Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ



ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՀայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացավ «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության չորրորդ նիստը: 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը բացելով նիստը՝ ներկաներին հորդորեց ակտիվորեն մասնակցել եւ բարձրաձայնել իրենց մոտեցումները, կարծիքներն ու առաջարկները:

Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության եւ տնտեսական առաջընթացի խթանում. այս եւ հարակից թեմաների շուրջ էլ ծավալվեցին ելույթները:

Հայաստանի համար վերլուծահետազոտական եւ պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտի (Analysis Research and Planning for Armenia, ARPA Կալիֆորնիա, ԱՄՆ ) նախագահ Հակոբ Փանոսյանը խոսեց Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագրից, ներկայացրեց ARPA-ի անցած ճանապարհը եւ միաժամանակ ներկայացրեց նպատակները՝ Հայաստանի տարբեր բնագավառներում մասնագիտական օգնություն ցուցաբերելու շուրջ:

Հակոբ Փանոսյանը իր ելույթում շեշտեց նաեւ, որ Հայաստանի պաշտպանությունը կարեւորագույն հիմնախնդիր է, եւ ամեն բնագավառի գիտնական, հետազոտող, առաջին հերթին պիտի իր նպաստը բերի հայրենի երկրի անվտանգության ամրապնդմանը, աջակցի հայրենիքի զարգացմանը:

«Պրոֆ Խոլոդ» արդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) համահիմնադիր (ՌԴ) Արթուր Ալավերդյանը, խոսելով հիմնադրամի եւ նրա դերի մասին ՀՀ գիտատեխնիկական առաջխաղացման մեջ, նշեց, որ FAST-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու համապատասխան միջավայր տեխնոլոգիական նորարարության եւ գիտության առաջխաղացման համար եւ մտադիր է համախմբելու, մոբիլիզացնելու Հայաստանի եւ միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական, ֆինանսական ռեսուրսները, ապա եւ մատնանշեց FAST-ի երեք գլխավոր գործառույթները՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել եւ համակարգել ջանքերը:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՈւշագրավ էր հատկապես «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանի «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը՝ որպես հնարավորություն Հայաստանի ռազմարդյունաբերության համար» զեկույցը: «Եթե առաջ համարվում էր, որ ռազմարդյունաբերական համալիր ունենալը շռայլություն է, եւ դա կարող են թույլ տալ միայն խոշոր երկրները, ապա այսօր այս տեխնոլոգիական փոփոխությունները բերում են նրան, որ փոքր երկրները լայն հնարավորություն են ստանում գիտատեխնիկական ներուժն էլ արդյունավետ գործածելու: Մենք ունակ ենք ստեղծելու համաշխարհային մակարդակի գիտական արտադրանք, եւ Հայաստանի հրամայականն է ունենալ հզոր ռազմարդյունաբերություն: Պետք է փոքր ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծենք»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ, «Ինստիգեյթ դիզայն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Պողոսյանն էլ իր ելույթում կարեւորեց ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանի եւ Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավումն ու օգտագործումը: Ապրիլյան պատերազմը տեխնոլոգիական ոլորտը մոբիլիզացնելու ազդակ դարձավ: «Մերձամարտը իր տեղը զիջել է հեռահար կռվին: Արդի զենք մեզ ոչ ոք չի տա եւ ժամանակին չի տա: Հաղթանակից հետո պարտություն չկրելու համար հարկ է ունենալ զենքի կայուն մատակարարում, լավ է սեփական արտադրանքն ունենալ: Արդի զենք չեն գնում, արդի զենք արտադրում են:

Արդիական զենքը կիրառելու համար կան մարտահրավերներ. խելացի, զարգացած, ժամանակակից զենքին լիարժեքորեն տիրապետող սերունդ պետք է կրթել»,- մատնանշեց Արման Պողոսյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը բարձրաձայնեց իր մտահոգությունները գիտության բնագավառում, թեեւ զուգահեռ նկատեց նաեւ ձեռքբերումները:

Բանախոսը կարեւորեց Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը գիտատեխնիկական համալիրում:

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանն էլ խոսեց ՀՀ ռազմարդյունաբերության արտահանման ներուժի զարգացման մասին, նշելով, որ Հայաստանում ռազմական արդյունաբերությունը սպառողի վիճակից պետք է անցնի շահութաբեր տնտեսության վիճակի՝ դառնալով ընդհանուր տնտեսության դրոշակակիր: «Ռազմական արդյունաբերության զարգացումը մարտահրավեր է. զինատեսակների ասպարեզում հակառակորդի նկատմամբ առավելության հասնելը խաղաղության պահպանման կարեւորագույն հարցերից է եւ այն առանց նոր տեխնոլոգիաների, նոր նյութերի օգտագործման եւ բարձրորակ կադրերի անհնար է պատկերացնել»:

Նա խոսեց Հայաստանում ռազմարդյունաբերությունը կայունացնելու անհրաժեշտության մասին` տալով դրա բաղկացուցիչ մասերի զարգացման, խոչընդոտների հաղթահարման հնարավոր միջոցների վերաբերյալ դիտողություններ, պարզաբանելով արդյունքների առեւտրականացման հնարավոր ճանապարհները:

«Հայաստանը դատապարտված է ռազմական արդյունաբերություն ունենալու, որը մրցակցային պայմաններում պետք է ստեղծի պաշտպանական եւ հարձակողական միջոցներ, որոնք իրենց տեխնիկական պարամետրերով ոչ միայն չպետք է զիջեն հակառակորդի միջոցներին, այլ նաեւ գերազանցեն դրանց:

…Ռազմարդյունաբերական ասպարեզում մրցակցելու համար անհրաժեշտ է հեղափոխական մոտեցում` ժամանակակից տեխնոլոգիական, արտադրական, հետազոտական հենք ստեղծելու մասնագետների պատրաստման եւ համապատասխան գիտահետազոտական, կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման ասպարեզում»,- նշեց Մ. Մարկոսյանը:

♦♦♦ 

Համահայկական հերթական հավաքն ամենամեծ հարթակն է՝ ի մի բերելու եւ ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները, համատեղ լուծելու ծառացած խնդիրները, մատնանշելու ապագային միտված անելիքները:

Ռազմարդյունաբերության արդիականացման, տնտեսական առաջընթացի խթանման, համագործակցությանն ուղղված մեր բանախոսների ձեռնարկած քայլերի, կատարած աշխատանքների մասին առավել մանրամասն կարդացեք «Հայ զինվոր» թերթի առաջիկա համարներում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն


22/09/2017