Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ  ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ1-ին բանակային զորամիավորումում հաջողությամբ ընթանում են ուսումնական փուլերի համաձայն անցկացվող բոլոր պլանային միջոցառումները: Եռամսյա արդյունքների ամփոփման նախօրեին հանդիսավոր միտինգով մեկնարկեցին հրետանավորների ճամբարային հավաքները:

Հավաքների պետ, զորամիավորման հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ, գնդապետ Կ. Գրիգորյանը զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների՝ հավաքին պատրաստ լինելու մասին զեկուցեց զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Ցականյանին, որի ողջույնից հետո բարձրացվեց ճամբարի դրոշը: Մեր զինծառայողները հպարտ և խրոխտ կեցվածքով երգեցին ՀՀ օրհներգը: Հանդիսավոր միտինգը հայտարարվեց բացված:

Զորամիավորման հրետանային զորամասի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Փարվանյանի օրհնանքից հետո ելույթներ ունեցան շտաբի պետ, գնդապետ Ա. Ցականյանը, հրետանու պետ, գնդապետ Կ. Գրիգորյանը, հրետանային ստորաբաժանումների զինծառայողներ:

Ելույթ ունեցողները կարևորեցին հրետանու հավաքների դերն ու նշանակությունը՝ հրետանավորների մասնագիտական գիտելիքների գերազանց տիրապետման գործում: Նրանք նշեցին, որ յուրաքանչյուր հավաքից հետո հրետանային ստորաբաժանումները հասնում են մարտունակության մի նոր` ավելի բարձր աստիճանի: Հավաքներում հրետանավորները բարձրացնում են իրենց մարտական պատրաստականության մակարդակը, ավելի լավ տիրապետում մարտավարման արվեստին, ակտիվ ուսուցմամբ ձեռք բերում մասնագիտական վարպետություն:

Առջևում հրետանավորների` մի քանի շաբաթ տևող վրանային կյանքն է` լի հետաքրքիր զինվորական առօրյայով. պարապմունքներ, մրցումներ, մարզումներ, ազատ ժամանց, հանգիստ, և… զորավարժություններ, որոնց ընթացքում զորամիավորման բոլոր ստորաբաժանումների հրետանավորները պիտի գործնականում ցուցադրեն հավաքների ընթացքում ձեռք բերած իրենց զինվորական մասնագիտական բոլոր հմտությունները:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


25/09/2017