Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ



ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋԶորամասերի եւ ուսումնական հաստատությունների սերտ կապի ու փոխգործակցության մասին ինչքան էլ գրվի, միեւնույն է, այդ ոլորտում ամեն մի նախաձեռնություն յուրովի հետաքրքիր է եւ հարստացնում է հարազատ բանակի հանդեպ համաժողովրդական սիրո, հասարակության սրտացավ վերաբերմունքի տարեգրությունը: Դրանում մեկ անգամ եւս համոզվեցինք օրերս, երբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ դասախոսների հետ այցելեցին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս եւ մասնակցեցին ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այցելությունը ոչ միայն պայմանավորված էր պետական տոնացույցի կարեւորագույն իրադարձությամբ, այլեւ նորաստեղծ բարձրագույն ուսումնական հաստատության եւ զորամասի միջեւ ստեղծված ջերմ փոխհարաբերություններով: Համատեղ ուժերով այս տարվա գարնանը զորամասի հարակից տարածքում պտղատու ծառեր էին տնկվել, այգին անվանակոչվել էր «Զինվորիս այգին»: 2016 թ. ապրիլյան սրացման օրերին զոհված մեր հայրենակիցների հիշատակին նվիրված յուրաքանչյուր տնկի խնամել է մի զինծառայող՝ որպես սերունդների հաջորդականության եւ Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու վճռականության առհավատչյա…

Տոնական օրվա առթիվ հրավիրված հանրահավաքում, որը վարում էր զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ա. Մկրտչյանը, շնորհավորական խոսք ասացին գնդապետ Սամվել Գրիգորյանը, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արամ Պաչինսկին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար առարկաների եւ լեզուների» ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը: Ելույթ ունեցողները կարեւորեցին բանակ-հասարակություն կապը, բացարձակ արժեք հանդիսացող անկախությունը պաշտպանելու առաքելությունը, իրենց կյանքի գնով հայոց պետականությունը պաշտպանած քաջորդիների պատգամներին հավատարմությունը…

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ զորամասի հրամանատարը բարեխիղճ ծառայության համար մի խումբ զինծառայողների հայտարարեց շնորհակալություն, պարգեւատրեց պատվոգրերով եւ կրծքանշաններով: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրման համար պատվոգրերի արժանացան նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսներ Մ. Հարությունյանը, Ա. Հարությունյանը, համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գ. Զաքարյանը, Մարտակետի շրջվարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր Լ. Զաքարյանը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի անունից մարտական եւ հասարակական-պետական պատրաստության ասպարեզում առաջադիմության, օրինակելի վարքի համար հատկապես մարտական հերթապահություն իրականացնող երեք տասնյակ զինծառայողների հանձնվեցին շնորհակալագրեր:

Այնուհետեւ հրամկազմի ներկայացուցիչները եւ համալսարանականները թարմ ծաղիկներ դրեցին զորամասում կանգնեցված խաչքարի պատվանդանին:

Օրվա տոնական տրամադրություններին նոր շունչ հաղորդեց ՊԲ «Ասպետ» համույթը: Շարահրապարակը վերածվեց մի մեծ պարահանդեսի, որտեղ զինծառայողներն ու համալսարանի շնորհաշատ ուսանողուհիները գեղեցիկ կատարումներով գեղագիտական հաճույք պատճառեցին համածառայակիցներին եւ մյուս հանդիսատեսներին:

Առանձին հետաքրքրություն էին առաջացրել մարզական միջոցառումները: Զինվորների ներդաշնակ գործողությունները կանխորոշեցին պարանի ձգում մրցույթի ելքը, իսկ ահա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական եւ զորամասի թիմերի ֆուտբոլային ընկերական հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Այսպիսով, մեր ամենանվիրական տոներից մեկը՝ Անկախության օրը, հետաքրքիր նախաձեռնություններով նշվեց հայոց սահմաններն անառիկ պահող զինծառայողների եւ ուսանողների համատեղ ջանքերով՝ փաստելով բանակի ու հասարակության անխախտ միասնությունը: Կազմակերպված մարզամշակութային միջոցառումները ոչ միայն հետաքրքիր գույներով լցրեցին զինվորական առօրյան, այլ նաեւ հնարավորություն ընձեռեցին ուսանողներին անմիջապես ծանոթանալու ապագա ծառայության պայմաններին, քանզի նրանք շուտով համալրելու են մեր բանակի շարքերը…

ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱրՊՀ ուսանողուհի

Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Բանակ և հասարակություն


27/09/2017