքում ծնվեց փոքրիկ Ռուբեն Եսայանը, որը հետագայում աշխարհահռչակ փորձարկող օդաչու էր դառնալու և կրելու էր ՌԴ հերոսի պատվավոր կոչումը: Շատ չանցած, սակայն, հանդիպելով հին ընկերներից մեկին, Թադևոսը անզգուշաբար պատմում է Գերմանիայում հայտնվելու պատմությունը, և հենց հաջորդ օրը նրան ձերբակալում և աքսորում են Սիբիր: Նրա ետևից երկրից արտաքսվում է նաև կինը: Փոքրիկ Ռուբենը լիովին հանձնվում է պապի հոգածությանը: Երկար ժամանակ, մինչև կիմանար ճշմարտությունը, նա պապին էր որպես հայր ընկալում: Ամբողջ կյանքի ընթացքում պապի հանդեպ սերն ու հարգանքը կրեց իր հոգում: «Դու կյանքդ այնպես պետք է ապրես, որ երբ փողոցով անցնելիս տեսնես ընկերոջդ, բարեկամիդ, ծանոթիդ, կարողանաս բարևել՝ աչքերին պարզ նայելով և ամոթի զգացում չունենալ, թե՝ նրա հանդեպ որևէ վատ արարք ես գործել»,- պապի տված կարևորագույն դասերից մեկի մասին հիշում է Ռուբեն Եսայանը: Իհարկե, ուշիմ երիտասարդը գերազանցելու էր պապի բոլոր սպասելիքները, և նրան ճանաչելու և նրա հանդեպ խորը պատկառանք էին ապրելու ոչ միայն բոլոր ծանոթներն ու բարեկամները, այլև մի ամբողջ անծայրածիր երկիր: Նա դառնալու էր նաև իր հայրենիքի հպարտություններից մեկը: «Արիության» և «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր, ՌԴ վաստակավոր օդաչու, ՌԴ ամենաբարձր՝ Հերոսի կոչմանն արժանացած փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանն այժմ էլ ակտիվորեն ներգրավված է ՌԴ ավիացիայում. ղեկավարում է ՌԴ քաղավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի թռիչքափորձարարական կենտրոնը։
Չնայած ապրում ու գործում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց խոստովանում է, որ իրեն արցախցի է համարում: Ինչպես վկայում են նրա բոլոր ծանոթներն ու գործընկերները՝ նրա մասնագիտական արժանիքները լրացնում են մարդկային բարձր որակները. Ռուբեն Եսայանը, չնայած համաշխարհային ճանաչմանը, համեստագույն և ազնվագույն անձնավորություն է:
…Նրան հանդիպեցի Խաղաղապահ բրիգադի տարածքում: Այցելել էր ընկերոջը՝ բրիգադի հրամանատար, գեներալ Արթուր Սիմոյանին: Պարզվեց՝ հաճախակի է լինում հայրենիքում և միշտ այցելում է այս զորամաս: Գեներալի և Եսայանի միջև ծանոթությունը կայացել է վերջինիս եղբոր՝ բժիշկ Ամատունու միջոցով, որ ստանձնել էր Արցախյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Արթուր Սիմոնյանի հետվիրահատական բուժումը:
…Ռուբեն Եսայանին հանդիպեցի զինվորականներով շրջապատված. բոլորը ցանկանում էին մոտիկից շփվել լեգենդար օդաչուի հետ. նա սիրով կիսվում էր իր օդաչուական հսկայական փորձից հետաքրքրական հիշողություններով:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Շարունակելի
Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Ճակատագրեր