ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Հրաշապատում կամ զարմանալի պատմություններ» գրքից
«ՆԱՐԵԿԻ» ԲԺՇԿՈՂ ՈՒԺԸ
Մինչ օրս էլ Մոսկվայում ապրում են ռուս երկու եղբայրներ, որոնք ականատեսն են եղել «Նարեկի» բժշկող հրաշալի ուժի։ «Նրանք տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էին դարձել,□ այսպես սկսեց իր պատմությունը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը,□ նրանց տունը հրդեհվել էր։ Ու թեեւ իրենք մի կերպ փրկվել էին, բայց այնքան խոր այրվածքներ էին ստացել, որ նրանց վերքերը երկար ժամանակ չէին վերանում։ Ոչ մի վիրահատություն չէր կարող վերացնել այրվածքների սարսափելի հետքերը։
Նրանք Ռուս Ուղղափառ եկեղեցու հետեւորդներ էին։ Հաճախ էին եկեղեցի գնում, աղոթում, ապրում էին լիարժեք հոգեւոր կյանքով։ Մի անգամ եղբայրները հանդիպում են իրենց հայ ընկերոջը, որը խորհուրդ է տալիս կարդալ «Նարեկը»։ Պատմում է Գրիգոր Նարեկացու մասին, նրանց է տալիս «Մատեանի» ռուսերեն թարգմանությունը։ Տղաներն սկսում են «Նարեկ» կարդալ եւ որոշ ժամանակ անց նկատում են հրաշալի փոփոխությունը, իսկ մի տարի անց վերանում են բոլոր սպիները, և նրանց այրված մաշկը ասես վերածվում է նորածին երեխայի մաշկի։
Զարմացած «Նարեկի» բժշկող ուժից՝ նրանք ստեղծում են «Նարեկի» բարեկամների ակումբը», որտեղ մինչեւ հիմա էլ հավաքվում եւ «Նարեկ» են կարդում Աստծո եւ նրա սրբերի զորությանը հավատացող մարդիկ։ Լինում են նաեւ տարբեր բժշկություններ Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխոսությամբ»։
Հ2 հեռուստաալիքի «Հոգևոր անվտանգություն» հաղորդաշար, 2005թ. նոյեմբերի 1-ի հաղորդում
ԽՈՒՆԿԻ ԲՈՒՅՐԸ
2005 թվականի մայիսի 8-ին Դաղստանի Հանրապետության հայաշատ Կիզլար քաղաքում կատարեցինք սուրբ Սարգիս մատուռի բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը մեկնեցինք Դաղստանի Դերբենդ քաղաք, որը հինգ հազար տարվա պատմություն ունի, եւ որի պատմության մեջ քիչ դեր չեն խաղացել հայերը։ Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում մի գեղեցիկ հայկական եկեղեցի, որը, ցավոք, զուրկ է խաչից։ 120 հազար բնակչություն ունեցող քաղաքում ապրում են 3 հազար հայ, 5 հազար ռուս, իսկ բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ ու լեզգիներ են։
Հեռվից նայեցինք փառահեղ եկեղեցուն եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին խնդրեցինք, որ մեզ տանեն այնտեղ։ Եվ քանի որ թաղամասն ամբողջովին ադրբեջանաբնակ էր, ազգամիջյան որեւէ ընդհարում թույլ չտալու համար հանեցինք հոգեւորականի մեր հագուստը եւ գնացինք որպես սովորական քաղաքացիներ։
Այժմ եկեղեցին վերածվել է Կովկասի ժողովուրդների պատմության թանգարանի։ Բավական ուշագրավ ցուցանմուշներ կային այնտեղ, որոնցից եւ ոչ մեկը հայկական չէր։ Ավելին` եկեղեցու պատերից քերել հանել էին հայկական արձանագրությունները։ Իսկ եկեղեցում վերջին անգամ հայալեզու արարողություն էր կատարվել 20-րդ դարի սկզբին։ Լուռ ցավ ապրեցինք, մանավանդ` այն բանից հետո, երբ ադրբեջանցի զբոսավարը ոչ մի հիշատակություն չարեց ո՛չ հայերի, ո՛չ եկեղեցու հայկական լինելու մասին։ Մենք խնդրեցինք, որ թույլ տան թանգարանում երգել։ Նրանք չգիտեին մեր ով լինելը, ուստի եւ չառարկեցին։ Սկսեցինք երգել, նախ` «Հայր մերը», ապա` «Տեր ողորմեան»։ Եվ երբ վերջացրինք երգը, շինությունը լցվեց խունկի բույրով։ Դա զգացինք ոչ միայն մենք` ծպտյալ հոգեւորականներս, այլեւ համայնքի անդամներն ու անգամ թանգարանի ադրբեջանցի աշխատակիցները։
□Ովքե՞ր եք ,□ զարմացած հարցրին թանգարանի աշխատակիցները եւ երբ իմացան, որ հայ հոգեւորականներ ենք, լուրն անմիջապես տարածվեց թաղամասում։ Եվ մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված եղանք շուտափույթ հեռանալ քաղաքից։ Հիմա՝ տարիներ անց, երբ ամեն անգամ Դերբենդ քաղաքն եմ հիշում, ասես նորից շնչում եմ ինչ-որ հրաշքով եկեղեցում տարածված խունկի բույրը։
ՄՈՎՍԵՍ եպիսկոպոս ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ
ԻՆՉՈՒ ԱՌԱՋ ՉԷՐ ՇԱՐԺՎՈՒՄ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Շուշի քաղաքից պետք է գնայինք Վաղուհաս՝ պսակադրություն կատարելու։ Այդ առավոտ իմ մեքենան հնարավոր չեղավ գործարկել։ Խնդրեցի, որ Տեր Հովհաննես քահանան իր մեքենան տրամադրի։ Վերցրի մեքենան եւ ճանապարհ ընկա։ Ճանապարհն անցնում էր անտառի միջով։ Հասա ճանապարհի կեսին, եւ մեքենայի շարժիչը հանգեց։ Հետո մի կերպ գործարկեցի, բայց զարմանալիորեն մեքենան առաջ չէր շարժվում, իսկ ետ շարժվում էր։ Երեք անգամ փորձեցի անցնել ճանապարհի այդ հատվածը, բայց ինձ չհաջողվեց։ Ռացիայով կապվեցի Տեր Հովհաննեսի հետ, ներկայացրի իրավիճակը, խորհուրդ հարցրի, սակայն դա էլ չօգնեց։ Իջա մեքենայից, նայեցի շրջակայքը եւ, այ քեզ զարմանք, հենց մեքենայի դիմաց, մի քանի մետրի վրա քողարկված հակատանկային ական տեսա։ Երբ նորից նստեցի ավտոմեքենան, այս անգամ շարժիչը միանգամից աշխատեց։ Շրջանցեցի վտանգավոր տեղամասը եւ բարեհաջող շարժվեցի առաջ։ Ինչ խոսք, այս դեպքից հետո մի անգամ էլ փառք տվեցի Աստծուն, որ այդպես հրաշալի կերպով պահպանում է իրեն ապավինողներին։
ԱՂՈԹՔԸ ՎԱՀԱՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Արցախյան պատերազմի օրերին էր, ավելի ստույգ՝ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Ռոբերտի հետ գնացել էինք Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։ Առաջադրանքը կատարելուց հետո շարժվեցինք դեպի շրջկենտրոն։ Հանկարծ ադրբեջանական կողմը սկսեց «Գրադով» հրետակոծել։ Դաշտում աշխատող մարդիկ, նրանց հետ նաեւ մենք, պատսպարվեցինք մոտիկ անասնագոմում, որտեղ արդեն իսկ ապաստանել էր մոտ 150-160 մարդ` լեփ-լեցուն անասուններով։ Թշնամին հարվածում էր մոտ 40 րոպե։ Ես՝ հոգեւորականս, ի՞նչ կարող էի անել, աղոթելուց բացի։ Կանգնեցի մի անկյունում եւ սկսեցի աղոթել։ Բազմաթիվ արկեր պայթեցին, բայց ոչ մի մարդ չվնասվեց։ Իմ, եւ ոչ միայն իմ համոզմամբ, թշնամու «Գրադի» առաջ վահան դարձավ աղոթքը։ Այդ դեպքից հետո շատերը դարձի եկան եւ հավատացին Տիրոջը։
ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարի
հոգեւոր խորհրդական