Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ա՛Յ ՊԱՂ ՋՐԻԿ, ԻՄ ԱՆՈՒՇԻԿ…



Ճանապարհի կողքի առատ խոտը, մոշի թփերը ծածկել-բուժել են պատերազմից վիրավոր հողի վերքերը։ Նայում ես, ու մշուշվում են աչքերդ՝ փորձում ես գտնել ամեհի կռվի ելած մեր քաջերի ոտնահետքերը, համբուրել այն հողը, որտեղով անցան նրանք, անցան կրակի, բոց ու շանթի նման…
Ձորերով հոսում է Աղավնագետը, որն իր պայծառ, ջինջ ու կապույտ ջրերով պատմում է այն, ինչ կատարվեց 20-րդ դարավերջին…

Եվ ուզում ես ասել հայրենի պաղպաջուն ջրերին.
-Արցունքի պես ջինջ հայրենի ջրեր, գետակներ՝ ձեր կոհակներում այս ի՜նչ խայտանք են սկսել ձկները:
Արտաշավի գյուղում է ապրում Սամվելն իր ընտանիքով: Երբեմնի պատերազմի մասնակից ազատամարտիկը զբաղվում է աշխարհի ամենաարդար գործով` մեղվապահությամբ: Երեք զավակներից առաջնեկին Սամվելն անվանակոչել է իր զոհված ընկերոջ` Գագիկի անունով: Հյուրերին դիմավորում է Սամվելի Մանյա մայրը, սիրով հրավիրում տուն։

-Ինչպե՞ս եք Մանյա մայրիկ, ինչպե՞ս եք հարմարվել ձեր նոր բնակավայրին։
-Հիմա շատ լավ եմ ինձ զգում, փառք Աստծո։ Երբ Սամվելս կռվի էր մեկնում, ինչպես ամեն մի մայր՝ աչքս ճամփին էր, ականջս՝ լուրի։ Ծանր օրեր են, ծանր տարիներ։ Չլսված 1000 ու մի հիվանդություններ գլուխ բարձրացրին։ Խաղաղության հետ հիմա երբ հարթավայրից եկա այստեղ այն տարիների բոլոր հիվանդությունները մոռացա, ավելի ճիշտ իրենք ինձ մոռացան։ Երեւի դա էլ իր խորհուրդն ունի, որդիս եւ իր ընկերները ազատագրեցին այս հողերը, որպեսզի բուժեն իրենց մայրերի այն տարիների ծանր ապրումներից ձեռք բերած հիվանդությունները,- մեղմ ժպիտով ասում է Մանյա մայրիկը։
Սամվելի կինը` Մարինեն, մանրանկարիչ է, դպրոցում անգլերեն է դասավանդում: Մարինեն մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն արժեւորում է այն կտավները, որոնք ստեղծել է ազատագրված հայկական գյուղում: Մարինեի պատմությունը իր մեջ տխրություն ունի, թախիծ, սակայն զգում ես, որ խոսքը դուրս է գալիս հպարտության հնոցից:

-Ամլիկյան մեր գերդաստանը բազում տառապանքներ է կրել ՄԵԾ եղեռնին, պատմում է նա,- Մուսալեռից գաղթած պապս ու տատս Հարություն ու Արաքսյա զավակների հետ ապրում են Կանադայում, մյուս հորեղբայրս՝ Գեւորգը, Հասմիկ հորաքրոջս հետ բնակվում են Ամերիկայում։ Որդիներից Եսայի հայրս ու Գեղամ հորեղբայրս են հայրենիքում։
Սամվելի հետ երբ եկանք այստեղ, նոր զգացի, թե ինչ զոհողություններով, հերոսական ինչ մաքառումներով է ազատագրվել մեր հողը։
Ամեն անգամ, երբ Երեւան էի գալիս, հորս՝ Եսայու հայացքում հիացմունք, հպարտություն էի կարդում։ Նա ինձ ոգեւորում էր. «Ապրես, աղջիկս, այդպես հենակ եղեք մեկմեկու, ձեր գործը հայրենանվեր է, մի օր անպայման այդ մասին կխոսեն։ Հայրենասիրությունը բառերի շարան չէ, ամեն մեկը թեկուզ մի փոքր գործով պետք է փորձի օգնել, սատար կանգնել իր ժողովրդին։ Այդպես էլ չենք կորցնի հայրենի հողից ոչ մի պատառ»։

Հայրս հիվանդ էր, բայց էլի եռանդով ինձ ոգեւորում էր, գոտեպնդում. «Մարինե ջան, նկարիր, անպայման նկարիր. դու հայոց ազատագրված տարածքների առաջին մանրանկարիչն ես։ Հետո միգուցե հարցնեն՝ ո՞վ է հեղինակը, եւ եթե հեղինակին էլ չճանաչեն, հոգ չէ»։
…«Գրիգոր Նարեկացի» մշակութային կենտրոնում բացվել էր մանրանկարիչ Մարինե Ամլիկյանի ցուցահանդեսը։ Նրա կտավներում պատկերված են ազատագրված հայոց հողի վանք ու եկեղեցի, սրբապատկերներ, լեռներում ճախրող արծիվներ, ջրվեժներ… Նկարչուհու ուշադրության կենտրոնում մարդն է իր անհանգիստ բնավորությամբ՝ հոգեկան տագնապով, անբացատրելի ներաշխարհով, նաեւ սեր ու նվիրումով հայրենի եզերքի նկատմամբ…
Ներկա էին նկարիչներ, արվեստագետներ, ամուսնու մարտական ընկերներ Իգորը, Համլետը, Ալբերտը։ Նրանք դիտում էին կտավները երկար, հիացմունքով, որովհետեւ ազատամարտի օրերին ժամանակ չէին ունեցել վայելելու բնության գեղեցկությունները։ Ներկա էր նաեւ լիբանանահայ երգիչ Գեւորգ Հովհաննիսյանը, ով ներկաներին պարգեւեց անմահ Կոմիտասի մեղեդիները.

-Ա՛յ պաղ ջրիկ, իմ անուշիկ…
-Հով արեք, սարեր ջան, հով արեք…

Եվ ազատագրված հայրենի հողի վեհությունն առավել տեսանելի եղան Մարինե Ամլիկյանի մանրանկարներում, որոնք նա նվիրել է իր Եսայի հոր հիշատակին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Հոգևոր-մշակութային


17/08/2011