Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ



ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԱրցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի հետ վերջերս մեկնեցի շրջանի հարավային թև՝ ներկա լինելու տարածքի ազատամարտիկների հետ հանդիպումներին: Առաջին հանդիպումն Աղանուս գյուղում էր, Արսեն Հակոբյանի անվ. միջն. դպրոցում: Անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ Քաշաթաղի շրջանից 1200 կամավոր մեկնեց առաջնագիծ, 10-ից ավելի մարդ՝ փոքրիկ Աղանուսից: ԱՀ նախագահի հրամանագրով մի շարք կամավորականներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Աղանուսից այդ պատվին է արժանացել կամավորական Արմեն Հովհաննիսյանը: Դպրոցի մեծ դասասենյակի պատին Արցախյան ազատամարտում զոհված Արսեն Հակոբյանի մասին պատմող փաստաթղթերն են, լուսանկարները: Այստեղ կայացավ ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասնակից Ա. Հովհաննիսյանի պարգևատրումը, որին ներկա էին համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Աղանուսի բնակիչներ: Դպրոցի տնօրենը շնորհավորեց պարգևատրվողին, անդրադարձավ Արցախյան ազատամարտին, վերջին իրադարձություններին և դիմելով իր սաներին՝ հորդորեց լինել հայրենասեր, նմանվել քաջերին: Համայնքի ղեկավարը, որը նույնպես կամավորականների շարքերում էր 2016թ.-ի ապրիլին, տեղեկացրեց, որ այդ օրերին համայնքի 3 գյուղերից՝ Աղանուս, Ապարան և Մեղվաձոր, գրեթե բոլոր տղամարդիկ մեկնեցին առաջնագիծ և դիրքապահ զինվորի հետ պաշտպանեցին հայոց սահմանը: Պարգևատրվողը հայտնեց շնորհակալություն, հավաստելով՝ միշտ պատրաստ է ծառայելու հայրենիքին: Հաջորդ հանդիպումն Ուռեկանում էր: Ներսես Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցը տարածքի առաջին կրթօջախներից է: Դպրոցի մեծ դասասենյակում էին հավաքվել տարածքի ազատամարտիկները: Ք. Մովսեսյանը ողջունեց ազատամարտիկներին, տեղեկացրեց, որ «Մարտական ծառայություն» մեդալի են արժանացել Կարեն Հակոբյանը՝ Այգեհովիտից և Հարություն Հովսեփյանը՝ Տիգրանավանից, ովքեր անցած ապրիլի սկզբին կամավոր մեկնել են առաջնագիծ, աչքի ընկել որպես կարգապահ ու մարտունակ զինվոր: Մեդալները հանձնելուց հետո կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ազատամարտիկներին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ բնակարանային, կենցաղին վերաբերող և այլն: Ընտրվեցին նաև տարածքային խորհուրդներ և խորհուրդների ղեկավարներ: 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Բանակ և հասարակություն


27/09/2017