Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ…



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս խոսելով զորակոչի կազմակերպման միջոցառումների մասին, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ` զորակոչը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար տոնական դարձնելու, ինպես նաեւ բանակում բացասական երեւույթները կանխելու, դեպքերին ու պատահարներին արագ արձագանքելու եւ դրական լուծումներ տալու համար։
Գաղտնիք չէ, որ նշված խնդիրներն իրականացնելու, հատկապես օրինականությունը պահպանելու եւ զորքերում պատշաճ կարգուկանոն հաստատելու գործում հրամանատարներին օգնելու առումով անգնահատելի է իրավապահ մարմինների աշխատանքը, որից մեծապես կախված է «հասարակության վստահությունը զինված ուժերի եւ ընդհանրապես պետության հանդեպ»։
«…Իրավապահ մարմինները պետք է գործեն արդարության եւ օրինականության սկզբունքով եւ այդ առումով օրինակ ծառայեն բոլորի համար, որովհետեւ օրենք պահանջողը առաջին հերթին ինքը պիտի հավատարիմ լինի «օրենքի տառին»։ Մի կողմից իրավապահը պիտի ձգտի պատժել բացառապես բոլոր կարգազանցներին, մյուս կողմից՝ զգաստ ու խոհեմ լինի՝ հանկարծ անմեղներին չպատժելու, «թացը չորին չխառնելու» համար»,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձում։
Հենց այս սկզբունքներով է առաջնորդվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատաքննությամբ եւ հարուցված քրեական գործով ձեռքբերված բոլոր փաստերի ու ապացույցների համակցության հիման վրա կայացնելով արդարացի դատավճիռ՝ մեղադրյալներ Արամ Ռազմիկի Վարդանյանի, Նարեկ Հայկի Սահակյանի, Սասուն Հայկի Սահակյանի եւ Էդուարդ Մելիքսեթի Ավետիսյանի նկատմամբ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց՝ Արամ Ռազմիկի Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 14-րդ կետերով, 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ դատապարտել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման երկու տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 14-րդ կետերի՝ ազատազրկման ութ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման չորս տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 12 տարի ժամկետով։ Նարեկ Հայկի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ ազատազրկման ութ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկման չորս տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով։
Կատարված հանցագործության կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ առնչվող մյուս բոլոր հանցագործները նույնպես պատժվեցին օրենքի ամբողջ խստությամբ։

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչություն

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Սոցիալ-իրավական


09/12/2010