ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Գորիսի Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին:
Մինչ այդ, քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միջոցառման մասնակիցների համար տրվել էր ժամերգություն, կատարվել մոմավառություն:
Միջոցառմանը մասնակցում էին Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, 1-ին զորամիավորման շտաբի պետ – հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, վարչակազմի և ենթակա զորամասերի սպաներ, Գորիսի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ-վետերաններ, մեծաթիվ գորիսեցիներ, հյուրեր, դպրոցականներ:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը նվիրաբերած գորիսցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Օրհնության, շնորհավորանքի խոսք ասաց զորամիավորման հոգևոր սպասավոր Հրայր Սարկավագ Լալայանը:
Սյունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն աղոթք հնչեցրեց հայրենիքի խաղաղության, արարման և ծաղկման, ամուր հավատքի համար՝ հայ ժողովրդին և Հայոց բանակի զինծառայողներին մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն, պատվավոր ծառայություն հայրենիքին, հարատևություն:
Միաձայն հնչեց տերունական աղոթքը:
Համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կարդաց Գորիսի համայնքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Գորիսի ազգաբնակչությանը, տարածաշրջանում տեղակայված զորամիավորման զինծառայողներին:
Այդուհետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն ընթերցեց 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Անկախության ճանապարհին մեզ պատուհասած փորձությունները ցույց տվեցին, որ մենք պարտավոր ենք հավատալ և վստահել միայն ինքներս մեզ, մեր ուժին, մեր ոգեղեն և արարչական ուժին:
Բարեբախտաբար, հայոց պետականության ստեղծման իրողությանը անքակտելի կապված է Հայոց բանակի պատմությունը:
Մեր երկրի անկախությունը նշանավորվեց Հայոց բանակի կազմավորմամբ, հաղթական պատերազմում և հետագա պատերազմական տարիներին նրա կայացմամբ և հզորացմամբ:
Հայոց բանակն ու Անկախությունը, կարելի է ասել, հայ ժողովրդի դարավոր երազանքի անդրանիկ զավակներն էին, որոնք ստեղծվեցին և կայացան մեր ժողովրդի մեծագույն զոհողությունների, մեր մայրերի խնկարկելի համբերության, նրանց որդիների սխրանքների ու կյանքի գնով, ի վերջո, հայ զինվորի ու սպայի անձնվիրության, կամքի, բանակաշինությանն ուղղված նրանց օրնիբուն, անդադար աշխատանքի շնորհիվ:
Անկախության ծննդից ի վեր հայ ժողովրդի կյանքում միանգամայն անանջատելի են Ազգ, Բանակ և Պետություն արժեքները:
Մեկ անգամ ևս շնորհավոր հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
Թող մեր ժողովրդի հազարամյա երթը անխափան և հարատև լինի:
Պատմական առաքելությամբ մեզ վիճակված ազատության ու անկախության հաղթական դրոշն ամուր պահենք, բարձր պատասխանատվությամբ և պատվով, հավատով և հույսով նայենք ապագային, միասնական դիմագրավենք հնարավոր բոլոր մարտահրավերները, միակամ լինենք ազգային վեհ նպատակների իրականացման գործում»:
Անկախության օրվա առթիվ N զորամասի լավագույն զինծառայողները հրամանատարի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:
Զինծառայողների կողմից ցուցադրվեցին հետախուզական, ցուցադրական հնարքներ, մարտավարական վարժություններ:
Միջոցառման ավարտից հետո դեռ երկար ժամանակ տիրում էր տոնական օրվա գեղեցիկ տրամադրությունն ու զորամասի և մշակույթի կենտրոնի նվագախմբերի հնչեցրած երաժշտությունը, մարդիկ շնորհավորում էին միմյանց, բարեմաղթանքներ հղում:
1-ի զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Բանակ և հասարակություն