ԻՆՁ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին շնորհվել է Արցախի Հանրապետության բարձրագույն` «Արցախի հերոս» կոչում: «Հայ զինվորը» շնորհավորում է Արթուր Աղաբեկյանին եւ վերահրատարակում նրա 40-ամյակի առթիվ Ասքանազ Աբրահամյանի հարցազրույցը:
Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումում՝ որպես գիտաշխատող:
1988թ. վերադարձել է հայրենի գյուղ և հիմնել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի մասնաճյուղը: 1991թ.-ից Հադրութի տարածքում գործող ինքնապաշտպանական ջոկատների համակարգողն էր: 1992թ. սեպտեմբերի 1-ին նշանակվել է ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի հրամանատար: Ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար վաղաժամկետ արժանացել է փոխգնդապետի, գնդապետի կոչումների: 1997թ.-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, այնուհետև` ԼՂՀ ներքին գործերի նախարար, ՀՀ տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետ: 2000-2007թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2013-2016թթ. ԼՂՀ փոխվարչապետ: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
-Պարոն Աղաբեկյան, Դուք շոշափելի հաջողություններ ունեիք գիտության բնագավառում, 1983թ.-ին արժանացաք Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնական կոչմանը, և հանկարծ` զինվորական, բարձրաստիճան սպա: Ի՞նչը Ձեզ ստիպեց զինվորական համազգեստ հագնել, չե՞ք կարոտում Ձեր մասնագիտությունը: Երբևէ կվերադառնա՞ք ի շրջանս յուր:
-Այո՛, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատում էի «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումում՝ որպես գիտաշխատող: Երբ 1988թ. հայ ժողովուրդը բռունցքվեց` հաստատելու ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, ես էլ միացա ժողովրդիս և համոզված էի, որ հաղթելու ենք: Այդքան էլ միամիտ չէի, որ չհասկանայի, թե հաղթանակը հենց այնպես չի տրվում: Այս դեպքում ևս վճռական խոսքը պետք է ասեր հողի տիրոջ ոգին և զենքը: Ու երբ ադրբեջանցիներն սկսեցին զենքի ուժով մեզ հետ խոսել, ես, չնայած շատ էի սիրում մասնագիտությունս ու շոշափելի ձեռքբերումներ ունեի գիտության բնագավառում, թողեցի ամեն ինչ և Ղարաբաղ վերադարձա: Մեզ` կամավորականներիս միացան նաև խորհրդային բանակում ծառայած ու ծառայող բազմաթիվ սպաներ` ապացուցելով, որ հայ ժողովուրդն ի վիճակի է ինքնուրույն վճռելու իր լինել-չլինելու հարցը՝ հօգուտ լինելության ու անկախ ապրելու: Հետո, երբ արդեն կազմավորվեց հայոց բանակը, ես էլ համազգեստ հագա, շարունակեցի մասնակցությունս ինքնապաշտպանական մարտերին: Ծառայությունս գնահատվեց և այսօր բարձրաստիճան սպա եմ` փոխնախարար: Չլիներ թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմը, ես այսօր կզբաղվեի պատանեկությանս տարիներին երազած գործով: Պատերազմն ինձ զինվորական դարձրեց: Ու եթե իրատես լինենք, երևի թե մինչև կյանքիս վերջը չհանեմ համազգեստս, քանզի դժվար թե մեր սերնդի օրոք այս տարածաշրջանում լիարժեք խաղաղություն հաստատվի: Ինչ վերաբերում է ի շրջանս յուր վերադառնալուն,- ժպտալով ասում է գեներալը,- վերադարձել եմ: Նախկինում հենց այս շենքում էր այն ինստիտուտը, որտեղ գիտաշխատող էի ես…
-Մեզ պարտադրված պատերազմի առաջին օրերից Դուք կռվողների շարքերում էիք: Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեր հաղթանակի հիմնական գրավականը:
-Ձեր հարցին պատասխանելու համար եկեք պատմական փոքրիկ էքսկուրս կատարենք: 451թ. Ավարայրի դաշտում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է արյունով պաշտպանելու իր գոյության իրավունքը, 1918թ. մայիսին լիարժեք հաղթանակ տարավ Սարդարապատի հերոսամարտում, 1992թ.-ին ազատագրեց Շուշին: Եթե մանրամասնենք, բոլոր այս կենաց-մահու պատերազմներում մենք թշնամուն զիջել ենք թե՛ թվաքանակով և թե՛ զենք-զինամթերքով: Բայց, հաղթել ենք: Հաղթել ենք, քանզի մարտնչել ենք: Կռված տղաների մեծ մասի ականջներում դեռևս հնչում է ջոկատների հրամանատարների հորդորը` մեկին տասը: Այսինքն՝ մեր մեկ զինվորը թշնամու տասը զինվորի գործ է արել և պատրաստ է անելու: Այս գաղափարն է կռվի տարել Ավարայրի ու Սարդարապատի, Շուշիի ու Լաչինի մարտադաշտերում հերոսացած հայորդիներին: Կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովուրդը հարաբերական իմաստով ամենաշատ հերոսները տվեց: Վերջապես, հին ու նոր մեր բոլոր հաղթանակների գրավականը հողի պաշտամունքն է, միասնականությունը, հավատը հաղթանակի նկատմամբ, հայեցի ոգին և, ինչու չէ, նաև պետականության զգացումը: Առանց այս ամենի, աշխարհի ողջ զենքն ու զրահն էլ եթե տան, կպարտվես: Ես հիացած եմ հայ զինվորով, նրա կամքով ու վճռականությամբ, անելանելի իրավիճակներից դուրս գալու նրա հնարամտությամբ, միմիայն հաղթելու հավատով: Այդպիսի զինվորի հետ պարտվելը պարզապես ամոթ է:
-Ադրբեջանական քարոզչությունը իրենց պարտությունների հիմնական պատճառ է համարում երկրի ներքին անկայուն վիճակն ու հրամանատարների դավաճանությունը: Արդյոք մեր հաղթանակները միայն դրանցո՞վ են պայմանավորված:
-Ծանոթ եմ ինքնարդարացման այդ բարբաջանքներին: Այս տարվա օգոստոսին, երբ նշվում էր Ֆիզուլու և Ջեբրայիլի ազատագրման տասը տարին, «Бакинский рабочий» թերթը տպագրեց ոմն Ջապարովայի հոդվածը` «Ֆիզուլին հանձնեցինք առանց կռվի» խոսուն վերնագրով: Ադրբեջանական հեռուստատեսությունը երկար-բարակ հարցազրույցներ հեռարձակեց այդ թեմայով: Այսպիսի դեպքերի համար են ասում «Հիմարին դու ցույց մի տուր, ինքն իրեն ցույց կտա»: Երբ հայր Ալիևն ընկած աշխարհի երկայնքով ու լայնքով լալահառաչ օգնություն էր խնդրում հայ ագրեսորներից պաշտպանվելու համար, քիչ թե շատ խելացի մարդիկ նրան հարց էին տալիս` լավ, դուք բնակչության թվով հայերից կրկնակի անգամ շատ եք, ձեզանով արեցիք Ադրբեջանի տարածքում եղած խորհրդային ողջ զենքն ու զինամթերքը, թիկունքներիդ Թուրքիայի նման հզոր պետություն է կանգնած, ինչպե՞ս պատահեց, որ պարտվեցիք: Ալիևը հո չէ՞ր ասելու, որ հայերն ավելի լավ կռվող են, իրենց հայրենի հողի համար են պայքարում, մեզանից խելացի են: Գցեց-բռնեց ու որոշեց մի ձեռքով երկու ձմերուկ բռնել: Ժամանակը թելադրում էր վարկաբեկել, ասպարեզից հեռացնել նախագահական իր աթոռի վրա աչք ունեցողներին և հետո` ցույց տալ, որ իրենց պարտությունների մեջ հայերի հերոսությունն ու մարտունակությունը, հայրենասիրությունն ու հնարամտությունը այնքան էլ մեծ դեր չեն ունեցել: Եվ ահա, ծնվել է ծիծաղահարույց այս դրույթը: Ի դեպ, սա նորություն չէ Ադրբեջանի նորօրյա պատմության մեջ: Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված տարածքների քրիստոնեական հուշարձանները նրանք աշխարհին ներկայացնում էին որպես իրենց նախնիներ հորջորջված աղվաններից մնացած հուշարձաններ: Ասում էին, աշխատություններ հրապարակում այլևայլ լեզուներով, ու, միաժամանակ, աչքից հեռու տեղերում հաճույքով վերացնում էին այդ հուշարձանները: Ստի ոտքերը կարճ են: Աշխարհն արդեն հասկանում է ինչն ինչոց է:
Իրականում, մեր բանակն ապացուցեց, որ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, հայրենի հողը թշնամուց ազատագրելու համար պատրաստ է կյանքը տալու և չի կանգնի ոչ մի զոհողության առջև: Ադրբեջանին ոչինչ չէր մնում, քան զինադադար խնդրելը: Զինադադարի կարևորագույն երաշխիքն այսօրվա մեր կայացած մարտունակ բանակն է, որ իր հզորությամբ հիացնում է բարեկամներին ու տխրեցնում թշնամիներին:
Եթե Ադրբեջանը մեր հզորության հետ հաշվի չնստեր, վաղուց վերսկսած կլիներ պատերազմը: Այնպես որ, պատերազմը վերսկսելու, գրավված տարածքներն ազատագրելու կոչերը, որ այսօր հաճախակի են հնչում Ադրբեջանում, միայն ներքին սպառողի համար են, և դժվար թե մեր ուժն ու մարտական ոգին տեսած թշնամին նորից փորձի գլուխ դնել մեզ հետ: Նրանք լավ են հասկանում, որ իրենց կողմից հրահրված նոր պատերազմը կավարտվի Բաքվում:
¬Ինչպե՞ս է ընթանում զինված ուժերը երիտասարդ սպաներով համալրելու գործընթացը։ Մեր ռազմաուսումնական հաստատությունները ի զորո՞ւ են բանակն ապահովել անհրաժեշտ կադրերով։
¬1994 թվականին կնքված զինադադարից անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ եղավ սպաների վերապատրաստման, զորամասերը երիտասարդ սպաներով համալրելու գործին։ Ստեղծվեցին սպաների վերապատրաստման կենտրոնը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, թռիչքատեխնիկական ինստիտուտը։ Սակայն նույնիսկ գերհզոր երկրների բանակները չեն կարող սեփական ուժերով անհրաժեշտ բոլոր մասնագետներին պատրաստել։ Պատահական չէ, որ մենք օգտագործում ենք նաեւ մեր բարեկամ պետությունների ընձեռած հնարավորությունները։ Հարյուրավոր սպաներ ու կուրսանտներ են սովորում ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում, տասնյակ սպաներ ավարտել եւ շարունակում են սովորել Հունաստանի ռազմական ակադեմիայում, երկու կուրսանտ սովորում են Իտալիայի Մոդենա քաղաքի ռազմական հաստատությունում, երկու սպա եւ երկու կուրսանտ՝ Չինաստանում, 10 սպա վերապատրաստում է անցնում ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում։ Այժմ ԶՈւ տարբեր հաստատություններում գործում են լեզվի կենտրոններ։ Օտար լեզուների տիրապետող մեր սպաները առավել դյուրությամբ են հաղորդակցվում ու համագործակցում իրենց արտասահմանյան գործընկերների հետ։ Շուրջ 90 սպաներ տարբեր ժամանակներում պատրաստություն են անցել Գերմանիայի «Մարշալ կենտրոն» ռազմաուսումնական կենտրոնում։
Տարեկան մի քանի անգամ կազմակերպվում են զանազան գիտաժողովներ ու սեմինարներ՝ մեր սպաներին հնարավորինս հասու դարձնելով բնագավառի աշխարհի փորձին, ժամանակակից զինատեսակներին ու մարտավարական տեխնիկային։ Փոխհամագործակցության շնորհիվ ընդլայնվում է մեր երիտասարդ սպաների անձնական բարեկամների թիվը բարեկամ պետություններում։
Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին։ Մոնթե Մելքոնյանի, Քր. Իվանյանի անվան վարժարաններում, կրթության եւ գիտության նախարարության համակարգի վարժարաններից ու դպրոցներից շատերում այդ գործը ցանկալի մակարդակի է բարձրացված։ Դրան են նպաստում նաեւ մեր համակարգի ռադիո¬հեռուստատեսային հաղորդումները, պաշտոնաթերթն ու ամսագիրը, սպայի տունն ու թանգարանները։
¬Մեր բանակի հիմնական կորիզը ձեւավորվել է, այսպես կոչված, կռված տղաներից, խորհրդային բանակից եկած կադրային սպաներից ու քաղաքացիական կյանքից հրավիրված մասնագետներից։ Վերջիններս գանգատվում են, որ իրենց հրավիրել եք, ուժերն օգտագործել եւ դեռ 60¬ի էլ չհասած, զորացրում եք՝ թողնելով առանց աշխատանքի։ Այսպիսի սպաներին արտոնություններ չե՞ն տրվում։
¬Պատերազմների պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե բանակը, այլ ժողովուրդը։ Զենքը ձեռքն առած երեկվա ազատամարտիկն ու մանկավարժը, ինժեներն ու բժիշկը, գիտնականն ու լրագրողը բանակում անցնում են կյանքի դպրոցը։ Գալիս է մի ժամանակ, երբ փորձը, առանց տեսական գիտելիքների, քիչ է, սովորել է անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է կադրային սպաներին, պիտի բարձրաձայնեմ՝ չլինեին խորհրդային բանակում ծառայած ու դաստիարակված զինվորներն ու սպաները, չէին լինի մեր հաղթանակները, չէր լինի մեր բանակը։ Եթե մինչեւ 1994 թվականը մենք մարտական գործողություններին զուգընթաց բանակ էինք ստեղծում եւ կրթության մասին չէինք մտածում, ապա այսօր դա կարեւորում ենք, քանի որ առանց համապատասխան կրթության անիմաստ է խոսել մարտունակության, կազմակերպված բանակի մասին։ Բանակի բառապաշարից սկսում են դուրս մղվել «Կադրային» եւ «Ոչ կադրային» հասկացությունները։ Գիտելիքներ, փորձ ու հմտություն ունեցող սպաների ու գեներալների կարողությունները օգտագործելու լավագույն ձեւ է ռազմաուսումնական հաստատություններում դասավանդելը՝ գրեթե առանց տարիքային սահմանափակման։
Ինչ վերաբերում է հրավիրված մասնագետներին, չափանիշը նույնն է՝ եթե սպան իրեն դեռեւս չի սպառել, զինվորին տալու բան ունի, պատասխանատու է եւ պարտաճանաչ, առողջությունն էլ ներում է, կշարունակի ծառայությունը։
-Ազատ ժամանակ ունենո՞ւմ եք: Եվ, եթե այո, ապա ինչո՞վ եք լցնում այն:
– Կարծում եք՝ գեներալ դառնալուց հետո մարդը դադարո՞ւմ է զինվոր լինելուց: Ես թե՛ հրամայող եմ և թե՛ կատարող: Իսկ եթե հանկարծ ժամանակ է մնում, կարդում եմ: Երբեք չեմ մոռանում, որ զինվորական կրթություն չունենալով՝ ես աշխատում եմ ռազմական ինստիտուտներ ու ակադեմիաներ ավարտած մարդկանց հետ: Հարկավոր է նրանց հետ, ինչպես ասում են, քայլ բռնել: Երևի թե՝ հաջողվում է:
Հ.Գ.-«Հայ զինվորը» իր եւ ընթերցողների անունից սրտանց շնորհավորում է մեր բանակի սիրված ու գնահատված գեներալին հոբելյանի առթիվ, ցանկանում քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ` ի փառս մեր զինված ուժերի:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Բանակ և հասարակություն