ՆՈՐ ԹԱՓ, ՆՈՐ ՇՈՒՆՉ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
2016թ.-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պատերազմ պարտադրվեց, եւ մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների ու սպաների անձնվիրությունը, հերոսությունը եւ մարտական ոգին: Փառք ու պատիվ մեր զինված ուժերին»:
♦♦♦
Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված խիզախությանը, Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009թ. ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: 2015թ. փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը, եւ իմ այդ դիրքորոշումը չի փոխվել:
♦♦♦
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը անհամեմատ ուժեղ է սփյուռքի ավանդական կառույցների միջազգային համայնքում ինտեգրված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ ներդրումը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ
♦♦♦
Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական եւ մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը, մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային զարթոնքին: Հայաստանաբնակ թե սփյուռքահայ` հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը:
♦♦♦
Զինվորն ու ծառան ենք հայրենիքի` սա պիտի լինի մեր նշանաբանը:
ԳԱՐԵԳԻՆ Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոս
Ամենայն Հայոց
♦♦♦
Հայաստանը աշխարհի վրա իրեն հայ դավանող յուրաքանչյուր հայի հավաքական տունն է` անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ մենք ասելիք ու անելիք ունենք: Պիտի հզորացնենք Հայաստանը մեր ամբողջ կարողականությամբ: Սա յուրաքանչյուր հայի սրբազան ուխտն է:
ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո
♦♦♦
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության գոյության, նրա բնականոն զարգացման ու զորացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ նրա կենսունակության ապահովման կարեւորագույն գրավականն է:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի Հանրապետության
նախագահ
♦♦♦
Սեպտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր 1800 հայ աշխարհի 71 երկրներից: Համաժողովը բացեց եւ ներկաներին ողջունեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում անդրադարձավ նախորդ` Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի արդյունքներին, դրան հաջորդած երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, որոնք հիմնականում նպատակաուղղվել են ամրացնելու Սփյուռքի կապերը հայրենիքի հետ եւ աշխուժացնելու հայապահպանությանը միտված անելիքները:
Համաժողովին իր օրհնության խոսքը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ ազգային համախմբման միասնական տեսլականով` մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակները կրկին մեկտեղվել են մայր հայրենիքում, Հայոց պետականության հովանու ներքո` քննարկելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման, մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչմանն ու առնչություններին միտված հարցեր` աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր ազգային ինքնության առջեւ ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը խոչընդոտող երեւույթները հաղթահարելու նպատակով: «Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը սահմաններին»: Գարեգին Բ կաթողիկոսը համախմբման կոչ անելով համայն աշխարհի հայությանը` հիշեցրեց, որ համախմբումը պիտի զերծ լինի հատվածական հետաքրքրություններից, եւ յուրաքանչյուր հայի պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները պիտի ծառայեցվեն մեր երկրի հզորացմանը, մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ, թե սփյուռքահայ` հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում են նույն պատասխանատվությունը: «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողված գործի կամ անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե նա նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջեւ է, կամ նվազ հարուստ ու հարմարավետ: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի` սա պիտի լինի մեր նշանաբանը»:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ջերմորեն ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով ներկաներին` երկրի նախագահը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք նախորդ` 5-րդ համաժողովին, փաստելով, որ մի շարք արժեքավոր առաջարկություններ արդեն վերածվել են ծրագրերի, լավ գաղափարները` նախաձեռնության, եւ կան բոլոր նախադրյալները՝ համաժողովն օգտագործելու որպես Հայաստան-Սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ միասնականությունն ու բազմակարծությունը կծնեն ապագային միտված համապարփակ ծրագիր` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համայնքների զարգացման ու հզորացման համար: Սերժ Սարգսյանը փաստեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը անհամեմատ ուժեղ է Սփյուռքի ավանդական կառույցների, միջազգային համայնքում ընդգրկված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, կարեւորելով յուրաքանչյուրի ներդրումը եւ հայրենաշինության գործին օժանդակելու յուրաքանչյուրի մղումը: Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնահատուկ դեր վերապահեց երիտասարդությանը` ավանդական կառույցների, ու փորձառու նվիրյալների կողքին ազգային ինքնությամբ տոգորված, ակտիվ, բանիմաց երիտասարդ սերունդ դաստիարակելու հրամայականը դիտելով ավելի լավ երկիր կառուցելու երաշխիքներից մեկը: Ս. Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոչը չպետք է հակադրվի բազմակարծությունը, նոր, ավելի հզոր գաղափարների եւ ավելի արդյունավետ ծրագրերի որոնմանը: Մանավանդ` գաղտնիք չէ, որ մենք Սփյուռքում ունենք հզոր մտավոր ներուժ. Սփյուռքի բոլոր համայնքներում կարող ես հանդիպել իրենց գործում մեծ հաջողության հասած հայերի, որոնք ամեն ինչ անում են՝ մեր ընդհանուր ազգային հարուստ ժառանգությունը սերունդներին փոխանցելու համար:
Երկրի նախագահն անդրադարձավ նաեւ վերջին երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին: Նա շեշտեց հատկապես խորհրդարանական կառավարման անցնելու կարեւորությունը, ինչը ավելի մեծ հնարավորություն կընձեռի մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին եւ ստանձնելու ավելի մեծ պատասխանատվություն Հայաստանի ապագայի հանդեպ: Սահմանադրական փոփոխությունները համարելով հեղափոխական բարեփոխումների հիմք պետական կառավարման, հանրային կյանքի եւ քաղաքական բնագավառներում, երկրի նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը փոխվում է` դառնալով առավել բաց, ճկուն ու ժողովրդավար: Փոխվում են մեր քաղաքացիները, փոխվում է մեր հասարակական կյանքը` դառնալով ավելի օրինապաշտ ու կազմակերպված, միեւնույն ժամանակ, մենք խնդիր ունենք երկրում է՛լ ավելի ամրապնդելու օրենքի գերակայությունը, բարձրացնելու իշխանությունների պատասխանատվությունը, խթանելու քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հասունությունը:
Ձեռքբերումների շարքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց 2017թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների աննախադեպ թափանցիկությունը եւ միջազգային կառույցների բարձր գնահատականը: Նա սահմանադրական նոր կարգը համարեց լավ հիմք` քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը ուժեղացնելու, օրինականության հանդեպ հարգանքը մեր երկրում խորացնելու եւ անշրջելիորեն արմատավորելու համար: «Առաջիկա տարիներին մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության էապես բարեփոխմանը: Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է 2040 թվականին Հայաստանում ունենալ առնվազն 4 միլիոն բնակիչ»,- ասաց նախագահը եւ հավելեց, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկային կյանքի տեւողության երկարացման եւ ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք, եթե գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի ցուցանիշները էականորեն չբարձրանան: Սերժ Սարգսյանի համոզմամբ` այս նպատակի իրականացմանն են միտված լինելու Հայաստան-Սփյուռք գալիք համաժողովները: Ըստ նախագահի` սա հուշում է, որ մենք կարճ ժամանակամիջոցում պիտի հստակեցնենք բոլորիս անելիքները, բյուրեղացնենք մեր միասնական քայլերի տրամաբանությունը, հստակեցնենք Սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակներն ու անելիքները: «Հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաք ու դրա իրականացման ընթացքի սկիզբ»,- ընդգծեց նախագահը:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմին, փաստելով, որ մենք հակառակորդի վայրագությանը դիմակայեցինք պատվով, աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը, հայի անկոտրում ոգու ուժը: «Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետեւ ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ, համոզված եմ, միջազգային դատարանները դեռ իրենց վճիռները կկայացնեն: Հայաստանի եւ Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում մեր անվտանգության ու խաղաղության երաշխավորը, եւ համաշխարհային հանրության առջեւ մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն այստեղ պահպանում է խաղաղությունը: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը ներսում եւ այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»:
Երկրի նախագահը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ մեր պետության դիրքորոշումը մնացել է նույնը. «Արցախի Հանրապետության բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու բնական իրավունք: Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել բանակցությունների միջոցով: Այս ուղուց շեղվել հնարավոր չէ»:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի ժխտողականությանը, որը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ. «Միջազգային հանրությունը եւ հայկական Սփյուռքը այլեւս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության: Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը: Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր Սփյուռքի «փափուկ ուժը» եւ հանրային դիվանագիտության կարողությունները` պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար»:
Ելույթի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս կարեւորեց Հայրենիք-Սփյուռք կապերը բոլոր ուղղություններով խորացնելու, ամրապնդելու խնդիրը` մայր Հայաստանը դարձնելով յուրաքանչյուր հայի հայրենիքը, կյանքի կոչելով աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ Հայաստանի տեսլականը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեց երկրորդ հայկական պետության` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը: Բակո Սահակյանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի դերն ու նշանակությունը ե՛ւ մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար` ընդգծելով, որ համաժողովի օրակարգում ընդգրկված խնդիրները ռազմավարական նշանակություն ունեն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարները նախանշելու տեսանկյունից: Արցախի Հանրապետության նախագահը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից, «ինչը երկխոսության հաստատման, կառուցողական ծրագրերի եւ համազգային խնդիրների լուծման գործուն ու լուրջ նախադրյալ կարող է լինել»:
Հայրենիք-Սփյուռք համաժողովի բացման արարողությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պատգամով:
Կաթողիկոսի խոսքն ավելի շատ ուղղված էր, իր բառերով ասած, մատը վերքի վրա դնելու, ախտաճանաչության, մեր մտահոգություններն ու տագնապները տեսնելու եւ դրանց դեմ ճիշտ ու արդյունավետ պայքարելու խնդրին, այլապես համազգային վստահությունը կմնա որպես գեղեցիկ լոզունգ, եւ համազգային մտածողության մշակույթ ստեղծելու ջանքերն ու Հայաստանը զորացնելու մղումը պտուղ չեն տա: Արամ Առաջին կաթողիկոսի բնութագրմամբ` Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է եւ պահանջում է յուրաքանչյուր հայի ամուր կապվածությունը իր հողին ու հայրենիքին: Եվ մեր ցավերին դարման որոնելու հավաքական իմաստնությունը, կամքն ու հանձնառությունը հուշում են, որ առաջին հերթին պետք է փակել արտագաղթի ճանապարհը` ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու հույժ կարեւոր խնդիրը լուծելու ճանապարհով, Հայաստանը դարձնելով յուրաքանչյուր հայի հավաքական տունը, իսկ Հայաստանին իր ամբողջ կարողություններով աջակցելը` յուրաքանչյուր հայի սրբազան ուխտը:
Արամ Առաջինը կոչ արեց ավելի արդյունավետ օգտագործել Սփյուռքի ներուժն ու հարուստ փորձառությունը, պահանջատիրական ոգով շաղախված մարտունակ երիտասարդության եռանդը:
«Մեր դարավոր պատմությունը վկայում է, որ մեր ազգի ու հայրենիքի փրկությունը մեր հավաքական ուժի եւ վճռականության մեջ է, որի արտահայտիչը հայոց արի բանակն է»,- ասաց Արամ Առաջին կաթողիկոսը, ապա հավելեց, որ յուրաքանչյուր հայ պիտի զինվորագրվի հայոց բանակին` նյութապես աջակցելով նրան եւ առիթի դեպքում իր արյունը թափելով հայրենիքի պաշտպանության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մեծապես կարեւորեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը, Սիրիայի հայերի նկատմամբ մեր պետության ցուցաբերած քաղաքական եւ մարդասիրական աջակցությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի պատմական նշանակությունը եւ մի շարք այլ ձեռնարկումներ` կոչ անելով շարունակել նույն ոգով ու համառությամբ: Զուգահեռաբար Արամ Առաջին կաթողիկոսը հորդորեց չանտեսել մեր հոգեւոր, բարոյական, մշակութային արժեքների պահպանության խնդիրը Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ նաեւ այդ արժեքներն են մեկ ազգի ու հայրենիքի պատկանելիությունը ամրագրող, ազգը միացնող ու հավերժացնող երաշխիքները: Կաթողիկոսը կարեւորեց նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի համահայկական տոնակատարությունը, վստահ, որ այն պիտի նոր շունչ հաղորդի մեր համազգային միասնականությանը, մեր հավաքական կամքին ու վճռականությանը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում