ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
Զորավարժությունները զինված ուժերի պատրաստության կարևորագույն բաղադրիչներից են: Առավելապես դրանց միջոցով է հնարավոր ստուգել ուսումնական փուլի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների իրական մակարդակը, ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանը: Պակաս կարևոր չէ նաև տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության հմտությունների ձևավորումը:
Սեպտեմբերի 11-ից 15-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը ստորաբաժանումների՝ մարտի վարման ունակությունները կատարելագործելն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ։
Առաջին օրը 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը բերվել էր մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, պահպանությունից անցել էր պաշտպանության։ Երկրորդ փուլում գունդն իրականացրել էր ռազմերթ և կենտրոնացել զորավարժարանում, որտեղ էլ անձնակազմին խնդիր էր առաջադրվել՝ նախապատրաստվել պաշտպանական մարտի։
Մինչև մարտական գործողությունների խաղարկումն իրականացվել են տեղազննման աշխատանքներ, կազմակերպվել են փոխհամագործակցությունն ու ղեկավարումը տեղանքում, և պաշտպանական տեղամասը նախապատրաստվել է մարտի։
Վաղ առավոտյան 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը լսում է զորավարժության ղեկավարների զեկույցները։ Գնդապետ Արթուր Օհանյանը զեկուցում է, որ զորավարժությանը ներգրավված են նաև գնդի վարչակազմը, ականանետային մարտկոցը, ապահովման և հրետանային ստորաբաժանումները, հետախուզական ու ինժեներասակրավորային դասակները։ Նաև ներկայացնում է հիմնական խնդիրները՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պահպանությունից պաշտպանության անցնել, պաշտպանական մարտ վարել, հակագրոհ իրականացնել։ Նշում է, որ իրականացվել է պաշտպանության տեղամասի ինժեներական լրասարքավորում, կազմակերպվել է մարտի համակողմանի ապահովում:
Համաձայն զորավարժության սցենարի՝ հակառակորդն անմիջական շփման պայմաններից՝ պաշտպանությունից անցել էր հարձակման, առաջին և երկրորդ դիրքերում փորձել էր ոչնչացնել մեր ստորաբաժանումների ուժերը և որոշ տեղամասերում կարողացել էր որոշակի հաջողության հասնել՝ ներթափանցելով ու ամրանալով մեր դիրքերի խորքում։ Մեր ստորաբաժանումներին խնդիր էր դրվել անցնել հակագրոհի, ջախջախել հակառակորդին, գրավել նպաստավոր բնագծեր և անցնել պաշտպանության։
Հակագրոհի սկզբում հակառակորդի դիրքերին կործանիչ հարված են հասցնում հրետանին և ավիացիան։ Երկու միավոր ՍՈՒ-25 ինքնաթիռների գրոհից հետո կրակային խոցում են իրականացնում երկու միավոր Տ-72 տանկերը, որոնք խուսավարելով հակառակորդի կրակից՝ կարողանում են դիրքային առավելություն ապահովել ամրացող հետևակի համար: Աջակից ստորաբաժանումների հաջող գործողություններից հետո մարտի մեջ են մտնում տանկային հիմնական ուժերը՝ ոչնչացնելով հակառակորդի ծանր զրահատեխնիկան և խոշոր կրակակետերը: Հակառակորդի կողմից հակագրոհելու բոլոր փորձերը հաջողությամբ հետ են մղվում: Մեր ստորաբաժանումները աստիճանաբար նոր բնագծեր են զբաղեցնում՝ հընթացս ջախջախելով թշնամուն:
Կրակային փուլը շարունակվում է ՄԻ-24 երկու ուղղաթիռների գրոհով: Այնուհետև նույն ուղղաթիռների աջակցությամբ ՄԻ-8 ուղղաթիռից կատարվում է մեր հատուկ նշանակության խմբի դեսանտավորում՝ անմիջապես մարտական գործողությունների կիզակետ։ Քիչ անց խմբի հրամանատարը զեկուցում է՝ հակառակորդի հրամանատարական կետը ոչնչացված է: Տղաները չեն սահմանափակվում այդքանով. նրանք առաջ են շարժվում մինչև մոտակա բարձունք, գրավում այն, ամրանում մինչև հիմնական ուժերի հասնելը, այլապես հակառակորդը կարող էր նոր հարձակում զարգացնել տվյալ ուղղությամբ:
Կրակային փուլի ընթացքում խաղարկվեցին մեր պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի գրոհների հետմղման, վերջինիս ջախջախման, հակագրոհի իրականացման տարբեր դրվագներ: Մեր ստորաբաժանումները փայլուն իրականացրին իրենց առջև դրված մարտական խնդիրը, գրավելով նոր նպաստավոր բնագծեր՝ ամրացան այնտեղ և անցան պաշտպանական մարտի վարման։ Համատարած կրակ, բոլոր ստորաբաժանումների հստակ ու համակարգված գործողություններ, արդյունքում՝ մարտական խնդիրը կատարված է, հակառակորդը կրելով մեծաթիվ կորուստներ, նահանջում է:
Մարտական կրակի կիրառմամբ այս զորավարժությունն ուներ իր առանձնահատկությունները։ Նախ՝ հիմնականում ներգրավված էին պայմանագրային ստորաբաժանումները: Բացի այդ, հակագրոհի հեռավորությունը կազմում էր ավելի քան 1200 մետր:
Զորավարժության արդյունքները կամփոփվեն քիչ ուշ, սակայն հրամանատարական և ղեկավար կազմը փաստում է, որ անձնակազմը գործել է գերազանց, արձանագրել բարձր արդյունքներ։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Ազգային բանակ