ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ
«Միասին» երիտասարդական շարժումը երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է համահայկական երիտասարդական կրթական «Միասին 2011» ֆորումը։
Այս տարի նույնպես կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով. առաջին հոսքը Սեւան ազգային պարկի ճամբարում կլինի օգոստոսի 4-10-ը, երկրորդը 12-18-ը, երրորդը՝ 20-26-ը։ Յուրաքանչյուր հոսքին կմասնակցի 500 հոգի։ Ընդհանուր առմամբ ֆորումը կտեւի 1 ամիս 16-25 տարեկան 1500 երիտասարդների մասնակցությամբ։
Մասնակիցները ճամբարում կապրեն հագեցած եւ հետաքրքիր օրակարգով՝ (մարզամշակութային, ժամանցային միջոցառումներով, արշավներ, հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ հայտնի ու սիրված մարդկանց հետ)։
Այս տարի ֆորումը հարստացել է նաեւ բովանդակային եւ ծրագրային առումով։ Մասնակիցները հնարավորություն կունենան տեղում զարգացնելու, քննարկելու իրենց բիզնես գաղափարները եւ կազմելու նորարարական նախագծեր, ինչպես նաեւ կլսեն դասախոսություններ եւ կմասնակցեն գործնական պարապմունքների՝ ընտրական տեխնոլոգիաներ, նոր մեդիա, մասսայական միջոցառումների կազմակերպում եւ այլ թեմաներ։ Ճամբարի անցկացմանն աջակցում է նաեւ պաշտպանության նախարարությունը։ Ակնկալվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի եւ այլ պաշտոնատար անձանց այցելություններ։
…Օգոստոսի 4-ին Շահումյան հրապարակից մեկնարկեց «Միասին» երիտասարդական համահայկական շարժումը։ Շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը գովեստի խոսքեր է ասում մասնակից երիտասարդների հասցեին, շեշտելով որ՝ կրթությունը երկրի զարգացման միակ ճանապարհն է։
-«Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժումը բոլոր նրանց շարժումն է, ովքեր անտարբեր չեն երկրի եւ իրենց ապագայի նկատմամբ, ցանկություն ունեն մասնակցել երկրում կատարվող բարեփոխումներին եւ արդիականացմանը։ Պատրաստ են միասնական ուժերով ավելի հզոր եւ կայուն դարձնել մեր պետությունը,- ասում է նա։
Հռիփսիմե Զատիկյան (Միասին շարժման ծրագրերի պատասխանատու)
-Յուրաքանչյուրի գերնպատակն է իր ուժերի ներածի չափով օգտակար լինել իր երկրին, մեր նորանկախ պետությանը։
Անահիտ Կաթանյանը եկել է ճանապարհելու աղջկան՝ Ասյային։
-Մենք փոքրաթիվ ազգ ենք եւ նման հավաքների ժամանակ ես զգում, որ մեր երիտասարդները տարբեր ու զանազան լինելով հանդերձ, որքան միակամ են եւ որքան շատ են ապրում հայրենիքի հոգսերով, ազգային խնդիրներով,- ասում է Անահիտը, ապա ավելացնում։ -Անցած տարի այցելել եմ ճամբար եւ միայն գովեստի խոսքերի են արժանի կազմակերպիչները, մասնակիցները։
Գրիգոր Սիմոնյանը ճարտարագիտականի 4-րդ կուրսում է սովորում։
-Հայրենիքի, պետության զգացողությունը ծնվում է սիրուց, երբ ճանաչում ես քո երկրի ամեն մի թիզը, երբ դուրս ես գալիս քո տան չորս պատերից եւ լսում ես, շփվում մարդկանց հետ, հաշվի առնում նրանց կարծիքը,- ասում է Գրիգորը։
Արմեն Հակոբյանն ու Վահագն Ռափյանը Գեղարքունիքի մարզից են, Անուշ Հակոբյանը եւ Աստղիկ Սահակյանը՝ Կոտայքի։ Գրիգոր Բաբայանը եկել է Սյունիքի Սիսիան քաղաքից։ Երեւանից են Գոռ եւ Սոնա եւ Հասմիկ Դամիրյանները, ինչպես նաեւ շարժման ընդհանուր համակարգող Գեւորգ Վարդանյանը։
-Այս ֆորումը հրաշալի հնարավորություն է ոչ միայն ուրիշներին, այլեւ ինքդ քեզ ճանաչելու։ Նման հավաքներից հետո լցվում ես ստեղծագործական ծրագրերով, այդ ծրարգրեն իրականացնելու հույսով եւ հավատով։ Միայն այն միտքը, որ դու մենակ չես, քեզ ուժ է տալիս,- ասում է Գոռ Դամիրյանը։
-Նրանք, ովքեր բողոքում են մեր այսօրվա երիտասարդությունից, թող գան տեսնեն, թե նրանք որքան վճռական են, որքան ազգանպաստ, ազգանվեր ծրագրեր ու գաղափարներ են պտտվում նրանց ուղեղներում… Եթե նրանց մտահղացումներն իրականանան, վաղը կունենանք եվրոպական չափանիշներով զարգացած մի երկիր,- ասում է Արմեն Հակոբյանը։
-Շարժումը հիմնովին տարբերվում է գործող կուսակցություններից, կազմակերպություններից իր ոչ ստանդարտ գործելաոճով, իր ներքին մշակույթով։ Մեր գործելաոճի նորարարական բնույթը, թարմությունը եւ հետաքրքրությունը իրեն է ձգում երիտասարդների, որոնք էլ իրենց նպաստն են փորձում բերել,- ասաց Գեւորգ Վարդանյանը։
Մերի Մխիթարյանն ու Կարեն Թեւանյանը իրենց հետ ճամբար են տանում Միասին երիտասարդական հայրենասիրական շարժման ամենակրտսեր մասնակցին՝ իրենց որդուն՝ երկամյա Նարեկին։
-Ծանոթացել ենք ճամբարում, լավ է, երբ նույն մտածողության տեր մարդիկ են իրար հանդիպում։ Այդպես միասնական ավելի դյուրին կլինի հաղթահարել հայրենիքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները։ Իսկ ընտանիքը, ինչպես հայտնի է, հայրենիքի ամրության հիմքն է,- ասացին Կարենն ու Մերին։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ