ԴԱՍԱՍԵՆՅԱԿ ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ
2016թ. ապրիլի սկզբին Հայոց բանակի բազում զինվորներ հերոսացան: Այժմ նույն անմահ-հերոսների անուններով դպրոցներ ու դասարաններ, մանկապարտեզներ են կոչվում: Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցի 6-12-րդ դասարաններն անվանակոչված էին Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Մովսես Գորգիսյանի եւ մեր ժողովրդի այլ լավագույն զավակների անուններով: Սեպտեմբերի 25-ին նույն դպրոցում մասնակից եղա 5-րդ դասարանի անվանակոչությանը: Գեւորգ Գագիկի Վարդանյանն այն հերոսներից էր, որն ապրիլի սկզբին Թալիշ գյուղի մոտակայքում համաքաղաքացի Հրաչ Գալստյանի դասակում գնդացրորդ էր եւ մասնակցում էր թեժ մարտերին: Տղերքը հետ շպրտեցին թշնամուն ու իրենց դիրքն էին պահում, սակայն թշնամու տանկի արձակած արկն ընկավ քաջերին շատ մոտ, եւ մարտիրոսվեցին գնդացրորդն ու դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը: Հետմահու քաջերն արժանացել են «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով: «Բարձունքը մերն է, տղերքը չկան, Տղերքն ավելի բարձրում մնացին…»: Գեւորգը ծնվել է 1996թ. Գյումրիում, 6 տարեկանում տեղափոխվել Ռուսաստան: 18 տարեկանում ինքնակամ եկել է Հայրենիք, զորակոչվել Հայոց բանակ եւ ծառայել առաջնագծում: Միջոցառումն սկսվեց Արցախի օրհներգով, այնուհետեւ հայտարարվեց լռության րոպե: Դասարանում Գեւորգին նվիրված անկյունն էր՝ նրա լուսանկարներով, կենսագրական տվյալներով: Հայոց Եռագույնը ձեռքին՝ կանգնած էր զինվորական հագուստով աշակերտ-պատվո պահակը: Բարձրդասարանցի 2 աշակերտներ ներկայացրին հերոսի կենսագրությունը: 2015թ. Գեւորգը զորակոչվեց Հայոց բանակ եւ հայտնվեց Թալիշում: 10 տարուց ավելի բնակվելով Ռուսաստանում՝ Գեւորգը ընկերների հետ շփվում էր ռուսերենով եւ խնդրում էր նրանց՝ իրեն մայրենի լեզուն սովորեցնել: Առաջին հերոսությունը կատարեց 2015թ. սեպտեմբերին: Թշնամու ձեռնարկած դիվերսիայի ժամանակ վիրավորվում է Գեւորգի մարտական ընկերը, որին գնդակոծության տակից դուրս է բերում նա եւ արժանանում շնորհակալագրի եւ խրախուսական 7-օրյա արձակուրդի: Վիրավոր ընկերը՝ Արսենը, հետո Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն է հայտնել նրա ծնողներին՝ նման խիզախ հերոս ծնելու, դաստիարակելու համար: Պատմեցին աշակերտները հերոսի մասին՝ հուզելով ներկաներին: Այնուհետեւ, ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ զոհված քաջորդիների նկարները ձեռքներին, ներս մտան բոլոր մասնակից-աշակերտներն ու շարվեցին «Ապրելու ապրիլ» խորագիրը կրող պատի թերթի մոտ: Հնչեց «Մատաղիս» երգը՝ որդեկորույս մոր կսկիծը: Մատաղիսի դիրքերում նույնպես այդ օրերին մեր տղաները գործեցին նվիրումով, ու եղան նաեւ զոհեր: «Վե՛ր կաց, եղբա՛յր» երգը նույնպես քաջերին է նվիրված, քաջերին, ովքեր իրենց մարմնով պաշտպանեցին Հայոց տունը, իրենց արյամբ առավել սրբացրին Հող հայրենին, որի մի հատվածն է նաեւ Քարեգահը: Եվ սրբացած այդ հողի վրա ապրող մեր աշակերտները ներկայացնում են քաջին, որն այսուհետ մշտապես ներկա է լինելու իրենց դասերին, ներկայանալու է որպես քաջի կերպար: Ու խոնարհվեցին աշակերտները հերոսների նկարների առաջ: «Խոնարհվում ենք նրանց առաջ, որ պատերազմ գնացին…»: Խոնարհվեցին նաեւ անմահ հերոսների ծնողների առջեւ, որ զավակներ կորցրին: Ընթերցվեց «Քո անունը՝ աղոթք» բանաստեղծությունը: Հերոսի մայրը՝ Կարինե Վարդանյանն է ձոնել սիրասուն որդուն:
«Ահա ելնում է լույսը, արթնանում է օրը,
Ցողը թփին շաղվում, թանկանում է հողը,
Ո՛չ, չես ընկել մարտում,
Չես նվաղել արտում…»:
Այնուհետեւ դպրոցի տնօրեն Գեւորգ Մնացականյանը շնորհավորեց 5-րդցիներին, որ այսուհետ սովորելու են հերոսի անվան դասարանում:
-Սա մեծ պատիվ է ու պարտականություն, որ լավ սովորեք, լինեք արի ու ազգին պիտանի զավակներ,- ասաց Գ. Մնացականյանը՝ հավելելով, որ ապրիլյան այդ օրերին շատ քարեգահցիներ նույնպես կամավոր առաջնագիծ մեկնեցին: «Թող խաղաղ բացվի երկինքը, որ անհոգ ապրի մանկիկը» երգի հնչյունների տակ դուրս բերվեց հայոց Եռագույնը, ավարտվեց ցերեկույթը, իսկ 5-րդցիները պարտավորվեցին տեր լինել Հող հայրենիին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Բանակ և հասարակություն