ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
Առաջնագիծը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար դարձել է անվտանգ՝ շնորհիվ լրակահավորման, կատարված ահռելի ծավալի ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների, վերազինման, սահմանը տեխնիկական գերժամանակակից միջոցներով ապահովելու գործողությունների: Այս ամենի շնորհիվ հակառակորդի շարժերը դարձել են առավել կանխատեսելի, իսկ զսպող մեխանիզմներն՝ առավել արդյունավետ:
«Դիրքի ավագ, դուրս արի»՝ արթուն հերթափոխի կանչի վրա գետնատնակից կայծակնային արագությամբ դուրս «թռած» կրտսեր սերժանտը վազելով ընդառաջ եկավ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Շաքարյանին ու մի շնչով զեկուցեց առաջնագծի իրավիճակի մասին: Զեկույցն ընդունելուց և մի քանի հարց ու պատասխանից հետո փոխգնդապետ Շաքարյանն ասաց.
-Սկսենք դիտորդներից,- ու դիրքի ավագին կարգադրեց ուղեկցել: Մարդաբոյ խրամուղով շարժվեցինք առաջնագիծ: Առաջնագիծը դիտարկող զինվորը, ըստ երևույթին մեր խոսակցության կամ էլ ոտնաձայների վրա, խրամաբջջից կես քայլ դուրս եկավ և տեսնելով մեզ, մտավ ներս ու շարունակեց դիտարկումը: Մոտեցա, բարևեցի դիտորդին, հետաքրքրվեցի դիտարկման արդյունքներով, ապա խնդրեցի հեռադիտակն ու խրամաբջջի դիտանցքից սկսեցի ուսումնասիրել տեղանքը: Առջևում հոգնեցնող հարթ տարածություն է: Ամեն ինչ միապաղաղ ու միագույն: Արևի ճառագայթները չորս կողմն ամեն ինչ վառել, չորացրել են: Ձախ ու աջ, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա օձագալար ձգվում են հակառակորդի հողափոր դիրքերը:
-Այս ուղղությունը հակառակորդն ավելի շատ օգտագործում է տանկային հարձակման համար: Նման տարածքներով հիմնականում տանկային գրոհներ են իրականացվում,- ներկայացրեց կրտսեր սերժանտ Օհանյանը՝ չմոռանալով հրաձիգ դիտորդին հասցնել մարտական հաշվարկը, կողմնորոշիչները և ճշտել մարտական խնդիրը:
Առաջնագծի մյուս դիտորդը շարքային Նարեկ Արզումանյանն էր: Դիտորդի պարտականությունների, մարտական հաշվարկի և մարտական խնդիների մասին փոխգնդապետ Շաքարյանի հարցին նա տվեց վարժ ու սահուն պատասխան: Փորձառու սպան ստուգեց դիտորդի զրահաբաճկոնի պարունակությունը, ուղղեց սաղավարտը, հետաքրքրվեց դիտարկման արդյունքներով: Այնուհետև դիրքի ավագը շարքային Արզումանյանին հասցրեց մարտական հաշվարկը, կողմնորոշիչները, ճշտեց մարտական խնդիրը. այն է՝ զբաղեցնել խրամաբջիջը, թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը: Դիտորդին հասցվեց նաև դիմակայող հակառակորդի մասին տեղեկություններ՝ ճշտելով նաև հակառակորդի առաջնային գիծը:
– Շատ ուշադիր կլինես, զգոնությունդ ոչ մի վայրկյան չթուլացնես,- դիտորդին հորդորեց փորձառու զինվորականն ու անվտանգ հերթապահություն մաղթելով նրան՝ քայլեցինք գետնատնակ:
Ամենուր աչք էր շոյում մաքրությունը, կարգ ու կանոնը, իսկ ինժեներական ժամանակակից լուծումներով կահավորված առաջնագիծը պարզապես վստահություն էր ներշնչում. այս կողմով ցանկացած հարձակում դատապարտված է լիակատար ձախողման:
Գետնատնակում հերթափոխից ազատ զինվորներն են՝ որը պառկած, որը նստած: Ծանոթանում ենք և րոպեներ անց անկեղծ ու անմիջական զրույցի բռնվում: Զրուցում ենք ծառայությունից, դեսից-դենից… Նրանք ինձ թեյ ու թխվածքաբլիթ են հյուրասիրում: Քաղցրավենիքից կտրուկ հրաժարվում եմ, որ նորից չծարավեմ, իսկ ահա կիսաքաղցր թեյը խմում եմ սիրով: Թեպետ հոգնած ենք, սակայն բոլորիս տրամադրությունն էլ բարձր է:
Տարվա այս եղանակին մեր դիրքապահները միայն շոգից են նեղվում: Եվ ինչպես իրենք ասացին՝ «կարոտել ենք սառը ջրին»: Բայց հենակետում այս խնդրի լուծումն էլ են գտել՝ խմում են հատուկ պատրաստված կիսաքաղցր թեյ, որ հյուրասիրեցին նաև ինձ: Այդ օրը ես ջուր խմելու ցանկություն այլևս չունեցա:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում